«Չմոռանա՛ք այն զոհերը, որ գնացին անմեղ…»
9 մայիսի, 2016թ.
2016թ. մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայ կաթողիկէ Ծինուբան գյուղում տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր բացում և օծում` ձեռամբ Հոգշ. Հ.Անտոն վրդ.Գրիգորյանի և առընթերակայությամբ Ծինուբանի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանի: Օծման արարողությանը ներկա էր հուշակոթողի հովանավոր, ծնունդով նույն գյուղից, Ալմա Աթայում բնակվող, բարերար Հարություն Սերոբյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գյուղի բնակիչներ:
Խաչքարն անվանվել է Սուրբ Խաչ: Այն նվիրված է գյուղի գերեզմանատան ննջեցյալների հիշատակին:
Խաչքարը խորհրդանշում է քրիստոնեության հիմնական գաղափարը` Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է` ի նշան փրկության խորհրդանիշ:
Խաչքարի օծման արարողությունից հետո Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ` նվիրված Ծինուբան գյուղի ննջեցյալներին: Նա իր քարոզի ընթացքում ասաց.
«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, այսօրվա «Սուրբ խաչը» նվիրված է Ծինուբան գյուղի ննջեցյալներին: Այս տեսակ կոթող, այս տեսակ սուրբ պահապան խաչը պետք է հովանի լինի մեր բոլոր ննջեցյալներին: Այս օրերը` մեր Ծինուբան գյուղի համար շատ նշանավոր օրեր են, քանի որ, մենք զգացինք, որ մենք մենակ չենք, մենք մոռացված չենք, մեր գյուղը չի մոռացվել և չմոռացվի, չնայած, որ փոքրագույնն ենք, բայց կանք ու գոյություն ունենք: Եվ ավելին, մեր սիրելի եղբայր Հարությունը մեզ քաջալերեց` սուրբ խաչերով զարդարեց մեր գյուղը: Անցած տարի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար օծվեց գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից: Եվ այս տարի արտասվելով ապրիլի 24-ի արարողությունը կատարեցինք այդ Սուրբ խաչի առջև: Այլևս մենք չենք կարող անտարբեր անցնել ապրիլի 24-ի կողքով, քանի որ այդ խաչը կխոսի՝ կոչ անելով. «Մոտեցե՛ք ինձ և չմոռանա՛ք այն զոհերը, որ գնացին անմեղ»:
Մեր գյուղի անունից շնորհակություն եմ հայտնում Հարություն Սերոբյանին, որ մեր սրտերում հուր, կրակ դրեց, որը երբեք չի մարի: Ամեն:»
Խաչքարի բացման արարողությանը իրենց ելույթներով հանդես եկան նաև գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները:
Իսկ մայիսի 7-ին Ծինուբանի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանը օրհնեց գյուղից քիչ հեռու կառուցված մի մատուռ և խաչ:
Լիլիթ Մկրտչյան