«Այս տարի Երիտասարդաց համաշխարհային օրերին առաջին անգամ հայերենով աղօթք կբարձրացվի առ Աստված»:
7 հունիսի, 2016թ
2016թ. հունիսի 4-ին Թորոսգյուղի հայ կաթողիկէ «Աղաջանյան» ճամբարում տեղի ունեցավ ևս մեկ ընդհանրական երիտասարդական հավաք` համախմբելով Հայաստանի ու Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների շուրջ 250 երիտասարդների: Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվան ընդառաջ այս հավաքը` 2016թ չորրորդ նախապատրաստական հանդիպումն էր: Նպատակն էր՝ կաթողիկէ համայանքներում ապրող երիտասարդությանը պատրաստել ուխտագնացությանը՝ նվիրում ցուցաբերելով Եկեղեցուն, ի հայտ բերելով նոր կոչումներ և խթանելով երիտասարդների միջհամայնքային կապի ամրապնդումը:
Հանդիպման սկիզբն ազդարարեց Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը՝ ողջույնի խոսքով, որից հետո Հայր Ռաֆայելը երիտասարդներին ներկայացրեց այն պահանջները, որոնք ուղղված են երիտասարդությանը ԵՀՕ օրերի համար:
«Սիրելի՛ երիտասարդներ, այսօր շատ ուրախ եմ՝ ձեզ դարձյալ տեսնելու այստեղ: Մեկ ու կես ամիս մնաց՝ մեր Լեհաստան մեկնելուն: Եվ մեր պատրաստությունը պետք է, որ իսկապես ավելի լուրջ լինի: Մեր նախորդ հանդիպումների ընթացքում, մենք՝ հոգևորականներս, ձեզ ասել ենք, որ մենք չենք գնում տուրիստական ճանապարհորդության նպատակով, այլ մեր այսքան ամիսների պատրաստությունը ուխտագնացության համար է: Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը մեզ Լեհաստան է հրավիրում համաշխարհային երիտասարդաց օրվա համար: Հռոմի պապը միշտ հրավիրում է: Այդ օրերին տարբեր երկրների կաթողիկէ երիտասարդությունը հնարավորություն կունենա հանդիպելու Սրբազան Քահանայապետին ու աղոթելու նրա հետ միասին: Եթե մենք ուզում ենք հանդիպել Հռոմի պապի հետ, մասնակցել այս համաշխարհային օրերին տեղի ունեցող իրադարձությունը Իր հետ միասին, ապա մենք պետք է ունենանք հոգևոր պատրաստություն: Մենք գնում ենք Լեհաստան՝ ոչ միայն օտար երկիր տեսնելու, մենք գնում ենք, որ նաև ցույց տանք ինչպես է մեզ մոտ՝ մեր քրիստոնեական կյանքը: Բոլորը գիտեն, որ Հայաստանն է եղել առաջինը, որ ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Հոգևորականները, երիտասարդները Լեհաստանում սպասում են մեզ, շատ են սպասում: Իրենց պատրաստությունը մեծ է: Նրանք մեզ համար շատ են տանջվում: Մեր Սրբազան Հայրը՝ արքեպիսկոպոս Մինասյանը, ամեն բան անում է Ձեզ համար, որ դուք կարողանաք այդ օրերն անցկացնել լավագույն կերպով: Սա ոչ միայն հավատքի հարց է, այլ նաև մարդկային հարց է: Մենք պետք է լինենք շնորհակալ Աստծուն և այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ կգնանք այս կարևոր ու հոգևոր ուխտագնացությանը: Եվ դրա համար էլ պետք է նախևառաջ պատրաստված լինենք հոգով, որովհետև մենք, բոլորս ՝ աշակերտներ ենք՝ Հիսուսի աշակերտները: Պետք է հիշենք նաև, որ այս տարի Երիտասարդաց համաշխարհային օրերին առաջին անգամ հայերենով աղօթք կբարձրացվի առ Աստված»:
Հավաքը շարունակեց ԵՀՕ հայաստանյան խմբի պատասխանատուներից Սիրանուշ Մինասյանը, ում օգնությամբ երիտասարդները լրացրեցին դիմում հայտերի թերթիկները:
Ընդմիջման ընթացքում երիտասարդները մեծ ոգևորությամբ սկսեցին միմիանց ուրախացնել իրենց երգերով, պարերով և գործիքային կատարումներով:
Յուրաքանչյու ազգ ունի իրեն բնորոշ ու հատուկ դիմագիծը: Հայաստանը այդ օրերին ևս ներկայանալի պետք է լինի իր ազգային ու մշակութային ինքնությունով: Ազգագրական պարերին զուգահեռ երիտասարդները միասին սովորեցին նաև լեհական ազգային պար:
Հայր Գառնիկը մեզ հետ զրուցի ընթացքում նշեց, որ Երիտասարդները այս հոգևոր, մեծ ու արժեքավոր առաքելությանը մոտենում են քաջ գիտակցումով ու նվիրումով:
«Վստահ եմ և լիահույս, որ արդեն մեր երիտասարդները գիտակից են, թե ինչի համար են գնում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը հասավ այն գիտակցմանը, որ ինքը նախևառաջ գնում է ուխտագնացության՝ աղօթելու Սրբազան Քահանայապետի հետ միասին: Իմ հորդորն է այսօր մեր հայ երիտասարդներին, որ մենք Հայաստանը իրապես ներկայացնենք վայելուչ կերպով, ներկայացնենք Հայաստանը, ինչպես, որ պետք է ներկայացնել: Եվ ուրիշ մի բան պետք է ասեմ մեր այսօվա երիտասարդությանը, որ լինեն, ինչպես Սուրբ Պողոս առաքյալը իր նամակներից մեկում ասում է ՝ երիտասարդությունը լինի ժուժկալ, լինի հնազանդ, լինի խոնարհ և, ամենակարևորը, լինի աղօթասեր երիտասարդ, որովհետև այսօր Սրբազան Քահանայապետը մեզանից պահանջում է, որ երիտասարդությունը լինի աղօթասեր, որպեսզի իր ամբողջ համայնքի համար լինի տիպար»:
Իսկ Տեր Նարեկ Թադևոսյանն էլ ընդգծեց, որ երիտասարդները նման համաշխարհային մասշտաբ ունեցող եկեղեցական միջոցառմանը մասնակցելու համար պետք է ունենան միասնական հոգևոր նպատակ իրենց առաքելության խորհրդին հասնելու համար:
«Հիմա շատ կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն գիտակից, որպեսզի կարողանան մասնակցել երիտասարդաց համաշխարհային օրվան: Բնականաբար, անձը պետք է ունենա հավատք, որպեսզի այդ հավատքով կարողանա գործողություններ կատարել: Նրանք պետք է կարողանան իր տեսածը բերել իրենց համայնքներ և իրենց համայնքերում էլ տարածել, լինեն իրենց ժողովրդապետների կողքին: Նրանք, այսպիսով նեցուկ կլինեն հոգևորականներին»:
Այս հավաքի միջոցով կաթողիկէ երիտասարդները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան համախմվելու ու հասկանալու եկեղեցական կյանքի խորհուրդն ու նշանակությունը:
Հանդիպման ավարտին Արժ. Տեր Անտոն քհն. Անտոնյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Տեր Անտոնը երիտասարդներին հորդորեց լինել ավելի ուղղամիտ, ապրել քրիստոնավայել կյանքով: