Սբ. Պատարագ՝ ձեռամբ Հոգշ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի:
31 մայիսի, 2016թ.
2016թ. մայիսի 29-ին՝ Եկեղեցւոյ տօնին, այցելեցինք Փանիկ, որտեղ Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց ժողովրդապետ Հոգշ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը:
Իր քարոզում նա ասաց հետևյալը.
«Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, այսօր ընդհանրական եկեղեցին տոնում է «Տօն Եկեղեցւոյ»: Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրից է եկել այս տոնը: Երեկ՝ մայիսի 28-ին հայ Եկեղեցին տոնեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: Ինչպես գիտենք, Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի փակված է մնում այնտեղ, սակայն աստվածային նախախնամությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը դարձավ առաջին կաթողիկոսը Հայաստանում: Եվ այստեղ՝ այս եկեղեցում ունենք շատ գեղեցիկ մի նկար, որտեղ պատկերված է, թե ինչպես Սբ. Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին: Եվ մենք այսպես, հայ ազգը առաջին ազգն է, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:
Ինչպես տեղյակ եք, Սրբազան Քահանայապետը Հայաստան այցի ժամանակ պիտի այցելի նաև Խոր Վիրապ: Վստահ, պետք է հարցնեք թե ինչու: Սրբազան Քահանայապետը Խոր Վիրապ կայցելի, քանի որ այդ գբից է քրիստոնեությունը առաջ եկել Հայաստանում: Հայ Եկեղեցին հիմնադրվեց Խոր Վիրապի լույսից: Հռոմում սկիզբ առավ Ընդհանրական կամ Կաթողիկէ Եկեղեցին և Ֆրանցիսկոս սրբազանը լինելով Պետրոս առաքյալի հաջորդը և քրիստոնեության առաջին ռահվիրան, սրա համար էլ պետք է այցելի Խոր Վիրապ՝ որպես երկու Եկեղեցիների՝ Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու և Հայ Եկեղեցու միության խորհրդանիշ: Ֆրանցիսկոս Քահանայապետը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ միասին պետք է աղօթի մեր հավատքի հաստատման, հայոց հավատքի հաստատման համար:
Շատ գեղեցիկ էր այսօրվա ժամամուտը, որտեղ ասվում է.«Խաղաղություն շնորհեա՛ քո Եկեղեցւոյ»: Ժամամուտը կոչ է խաղաղության՝ եկեղեցու համար: Եկեղեցին այսօր կա և կմնա հավիտյանս հավիտենից: Եկեղեցին մենք ենք, սիրելի՛ հավատացյալներ: Կենդանի քարերը մեր Եկեղեցու մենք ենք՝ հավատացյալներս: Ուստի ամեն մեկը մեզանից թանկագին մի քար է եկեղեցու համար, Հիսուսի համար»:
Ապա Հայր Գառնիկը շարունակեց խոսել արդեն այն վարդապետների մասին, ովքեր մեծ գործունեություն են ծավալել համայնքի զարգացման գործում.
«Այսօր, մենք նշելով Եկեղեցու տոնը, ունենք պարտականություն՝ աղօթելու և մեր հարգանքի և սիրո տուրքը մատուցելու մեր հոգևոր երեցներին, հովիվներին, ովքեր աշխատել են Հայաստանում, մասնավորապես, Փանիկ համայնքում: Նախ պետք է հիշենք Ներսես Արքեպս․ Տեր–Ներսէսյանին, ով 1991-2005թթ. եղել է առաջին առաջնորդը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց: Նաև պետք է հիշենք ու աղօթենք վաստակաշատ Հ. Կոմիտաս վրդ. Մանուկյանի համար, ով երկար տարիներ լայն գործունեություն է ծավալել, ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ կյանքում։ Հայր Կոմիտասը մաքրել է եկեղեցու տարածքը: Եկեղեցուն կից կառուցել մի գեղեցիկ քահանայատուն, վերանորոգել հիվանդանոցը և այն ամենը, ինչ մենք ունենք հիմա, նրա շնորհիվ է: Պետք է աղօթենք նաև Հայր Անտոն վրդ. Ճիվանյանի համար»:
«Տօն Եկեղեցւոյ»-ն այս համայնքում առավել իրադարձային դարձավ, քանի որ եկեղեցու բակում կատարվեց հուշաղբյուրի բացման արարողություն՝ ի հիշատակ Արհ. Տ. Ներսես արքեպս. Ներսիսյանի, Հ. Կոմիտաս վրդ. Մանուկյանի և Հ. Անտոն վրդ. Ջիվանյանի: Նրանք այն վարդապետներից են. ովքեր մեծ ներդրում են ունեցել Փանիկի հայ կաթողիկէ համայնքում: Ապա Հայր Գառնիկ վրդ, Հովսեփյանը կատարեց հուշաղբյուրի օրհնության կարգը:
Հայր Գառնիկը հուշաղբյուրի օրհնության արարողությունից հետո իր խոսքն ուղղեց հավատացյալներին.
«Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, այսօր միասին, միաշունչ, միահոգի հավաքված ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու ենք մեր հոգևոր երեցներին: Այս եկեղեցու մեջ կաթողիկէ վարդապետները աղօթոցին ձեզ համար, մկրտեցին ձեզ և ձեր զավակներին և դրա համար էլ այսօր վայելում ենք Աստծո փառքը և պատիվը: Աստված իրենց հոգիները լուսավիրի և դասավորի Երկնքի Արքայության մեջ»:
Հուշաղբյորը բացվել է հայ կաթողիկէ եկեղեցու, ինչպես նաև Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքի պատասխանատու Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ ու միջոցներով: Վարդան Կարապետյանի համար մեծ պատիվ է, որ նա կարող է իր ներդրումն ունենալ եկեղեցու բարելավման, բարենորոգման ու զարգացման գործում:
Հ. Գառնիկը իր խոսքում հորդորեց հավատացյալներին, որ ամեն անգամ այս ջուրը խմելուց աղօթեն այն երեցների համար, ովքեր իրենց նվիրվածությունը, սերն ու ջանքն են դրել ի փառս Եկեղեցվո և համայնքի բարգավաճման:
Լիլիթ Մկրտչյան