• Սրբազան Քահանայապետի խորհրդածությունները՝ քահանաների հոգևոր կրթության համար

    Լինել ողորմության անոթ…


    8 հունիսի, 2016թ.

     

     

    2016թ. հունիսի 2–ին Քահանաների Հոբելյանի առթիվ տեղի ունեցավ մեկօրյա հոգեւոր կրթություն, որտեղ Ֆրանցիսկոս Պապը ներկայացրեց իր խորհրդածությունները, եւ որին ներկա էին աշխարհի տարբեր վայրերից ժամանած քահանաներ։

     

    Առաջին խորհրդածությունը՝ «Հեռավորությունից դեպի  Տոնախմբություն» վերնագրով, տեղի ունեցավ Լատերանյան Սուրբ Հովհաննեսի Բազիլիքում, որի հիմնական թեման ողորմությունն էր։

     

    Եթե Ավետարանը ներկայացնում է ողորմությունը՝ որպես Աստծո սիրո գերառատության դրսեւորում, առաջին բանը, որ պիտի անենք, հասկանալն է, թե որտեղ է այսօրվա աշխարհը եւ որ յուրաքանչյուր անձ առավել կարիք ունի սիրո այսպիսի առատության։ Պիտի հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես պիտի ստանանք այս ողորմությունը: Ո՞ր ամուլ եւ չորացած հողերը պիտի ոռոգի կենարար ջրի այս հեղեղը: Ո՞ր վերքերն այս թանկարժեք բալասանի կարիքն ունեն: Ի՞նչ է լքման զգացումը, որ սիրառատ ուշադրություն է աղաչում։ Ի՞նչ է օտարման զգացումը, որ ծարավի է հանդիպման եւ գրկախառնության։

     

    Ձեր խորհրդածությանն եմ առաջարկում Ողորմած Հոր առակը (Ղուկ. 15: 11-31)։ Կարծում եմ, պիտի սկսենք այն պահից, երբ անառակ որդին կանգնած է խոզանոցի մեջտեղում՝ եսասիրության այդ դժոխքում, որտեղ, իր ուզածն անելուց հետո,  ազատ զգալու փոխարեն, ստրկացված էր զգում իրեն: Նայում է, թե ինչպես են խոզերը թեփն ուտում, եւ նախանձում նրանց: Կարոտում է իր տունը: Կարոտում է թարմ թխած հացը, որ ծառաներն իր տանը՝ հոր տանը, ուտում են նախաճաշին: Հայրենիքի կարոտ, հայրենաբաղձություն։ Հայրենիքի կարոտը հզոր զգացմունք է: Ողորմության նման այն մեծացնում է հոգին: Ստիպում է մեզ հիշել բարության մեր առաջին փորձի մասին՝ հայրենիքի, որից հեռացանք, եւ այնտեղ վերադառնալու հույս է արթնացնում։ Կարոտախտի այս անծայրածիր հորիզոնում, երիտասարդը, ինչպես Ավետարանն է պատմում մեզ, խելքի եկավ եւ հասկացավ, որ  թշվառ է եղել։

     

    Եկեք մի պահ մտածենք այս անառակ, բայց սիրելի որդու «ամոթխած արժանապատվության» մասին։ Եթե կարողանանք անվրդով ու հավասարակշռված պահել մեր սիրտը այդ երկու ծայրահեղությունների միջեւ՝ արժանապատվություն եւ ամոթ՝ առանց բաց թողնելու դրանցից որեւէ մեկը, գուցե, կարողանանք զգալ, թե ինչպես է բաբախում մեր Հոր սիրտը՝ լի մեր հանդեպ սիրով։ Կարող ենք պատկերացնել, որ ողորմությունն արյան նման շրջանառվում է նրա մեջ: Նա դուրս է գալիս փնտրելու մեզ՝ մեղավորներիս։ Նա մոտեցնում է մեզ իրեն, մաքրում եւ հետ ուղարկում՝ նոր եւ նորոգված, դեպի ծայրամասերը ողորմություն բերելու բոլորին: Այդ արյունը Քրիստոսի արյունն է, ողորմության նոր եւ հավերժական ուխտի արյունը, որ թափեց մեզ եւ բոլորի համար, մեղքերի թողության համար: Սա է մեր միակ գանձը` միակ բանը, որ պիտի տանք աշխարհին․ արյուն, որ մաքրում է եւ խաղաղություն բերում ողջ իրականությանն ու յուրաքանչյուր մարդու: Տիրոջ արյունը, որ ներում է մեղքերը։ Արյուն, որ ճշմարիտ ըմպելիք է, քանզի արթնացնում է եւ վերակենդանացնում այն ամենը, ինչ մեռած է մեղքերի պատճառով:

