• Հայ կաթողիկէ համայնքները ակտիվորեն պատրաստվում են Սրբազան Քահանայապետի այցին

    Ընդառաջ՝ պատմական մեծ իրադարձությանը:


    4 մայիսի, 2016թ.

    Հայ կաթողիկէ համայնքները և հայ հասարակության մի մեծ զանգված անհամբեր սպասում են Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի այցելությանը Հայաստան՝ 2016թ. հունիսի 24-26-ը: Նորին Սրբությունը պատմության մեջ առաջին անգամ կայցելի նաև Գյումրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէների կենտրոնը, որտեղ գտնվում է նաև Սրբոց Նահատակաց մայր տաճարը:

     

    Համայնքներում նախապատրաստական ակտիվ աշխատանքներն արդեն սկսվել են: Գրեթե բոլորն են ցանկություն հայտնում հունիսի 25-ի պատմական օրը ներկա գտնվելու Գյումրիի Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սբ. Պատարագին և տեսնել իրենց հովվապետին, լսել նրա հայրական խոսքն ու ստանալ օրհնությունը: Մեծամասնության կյանքում, թերևս, մեկ անգամ պատահող մեծ իրադարձություն կլինի դեմ առ դեմ տեսնել ամբողջ քրիստոնյա աշխարհի առաջին հոգևոր պետին՝ հաջորդին Սբ. Պետրոսի՝ այն Վեմի, ում վրա Հիսուս կառուցեց իր Եկեղեցին, և ով անվիճելի հեղինակություն ունի թե 1 միլիարդից ավելի կաթողիկէ հավատացյալների համար և թե ողջ քրիստոնյա, ինչպես նաև՝ այլակրոն աշխարհում, նույնիսկ բազում անհավատների համար:

     

    13124681_1067127683326520_8949581991135866167_n

    Մայիսի 3-ին մի քանի համայնքների գյուղապետեր առաջնորդարանում հանդիպեցին հայ կաթողիկէ հոգևորականների հետ՝ Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի հրավերով: Հոգևորականները խոսեցին համայնքների բնակչության տեղափոխման կազմակերպչական հարցերի, Նորին Սրբության Գյումրի այցելության որոշ մանրամասների և այլնի մասին: Գյուղապետերին հետարքրում էին այցելության բոլոր մանրամասները, որոնք, սակայն, դեռևս պաշտոնապես հրապարակված չեն: Նրանք վստահ էին, որ իրենց համայնքների բնակչությունը առավելագույն ներկայություն կունենան այդ մեծ իրադարձությանը, միայն թե Վարդանանց հրապարակը կարողանա տեղավորել այդքան մեծ բազմությանը: Հոգևորականները բացատրեցին, որ կազմակերպչական հսկայական աշխատանք կա, որը առանց գյուղապետերի, բնակիչների ակտիվ մասնակցության հնարավոր չի լինի արդյունավետ կատարել: Բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն անուն առ անուն և բոլորին պետք է տրվեն հրավիրատոմսեր:

     

    Ներգրավվելու են նաև մեծ թվով երիտասարդներ՝ որպես կամավորականներ: Երիտասարդներից շատերը որոշ փորձառություն ունեցան 2015թ. սեպտեմբերի 24-ին՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողության ժամանակ բազմաթիվ հյուրեր ընդունելիս, կազմակերպված աշխատանքով: Շատերն են ցանկություն հայտնել նաև 2016թ. հունիսի 24-26-ը ներգրավվել կամավորական աշխատանքում և մշտապես վայելել Սրբազան Քահանայապետի ներկայությունը:

     

    Հոգևորականները պարբերաբար աշխատանքային ժողովներ են ունենում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի գլխավորությամբ և քննարկում զանազան կազմակերպչական հարցեր:

     

    Սրբազան Քահանայապետի այցելության ժամանակացույցը դեռևս պաշտոնապես հրապարակված չէ:

Օրացույց

Օրացույց