Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։
1 հունիսի, 2016թ.
2016թ. մայիսի 30-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Տոլենդինացի եկեղեցում` Հայ Կաթողիկէ Պատրիարքական` Բեյրութի թեմի օգնական Արհ. Գերապայծառ Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանի նախագահությամբ տեղի ունացավ Արժ. Տեր Միքայել սարկավագի հուղարկավորության արարողությունը: Ներկա էին Լևոնյան վարժարանի տեսչական և աշակերտական կազմը, Մխիթարյան միաբանության հայրեր, Անարատ Հղության առաքինազարդ հայ քույրեր, Ռադիովատիկանի տնօրինության ներկայացուցիչներ և աշխատակիցներ, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մամլո քարտուղար` Հայր Ֆեդերիկո Լոմբարդին, Արդարության և Խաղաղության Քահանայապետական խորհրդի քարտուղար` Գերպ. Թոմազին, հոգևոր հայրեր, ինչպես նաև սրկ. Տեր Միքայելի հարազատներն ու ծանոթները:
Միշել Ճենճյանը ծնվել է 1945թ. հուլիսի 13-ին Հալեպում, ուր և անցել է նրա մանկությունը: Երիտասարդ տարիքում Միշելի ծնողները նրան ուղարկում են սովորելու Լիբանանի Զմմառի նորընծայարանը, ապա 18 տարեկանում նրան ուղարկում են սովորելու Հռոմի Լևոնյան վարժարան` ուր և ուսանում է Փիլիսոփայություն և Աստվածաբանություն բաժիններում: Ուսումը ավարտելուց հետո վերադառնում է իր ծննդավայր և նվիրվում Եկեղեցու ծառայությանը: Միևնույն ժամանակ, Միշելը ընտրում է ամուսնական կյանքը և ամուսնանում Սոնա Նյուրբեթլեյանի հետ: Կարճ ժամանակ անց, Միշելը նրա հետ տեղափոխվում է ապրելու Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Այստեղ ծնվում են նրանց երկու դուստրերը` Քրիստին ևՄիշելը:
Ութսունական թվականներին, այդ ժամանակվա Հռոմի Լևոնյան Վարժարանի մեծավոր` Հայր Գևորգ Վրդ. Զապարյանը, Տեր Միշել Ժանժեին խնդրում է տեղափոխվել Հռոմ և իրեն աջակցել, Ռադիովատիկանի հայկական բաժնի գործունեությունը առաջ տանելու նպատակով։
1991 թ-ին Միշել Ժանժեն հաջորդում է Հայր Գևորգ Վրդ. Զապարյանին և դառնում Ռադիովատիկանի հայկական բաժնի տնօրենը: Նա այն պաշտոնավարում է մինչեւ 2011 թվականը: Միևնույն ժամանակ Միշել Ժանժեն նվիրվում է Հռոմի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն ու Հռոմի Հայ համայնքի ծառայությանը:
Սարկավագ Միշել Ժանժեն սարկավագական կարգը ընդունել է 1994.թ-ի հունվարի 16-ին: Բոլորի կողմից նա ճանաչված էր որպես բազմակողմանի գիտությամբ և ձիրքերով օժտված մի անձ. օրինակելի և համեստ, խոնարհ և պատրաստական նվիրումով ու մանավանդ անձնազոհ ծառայությամբ Եկեղեցուն ու համայնքին:
Ռադիովատիկանի հայկական բաժնի տնօրենի պաշտոնը թողնելուց հետո էլ, Միշել Ժանժեն շարունակում էր թիկունք կանգնել Ռադիովատիկանի անձնակազմին ու սատարել նրանց գործունեությունը:
2016թ. մայիսի 28-ին Միշել Ժանժեն Ռադիովատիկանի հայական բաժնի 50 ամյակի գործունեության տարեդարձի առթիվ, մեծ ուրախությամբ օգնում է տոնակատարության պատրաստություններին: Սական, նույն օրը առավոտյան Միշել Ժանժեն իր հոգին ավանդում է առ Աստված:
Լևոնյան վարժարանի Սուրբ Նիկողայոսի հայկական եկեղեցին լի էր հավատացյալների բազմությամբ, իսկ սա վկայում է այն մասին, որ Միշելը սիրված ու հարգված մարդ էր: Իր խոսքում նշեց Արհ. Տեր Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը:
«Սիրելի Միշել, ես երբեք չէի ուզենա այսօր այստեղ գտնվել ու ականատես լինել այս արարողությանը, կնախընտրեի քեզ տեսնել իմ հետ խորանին վրա, ես երբեք չէի սպասում, որ այսօր քու թաղումը կկատարեմ:
«Ան ցորենի նման ցանուեցաւ աշխարհի վրայ ու դարձաւ պտղաբեր ամենուրէք տարածելով ժպիտ ու բարիք»:
«Պարտականությունդ եղավ լիուլի Աստծո խոսքը հասցնելու ամեն տեղ: Ողբում եմ քեզ համար, առանց համոզվելու, որ դու մեկնել ես իսկապես: Շնորհակալ ենք քո բարի օրինակի, զոհողություններիդ համար. Դու,՛ որ ոչ չասեցիր եւ ոչ մեկին, բոլորին հասար ու բոլորին տվիր ժպիտ եւ ուրախություն»:
Ապա Գերապայծառ Ասատուրյանը ննջեցյալի հարազատներին ու բոլոր ներկաներին փոխանցեց Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ ցավակցությունները, ինչպես նաև այն մարդկանց մխիթարական խոսքերը, ովքեր չէին կարողացել մասնակցել հուղարկավորությանը:
Խօսք առավ նաև Լևոնյան վարժարանի մեծավոր` Գերհարգելի Նարեկ Ծ. Վ. Նամոյանը, ով նշեց թե հանգուցյալի համար Եկեղեցին ու Վարժարանը եղել են նրա օջախը: Ապա հավելեց, որ հայ կաթողիկէ Եկեղեցին կորցրեց մի մեծ նվիրյալ ծառա:
Վատիկանի Ձայնասփյուռի տնօրինության անունից խօսք առավ Ֆեդերիկո Լոմբարտին, ով բարձր գնահատեց հանգուցյալի Ռադիովատիկանի մեջ մատուցած 30 տարվա ծառայությունը և աշխատանքը, նշելով, որ Միշելը բոլորի կողմից սիրված անձ էր ու ծառա Եկեղեցու ու իր ազգի համար:
Իր խոսքը ուղղելով Միշելի տիկնոջն ու աղջիկներին Ֆեդերիկո Լոմբարտին ասաց.
«Ցավում և ողբում եմ նրա մահը»:
Հայր Լոմբարտին իր խոսքից հետո, կարդաց նաև Զմմառի Վանքի մեծավորի ցավակցական նամակը:
Բոլոր ցավակացական խոսքերից հետո Միշել Ժանժեի դուստրերը` Միշելը և Քրիստին գեղեցիկ խոսքերով հիշեցին իրենց հոր առաքելությունները և շնորհակալություն հայտնեցին իրենց հորը՝ բարի հիշատակների ու ուսուցումների համար:
Ըստ Ռադիո Վատիկանի հայկական բաժնի հրապարակման