     

    Սուրբ Իգնատիուսը ներկայացնում է մեզ իր ժամանակի նրբագեղ մշակույթից  վերցված մի կերպար․ քանի որ հավատարմությունն ընկերների մեջ հավիտենական արժեք է, այն կարող է նաեւ մեզ օգնել: Նա ասում է, որ մեր մեղքերի պատճառով «շփոթություն եւ ամոթ»  զգալու համար  (բայց չմոռանալով Աստծո ողորմության մասին), կարող ենք օգտագործել «ասպետի օրինակը, ով հայտնվում է իր թագավորի եւ ամբողջ դատարանի առջեւ՝ ամոթահար եւ շփոթված՝ նրա հանդեպ ծանր սխալ գործելու պատճառով, ումից մինչ այդ բազմաթիվ նվերներ եւ շնորհներ» էր ստացել։ Սակայն, անառակ որդու նման, ով հայտնվում է տոնախմբության կենտրոնում, այս ասպետն էլ, որ պիտի ամաչեր բոլորի առաջ, հանկարծ տեսնում է, որ թագավորը բռնում է իր ձեռքը եւ վերականգնում իր արժանապատվությունը: Իրոք, թագավորը ոչ միայն խնդրում է նրան հետեւել իրեն պատերազմում, այլ նաեւ նշանակում է նրան իր հասակակիցների ղեկավար: Ինչպիսի՜ խոնարհությամբ եւ հավատարմությամբ այսուհետ կծառայի ասպետը նրան:

     

    Ինչ էլ համարենք մեզ՝ անառակ որդի տոնախմբության կենտրոնում, կամ անհավատարիմ ասպետ՝ վերականգնված արժանապատվությամբ եւ բարձրացված կոչումով, կարեւորն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը զգա այդ պտղաբեր ճնշումը, որ ծնվում է Տիրոջ ողորմությունից․ մենք ներված եւ վերականգնված արժանապատվությամբ մեղավորներ ենք։

     

    Ողորմությունը կարող է ազատորեն ընդունվել եւ սնուցվել կամ ազատորեն մերժվել: Եթե ընդունում ենք այն, մեկը տանում է դեպի մյուսը։ Եթե ընտրում ենք այն արհամարհելը, մեր սիրտը սկսում է սառել։ Ողորմությունը ստիպում է զգալ մեր ազատությունը, որպես Աստծո ազատության հետեւանք, ով, ինչպես ինքն է ասել Մովսեսին, «ողորմած է նրա հանդեպ, ով ողորմած է»։ Իր ողորմությամբ Տերն արտահայտում է իր ազատությունը, իսկ մենք՝ մերը։

     

    Պապի երկրորդ խորհրդածությունը` Ողորմության անոթը

     

    Ողորմության անոթը մեր մեղքն է։ Մեր մեղքը սովորաբար նման է մաղի կամ ծակ դույլի, որից շնորհն արագ դատարկվում է: «Քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը․ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս,  լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել» (Երեմ., 2.13)։ Ահա թե ինչու Տերը ստիպված էր սովորեցնել Պետրոսին, որ պետք է «ներել  մինչեւ յոթանասուն անգամ յոթ»։ Աստված շարունակում է ներել, թեեւ տեսնում է, թե որքան դժվար է իր շնորհն արմատավորել  մեր սրտերի չորացած եւ քարքարոտ հողում: Նա երբեք չի դադարում սերմանել իր ողորմությունն ու ներողամտությունը:

     

    Եկեք ավելի մոտիկից նայենք Աստծո այս ողորմությանը, որը միշտ «ավելի մեծ է»` քան  մեղքի մեր գիտակցումը։ Տերը երբեք չի հոգնում մեզ ներելուց, իրապես, նա նորոգում է տիկերը, որոնց մեջ ստանում ենք այդ ներումը: Նա նոր տիկ է օգտագործում իր ողորմության նոր գինու համար, ոչ թե հինը կամ նորոգվածը։ Այդ տիկը հենց ողորմությունն է․նրա ողորմությունը, որ մենք զգում ենք եւ, ապա ցույց տալիս ուրիշներին օգնելով։ Սիրտը, որին հայտնի է ողորմությունը, հին կամ նորոգված չէ, այլ` նոր ու վերստեղծված։ Դա է սիրտը, որի համար Դավիթն աղոթել է. «Մաքուր սիրտ ստեղծիր ինձ համար, ո՜վ Աստված, անսասան ոգի տուր ինձ» (Սաղ 50:12): Նորովի ստեղծված սիրտը լավ անոթ է, այն այլեւս կոտրված եւ ծակ չէ։

     

    Ողորմության լավագույն կիրառողները նրանք են, ովքեր գիտեն, որ իրենք էլ են ներվել եւ ուղարկվել  են օգնելու ուրիշներին: Տեսնում ենք սա թմրամոլության խորհրդատուների մոտ․ նրանք, ովքեր հաղթահարել են սեփական կախվածությունը, կարող են լավագույնս հասկանալ, օգնել եւ մարտահրավեր նետել ուրիշներին։ Լավագույն խոստովանահայրերը սովորաբար լավ ապաշխարողներ են: Գրեթե բոլոր մեծ սրբերը եղել են մեծ մեղավորներ:

     

    Ողորմության իրական անոթն այն ողորմությունն է, որ մեզանից յուրաքանչյուրը ստացել է, եւ որը մեր մեջ նոր սիրտ է ստեղծել: Սա է «նոր տիկը», որ  նկատի ուներ Հիսուսը (Ղուկ․ 5: 37)՝ «բուժված վերք» ասելով:

     

    Այստեղ ավելի խորությամբ ենք հասկանում Որդու՝ Հիսուսի խորհուրդը, ով Հոր ողորմության մարմնացումն է։ Այստեղ եւս՝ Հարուցյալ Տիրոջ վերքերի մեջ, կարող ենք գտնել ողորմության անոթի հստակ պատկերը: Այդ վերքերը հիշեցնում են մեզ, որ Աստծո կողմից ներված մեր մեղքերի հետքերը երբեք ամբողջովին չեն բուժվում կամ անհետանում․սպիերը մնում են։ Սպիերը զգայուն են, ցավ չեն պատճառում, բայց հիշեցնում են մեզ մեր հին վերքերի մասին։ Աստծո ողորմությունն այս սպիերում է։ Հարուցյալ Քրիստոսի սպիերի մեջ՝ ձեռքերի ու ոտքերի վերքերի նշանների մեջ, ինչպես նաեւ նրա խոցված սրտում, գտնում ենք մեղքի եւ շնորհի իրական իմաստը: Եթե խորհենք Տիրոջ վիրավոր սրտի մասին, կտեսնենք, որ Նրա եւ մեր սրտերը նման են․ երկուսն էլ խոցվել են եւ հարություն առել: Բայց գիտենք, որ նրա սիրտը մաքուր սեր էր եւ խոցվել էր, որովհետեւ ինքն էր կամեցել, որ այդպես  լինի, իսկ մեր սիրտն ամբողջովին վերքերով էր պատված, որը բուժվեց, որովհետեւ թույլ տվեց, որ իրեն սիրեն։

     

    Քահանայապետը եզրափակեց՝ առաջարկելով ներկաներին աղոթել «Ողորմե՛ա ինձ Աստված»  սաղմոսը, որն աղոթում են ամեն  ուրբաթ Առավոտյան Աղոթքի ժամանակ: Դա  «խոնարհ եւ զղջացող սրտի» գովաբանումն է, որ կարող է խոստովանել իր մեղքն Աստծո առաջ, ում հավատարմությունն ավելի մեծ է, քան որեւէ մեղք:

     

    Zenit լրատվական գործակալության անգլերեն հրապարակված տեքստից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

     

Օրացույց

Օրացույց