• Սրբազան Քահանայապետի քարոզը՝ սարկավագական ծառայության մասին

    «Սարկավագները պետք է լինեն Աստծո, այլ ոչ, թե իրենց օրակարգի ծառայողները»:


    1 հունիսի, 2016թ.

     

     

    2016թ. մայիսի 29-ի առավոտյան՝ սարկավագների հոբելյանական տոնին, Վատիկանի հրապարակում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նախագահեց Սուրբ Պատարագը, որին մասնակցեցին հարյուրավոր սարկավագներ: Հռոմի Պապի խոսքերի համաձայն սարկավագների կոչումը և ծառայությունը պետք է լինի անկեղծ ու համեստ, քանի որ ծառայողներից առաջին օրինակը Հիսուս Քրիստոս Ինքն է: Մեջբերելով Եկեղեցու Հայրերից մեկի խոսքը՝ Սրբազան Քահանայապետը նշեց, որ հենց Տերն Ինքն է եղել սարկավագը, իսկ Սբ. Պողոսը Գաղաթացիներին ուղղված Նամակում իրեն անվանում է և՛ առաքյալ, և ՛ծառա:

     

    Պապը ընդգծեց. «Դրանք նույն մեդալի երկու կողմերն են», քանի որ «Նա, ով քարոզում է Քրիստոսին, կոչված է ծառայելու, իսկ նա ով ծառայում է, քարոզում է Քրիստոսին»:

     

    Եթե ավետարանացման առաքելությունը յուրաքանչյուրի քրիստոնյայի տրվում է Մկրտության խորհրդի ժամանակ, ապա ծառայությունն է դառնում այդ առաքելության ձևը, միայն այդպես կարելի է դառնալ Հիսուսի իսկական աշակերտը: Վստահված առաքելությունը ճիշտ իրագործելու համար անհրաժեշտ է ամենօրյա վարժանք՝ «անկեղծություն՝ դիմացինի նկատմամբ», և կյանքի զոհողություն, քանի որ, իրական ծառայողը չի կարող լինել «իր ժամանակի նախանձախնդիր պահապանը, նա հրաժարվում է այդ իրավունքից»: Անկեղծ ծառայողը միշտ պատրաստ է ընդունելու ուրիշին, նա պատրաստ է «Աստծո ամենօրյա հրաշքներին», անգամ ազատ ժամանակի և սիրված զբաղմունքների հաշվին:

     

    Մի կողմ դնելով պատրաստի տեքստը՝ Ֆրանցիսկոս Պապը նշեց, որ ծառայողը չի կարող սահմանափակվել միայն աշխատանքային ժամերով.

     

    «Իմ սիրտը ցավում է, երբ ծխական համայնքներում տեսնում եմ օրակարգը, աշխատանքի ժամերը: Եվ ի՞նչ է լինում հետո: Իսկ հետո՝ փակ դռների, չկա ո՛չ քահանա, ո՛չ սարկավագ, ո՛չ աշխատող, որպեսզի ընդունի մարդկանց… Դա ցավալի է: Պետք չէ սահմանափակվել միայն օրակարգով»:

     

    Ավետարանը շատ պատմություններ ունի տերերի  և ծառաների մասին:

     

    Ավետարանում պատմվում է մի հռոմեացի հարյուրապետի մասին, ով Հիսուսին խնդրում է բուժել իր ծառային: Ֆրանցիսկոս Պապը նշեց, թե որքան զարմանալի է այն  խորին հնազանդությունը հրամանին, որը թույլ չի տալիս բանակի սպային անհանգստացնել Ուսուցչին:

     

    «Հիսուս հիանում է այդ խոսքերով: Նրան ապշեցնում է հարյուրապետի հնազանդությունը, հեզությունը: Հնազանդությունը սարկավագների արժանիքներից մեկն է: Երբ սարկավագը հեզ է, նա ծառայող է, նա քահանա չի խաղում: Հռոմեացի հարյուրապետը կարող էր ձայնը վրդովված բարձրացնել, համառորեն պնդել և պահաջել Հիսուսից իր տուն գնալ: Սակայն նա սահմանափակվում է քչով, չի բղավում և չի ցանկանում անհանգստացնել, նա հնազանդ ու հեզ է: Նա իրեն պահում է Աստծո նման՝ գուցե, չիմանալով այդ մասին, Հիսուսի նման, Ով հնազանդ ու հեզ է սրտով»:

     

    Ըստ Ֆրանցիսկոս Պապի, այդպիսին են «հեզ ու հնազանդ քրիստոնեական ծառայության բնորոշ գծերը, որն է՝ ընդօրինակել Աստծուն և ծառայել ուրիշներին, սիրով և համբերությամբ ընդունել մարդկանց, փորձել նրանց հասկանալ և թույլ տալ նրանց ընդունված զգալ եկեղեցական համայնքում, որտեղ ամենամեծը նա չէ, ով հրամայում է, այլ նա՝ ով ծառայում է: Եվ երբե՛ք չհանդիմանեք մարդկանց, երբե՛ք»:

     

    Իր քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը ասաց.

    «Մեզանից յուրաքանչյուրը շատ թանկ է Աստծուն, Ով սիրեց, ընտրեց և կոչ արեց մեզ ծառայելու: Նախ և առաջ մենք ներքին ապաքինման կարիք ունենք: Պիտանի լինելու համար մենք պետք ունենաք Աստծո կողմից ապաքինված առողջ սրտի:

     

    Սիրելի սարկավագներ ամեն օր աղոթե՛ք այդպիսի շնորհի համար՝ Աստծուն բերելով ձեր դժվարությունները, չնախատեսված հանգամանքները, հոգնածությունը և հույսերը»:

     

     

    Թարգմանությունը կատարված է Ռադիո Վատիկանի ռուսական բաժնի հրապարակումից:

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց