«Սա ձեզ համար մեծ տոն է»
5 ապրիլի, 2016թ.
2016թ. ապրիլի 3-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առընթերակայությամբ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի, Սբ. Պատարագ մատուցեց Արևիկ գյուղի եկեղեցում, որի ընթացքում տեղի ունեցավ նաև երեխաների առաջին Սբ. Հաղորդության հանդիսավոր ու գեղեցիկ արարողությունը:
Երեխաների և նրանց հարազատների համար առաջին Սբ. Հաղորդությունը մեծ տոն է, որը կյանքում մի անգամ է լինում և միշտ հիշվում է: Տոնական խորհրդին նրանք պատրաստվել էին Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի հոգևոր առաջնորդությամբ և կրոնի ուսուցչուհի Անահիտ Կիրակոսյանի բացատրություններով, գեղեցիկ ճերմակ զգեստներ էին հագել՝ ի նշան մաքրության ու պատրաստակամության՝ միանալու Տեր Հիսուսին, ձեռքներին բտնած ունեին վառված մոմեր՝ որպես Տիրոջ լույսի խորհրդանիշ:
Տեսնելով տոնական այդ տրամադրությունն ու ջերմեռանդությունը՝ Սրբազան Հայրը, ակնհայտ հրճվանքի զգացումով, իր քարոզում ասաց հետևյալը.
«Ուրախ եմ, որ այսօր Ձեզ հետ եմ դարձյալ՝ այս Սուրբ Պատարագի Զոհին, որ ուրախության մի հանդես է, որ Քրիստոս Իրեն զոհելով՝ տվեց այս առիթը, որպեսզի Իրենով մենք սլանանք, առաջանանք, մեծանանք և կազմենք այս հոգևոր ընտանիքը: Ես իսկապես ուրախ եմ, որ լսեցի ձեր առաջին հայտարարությունը. ասում էիք, թե սա ձեզ համար մեծ տոն է, որովհետև պետք է առնեք Քրիստոսի Մարմինը և պիտի խմեք Իր Արյան բաժակից: Սա միայն Ձեզ համար չէ, մեզ՝ բոլորիս համար է, որովհետև Ավետարանի խոսքի մեջ ինչ, որ լսեցինք, դա՛ է ճշմարիտ կյանքը, այն մանանայի նման չէ, որ անապատի մեջ մեր նախահայրերը կերան ու մեռան:
Որպեսզի կյանք ունենանք, պետք է ուտենք այս Մարմնից՝ Քրիստոսի Մարմնից, այսինքն ոչ թե միայն մի կտոր առնենք Քրիստոսի Մարմնից, այլ առնենք Քրիստոսին մեր սրտի մեջ, միանանք և կազմենք մեկ մարմին, մեկ հոգի՝ Աստծո հետ, և սա՛ է, որ մեզ պետք է տա կյանքը, ոչ միայն այս ժամանակավոր մարդկային կյանքում, այլ նաև մեզ պետք է տա հավիտենական կյանք, դրա համար պետք է ասեմ, որ մեր այս երեխաների առաջին հաղորդությունը միայն երեխաներինը չէ, այլ ամենքս միասին երեխաներ ենք`Քրիստոսի բնակարանում: Ամենքս միասին պիտի կազմենք ճշմարիտ մի ընտանիք՝ Քրիստոսի տեսության մեջ` հավիտենական կյանքի մեջ: Շատ անգամ մենք մտածում ենք միայն այսօրվա կամ վաղվա մասին:
Մենք ուզում ենք հարստանալ, դիրք ունենալ, պատիվ ու ծափահարություններ ունենալ, գովասանքներ լսել. Ափսոս… Մի րոպե, մի պահ և մի քանի օր, մի քանի տարի և դրանից հետո կգա ժամդ, այժմ պիտի թողնես այս աշխարհը: Բայց ինչ ունեմ ինձ հետ տանելու, եթե ես այս կապը պահած չունեմ Քրիստոսի հետ: Եվ հենց սրա մասին է, ինչը Քրիստոս անձամբ ասում է: Հետևաբար սիրելի հավատացյալներ և սիրելի մանուկներ, ես շատ ուրախ եմ, որ այսօր դուք կսկսեք գիտակցությամբ Քրիստոսի մարմինը ճաշակել»:
Երեխաները աղոթքով, երկյուղածությամբ և սրբությամբ հաղորդվեցին Տիրոջ Մարմնին ու Արյանը՝ խոստովանելով իրենց սերն ու վստահությունը դեպի Տերն մեր Հիսուս Քրիստոս:
Սբ. Պատարագից հետո Սրբազան Հոր և առաջին անգամ Տիրոջ հետ միացած երեխաների համար գյուղի դպրոցում կազմակերպվեց փոքրիկ հյուրասիրություն: