Բաժիններ՝ Թեմի առաջնորդներ
  • Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյան

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների


     

     

     

    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 24 – ին:

     

    1958թ. մտել է Զմմառի Պատրիարքական Միաբանություն ընծայարան, որտեղ ստացել է դպրոցական բարձրագույն կրթություն: 1966թ. ուղարկվել է Հռոմի քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և աշակերտել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության վկայականներ: Ուսումը շարունակել է Հռոմի Սալեզյան համալսարանում` մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ:

     

    1973թ. հունիսի 24- ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

     

    Մինչև 1980 թվականը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978թ. նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչև 1989 թվականը:

     

    1980 – 1984թթ. ծիսագիտություն է դասավանդել Բեյրութի Քասլիք Սուրբ Հոգի համալսարանում:

     

    1983 – 1986թթ. եղել է Զալքայի (Լիբանան) Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ: Նրա շնորհիվ կառուցվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցին:

     

    1986 – 1988թթ. եղել է պատրիարքական քարտուղար:

     

    1988 – 1990 թթ. դարձյալ անվանվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ` միաժամանակ վարելով նորակառույց պատրիարքական վարժարանի տնօրենի պաշտոնը:

     

    1990 – 2006թթ. անվանվել է ԱՄՆ – ի Կալիֆոռնիա նահանգի ժողովրդապետ:

     

    Նա գլխավոր հիմնադիր անդամներից մեկն է նաև «Armenian Alliance» բարեգործական հիմնադրամի, որի հովանավորությամբ իրականանում են բազմաթիվ մարդասիրական և բարեգործական ծրագրեր Հայաստանում: Գլենդելում Հայր Ռաֆայել Մինասյանը ձեռնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցմանը, որի օծումը տեղի է ունեցել 2001թ.՝ ի հիշատակ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700 ամյակի:

     

    2005թ. սեպտեմբերին Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը Հայր Ռաֆայել վրդ. Մինասյանին անվանել է պատրիարքական Փոխանորդ Երուսաղեմի և Ամմանի Փոխանորդության:

     

    2005թ. Իտալիայում հիմնել է «Տելէ Փաչէ Արմենիա» հեռուստակայանը:

     

    2009թ. Երուսաղեմի Հայ Կաթողիկե համալիրում գտնվող Քրիստոսի Խաչի ճանապարհի 4 –րդ կայանի մեջ հաստատել է Սուրբ Հաղորդության մնայուն երկրպագությունը, որի շարունակականությունն ապահովում են Սուրբ Պողոսի Միաբանության քույրերը:

     

    2011թ. հունիսի 24-ին Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Սրբազան քահանայապետի հատուկ պապական կոնդակով Հ. Ռաֆայել Մինասյանն արժանացել է եպիսկոպոսական կարգի, որպես նորանշանակ Տիտղոսավոր Արքեպիսկոպես Կապադովկյան Կեսարիո Հայոց և Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց:

     

    Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 2011թ. հուլիսի 16 – ին Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցում ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի, ներկայությամբ Վատիկանի Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի:

     

    2011թ. օգոստոսի 7 –ին Շիրակի մարզի Արևիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայր Ռաֆայել Արքեպս Մինասյանի Գահակալության արարողությունը:

     

     

Օրացույց

Օրացույց