Սբ. Էջմիածինը Ընդհանրական Եկեղեցու՝ Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի անբաժանելի մասն է, Հայ Եկեղեցու հոգևոր օրրանը:
29 մայիսի, 2016թ.
2016թ. մայիսի 29-ին Հայ Եկեղեցին նշում է Եկեղեցու տոնը:
«Տօն Եկեղեցւոյ»-ն Հայ Եկեղեցու մեծ տոներից է, ունի նաև այլ անվանումներ՝ «Տօն Կաթողիկէ Եկեղեցւոյ» կամ «Տօն Էջմիածնի»:
«Տօն կաթողիկէ Եկեղեցւոյ» արտահայտությունը ծիսագետ Գերհ. Հ. Անդրանիկ ծ.վրդ. Կռանյանը բացատրում է երկու կերպ:
Ըստ նրա, առաջին իմաստով, «Կաթողիկէ Եկեղեցին» Էջմիածնի Մայր տաճարն է, ուստի այս տոնը` նրա կառուցման տոնն է: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, որտեղ Միածինը երկնքից իջնելով` Գրիգորին ցույց տվեց այն վայրը կամ հեթանոսական մեհյանը, որի վրա կառուցվելու էր ապագա տաճարը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ, 303թ-ին կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկէ Մայր Տաճարը: Մայր Տաճարը առաջին անգամ ավերվեց 380թ.՝ պարսիկների կողմից, Մերուժանի գլխավորությամբ և նորոգվեց Վահան Մամիկոնյանի կողմից:
Տոն «Կաթողիկէ Եկեղեցւոյ» արտահայտությունը պատմական երկրորդ նշանակությունն ունի:
Գրիգոր Լուսավորիչը խոր վիրապից դուրս գալուց հետո` Սուրբ Եկեղեցուն նվիրված մի տոն հաստատեց, որի նմանը Ասորի եկեղեցին նույնպես ունի: Լուսավորչի կողմից հաստատած այս տոնը` Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու պատվին է՝ առանց Էջմիածին ի մասնավորի ակնարկելու: Հետագայում է, որ «Տօն Եկեղեցւոյ» Էջմիածնին վերագրվեց:
Մաղաքիա Օրմանյանը երկու իմաստները կամ տոները իրար միացրեց, ասելով. «Միածնի իջումն ու Հայ Եկեղեցւոյ հաստատութիւնը թե’ ընդհանրապէս Քրիստոսի Եկեղեցւոյ եւ թէ’ ի մասնաւորի Հայ Եկեղեցւոյ տօնն է»:
Երկու իմաստներով էլ մեկ բան հստակ է, որ պատմականորեն Սբ. Էջմիածինը՝ որպես Հայ Եկեղեցու հոգևոր օրրան, ընկալվել է Ընդհանրական Եկեղեցու հետ միության մեջ՝ որպես Քրիստոսի խորհրդավոր Մարմնի մեկ անբաժանելի անդամը, որից սկիզբ առավ Հայ Եկեղեցին:
Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին:
Լիլիթ Մկրտչյան