• Հետևել Սուրբ Կույսի օրինակին.Սրբազան Պապի առավոտյան քարոզը

    «Դուրս գալ՝ ծառայելու եւ ուրիշներին հանդիպելու, մեկ այլ անձի գրկելու համար»:


    2 հունիսի, 2016թ.

     

     

    Սուրբ Կույս Մարիամի օրինակը, որ ուրախությամբ օգնության ձեռք է մեկնում ու ծառայում, այն օրինակներից է, որին պիտի հետևեն բոլոր քրիստոնյաները, եթե  ուզում են ճշմարիտ քրիստոնյաներ լինել, – ասաց Ֆրանցիսկոս Պապը 2016թ. մայիսի 31-ի առավոտյան Սանթա Մարթայի տաճարում մատուցած Սբ. Պատարագի ժամանակ։

     

    Ըստ Վատիկանի Ռադիոյի, Ֆրանցիսկոս Պապը, հիմնվելով Մարիամի այցելության տոնի ընթերցումների վրա, օրինակ է բերում Մարիամի վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը դրսևորվում է Եղիսաբեթին այցելության մեջ։ Նա գովաբանում է Եկեղեցում այն կանանց սերունդներին, ովքեր հետեւել են Մարիամի օրինակին։

     

    «Դեմքի  ծամածռված կամ ջղային արտահայտությամբ քրիստոնյաները, տխուր քրիստոնյաները շատ տգեղ են: Դա, իրոք, տգեղ է, տգեղ, այլանդակ։ Նրանք լիարժեք քրիստոնյա չեն։ Կարծում են, որ քրիստոնյաներ են, բայց լիովին այդպիսին չեն: Սա է քրիստոնեական պատգամը», – ասաց նա: «Եվ ուրախության այս մթնոլորտում, որ այսօրվա Պատարագը տալիս է մեզ՝ որպես պարգեւ, կցանկանայի ընդամենը երկու բան ընդգծել. նախ,՝ վերաբերմունքը, երկրորդը՝ փաստը: Վերաբերմունքը ծառայություն է կամ օգնություն՝ ուրիշներին»:

     

    Պապն ընդգծեց, թե ինչպես է Ավետարանը նկարագրում, որ Մարիամն անմիջապես եւ առանց վարանելու ճանապարհ է ընկնում՝ իր զարմուհուն այցելելու, չնայած իր հղիությանը եւ վտանգներին: Այս 16 կամ 17-ամյա  երիտասարդ աղջնակը ցույց տվեց իր քաջությունն՝ անմիջապես վեր կենալով ու ճանապարհ ընկնելով։

     

    «Կանանց քաջությունը. խիզախ կանայք, ովքեր ներկա են Եկեղեցում, նման են Մարիամին։ Այս կանայք, ովքեր առաջ են տանում իրենց ընտանիքները, ովքեր պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակության համար, ովքեր ստիպված են դիմակայել այդքան դժվարությունների, ցավի, կանայք, ովքեր խնամում են հիվանդների … համարձակ են: Նրանք վեր են կենում ու օգնում այլ մարդկանց: Ուրիշներին ծառայելը քրիստոնեական հատկանիշ է։ Նա, ով չի ապրում  մարդկանց ծառայելու համար, չի ծառայում կյանքին: Մյուսներին ծառայելը եւ ուրախությամբ դա անելն այն վերաբերմունքն է, որ ցանկանում եմ ընդգծել այսօր։ Կա ուրախություն ու նաեւ ծառայություն՝ ուրիշներին»:

    Սրբազան Քահանայապետը նշեց, որ Մարիամը կարողացավ ծառայել Եղիսաբեթին, քանի որ գնաց նրա մոտ:

     

    Ֆրանցիսկոս Պապի խոսքերով, եթե կարողանայինք սովորել այդ երկու բաներ՝ ծառայել եւ գնալ դեպի ուրիշները, աշխարհը բոլորովին կփոխվեր:

     

    «Ուրիշներին օգնության ձեռք մեկնելը ևս մեկ քրիստոնեական նշան է։ Անձինք, ովքեր նկարագրում են իրենց որպես քրիստոնյա, եւ չեն կարող ընթանալ դեպի ուրիշները, գնալ եւ հանդիպել նրանց, լիովին քրիստոնյա չեն։ Ծառայելը եւ դեպի ուրիշներն ընթանալը պահանջում են դուրս գալ սեփական անձից․ դուրս գալ՝ ծառայելու եւ ուրիշներին հանդիպելու,  մեկ այլ անձի գրկելու համար։ Մարիամի՝ ուրիշներին ծառայելու միջոցով, այդ հանդիպման միջոցով, մեր Տիրոջ խոստումը նորոգվում է եւ ստիպում, որ այն տեղի ունենա հիմա, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ։ Եվ դա, իրոք, մեր Տերն է, ինչպես լսեցինք առաջին ընթերցման ժամանակ․ «Տեր Աստված քո մեջ է», – Տերն օգնում է ուրիշներին, Տերը հանդիպում է նրանց»:

     

     

    Zenit լրատվական գործակալության կայքից թարգմանեց Նարինե Աղասարյանը

     

Օրացույց

Օրացույց