«Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27)
27 մայիսի, 2016թ.
2016թ. մայիսի 28-ին Հայ Եկեղեցին կհիշատակի «Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապէն» տոնը:
Սա Հայ եկեղեցու մեծ տոներից մեկն է, որը հիշատակվում է Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը:
Տոնի խորհուրդը և պատմությունը
Հայ ժողովրդի համար շրջադարձային եղավ 301թ-ը, Հայաստանը առաջին հեթանոս երկիրն էր, որը այդ թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան փակել Արտաշատի ստորերկրյա բանտում` Խոր Վիրապում, որը սահմանված էր մահապարտների համար: Գրիգորը այստեղ փակված մնում է 13 տարի:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից նշանակալի իրադարձություն է.այդ առանցքային հանգրվանից սկիզբ առավ քրիստոնեության լայն տարածումը Հայաստանում:
Ըստ պատմության, հայոց Տրդատ արքան Հռիփսիմեին, Գայանեին և մյուս կույսերին սպանել տալուց հետո ծանր հիվանդանում է: Տրդատը որսի գնալիս կառք էր նստել: Եվ հենց այդ պահին էլ նրան «Տիրոջ պատուհասը հասավ». նա իր մարդկային կերպարանքից զրկվեց և նմանվեց վայրի խոզի: «Այնուհետև, մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձավ, անզգայությամբ դաշտերում կրծելով իր մերկ մարմինը»,-գրում է Ագաթանգեղոսը: Նրա հետ միասին հարվածներ ստացան նաև թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները: Այս վիճակը տրտմություն և խոր մտահոգություն առաջացրեց ողջ պալատականների և հայոց ազգի շրջանում: Այդ ժամանակ լուսեղեն մի տեսիլք երևաց Տրդատի քրոջը` Խոսրովիդուխտին, և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ վիրապն էր իջեցվել Տրդատի հրամանով մահվան դատապարտված Գրիգորը: Երկար հաստ պարաններ իրար կապելով` իջեցրին գուբը: Ապա բարձր ձայնով աղաղակեց նախարարը. «Գրիգո՜ր, եթե ողջ ես` դո՛ւրս արի, որովհետև քո Տեր Աստվածը հրամայեց հանել քեզ այդտեղից»: Գրիգորը անմիջապես ոտքի կանգնեց, ամուր բռնեց պարանը և այն շարժեց: Պալատականների ծաղրն ու ծիծաղը զարմանքի վերածվեց, իսկ զարմանքը` վախի: Նրան փոսից հանեցին և տարան Վաղարշապատ:
Պատմությունն ասում է, որ Գրիգորը աղոթքով ու պաղատանքով Աստծուց թագավորի համար բժշկություն է խնդրում: Արքան ապաքինվում է` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:
Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ եկեղեցու առաջին հովվապետ:
Ամբողջ Հայոց երկրում սկսվեց քրիստոնեական քարոզչությունը: Սբ. Գրիգորի կամքով և թագավորի հրամանով երկրի տարբեր նահանգներից, գավառներից մանկահասակ երեխաներ բերեցին, որպեսզի հմուտ ուսուցիչները կրթեն նրանց: Շեն ու անշեն շատ վայրերում վանականների բազում խմբեր ստեղծեց: Սբ. Գրիգորը իր աշակերտներից արժանավորներին մինչև եպիսկոպոսական աստիճանի հասցրեց ու ձեռնադրեց:
Սբ. Գրիգոր Լուսավորիչը թողել է մատենագիտական ժառանգություն: Նրա անունով մեզ է հասել «Հաճախապատում» գիրքը, որը պարունակում է քսաներեք ճառ: Դրանք բովանդակում են հավատի և քրիստոնեավայել վարքի բացատրությունները: Ագաթանգեղոսը հիշատակում է նաև «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» գրվածքը:
Օրվա Ավետարանն է՝ Մատթեոս, 19:27-29.
«Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ’ունենանք»։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի»:
Խորհրդանշական այց
Օրվա խորհրդի շրջանակում տեղին է նկատել, որ պատահական չէ դեպի Խոր Վիրապ Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի 2016թ. հունիսի 26-ին նախատեսված այցը, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ միասին, և նաև, Քահանայապետի այցելության պաշտոնական պատկերանշանի վրա Խոր Վիրապի առկայությունը: Ամբողջ Ընդհանրական Եկեղեցու գլուխը՝ հաջորդը Պետրոս առաքյալի, ով Հռոմում սկիզբ դրեց քրիստոնեական Ընդհանրական Եկեղեցուն, կայցելի հայ ժողովրդի հոգևոր ծննդյան օրրանը և այնտեղ աղոթք կբարձրացնի առ Աստված՝ միաժամանակ աշխարհի ուշադրությունը սևեռելով հայ ժողովրդի քրիստոնեական պատմական արմատների և դարավոր ճանապարհի վրա: Հռոմում սկիզբ առավ Ընդհանրական կամ Կաթողիկէ Եկեղեցին, իսկ Խոր Վիրապի գբից՝ Հայ Եկեղեցին:
Երբ 2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Պապի կողմից Սբ. Գրիգոր Նարեկացին հռչակվեց Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ, նրա պատմական դերը քրիստոնեության հոգևոր գանձարանում իմաստավորվեց նոր լույսի տակ: Այդպես նորովի կիմաստավորվի նաև Խոր Վիրապն ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի դերը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ քրիստոնեության պատմության մեջ և հոգևոր գանձարանում:
Սա հոգևոր արմատների միասնական վերաժևորման, վերաիմաստավորման և հիշողության արդիականացման մի գեղեցիկ խորհրդանշական այց կլինի, որի մասին արժե խորհրդածել:
Լիլիթ Մկրտչյան
Տ. Հովսեփ քհն. Գալստյան