«Աստուածային և երկնավոր շնորհք, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ…»
4 ապրիլի, 2016թ.
2016թ. ապրիլի 2-ին Գյումրիի Սրբոց նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տ. Լևոն սարկավագ Գալստյանի քահանայական և Կարեն կիսասարկավագ Աղեկյանի սարկավագական ձեռնադրության արարողությունները՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի՝ առաջնորդի Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի կաթողիկէ հայոց: Սրբազան Հոր առընթերականերն էին առաջնորդության ընդհանուր փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանը, Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Հոգշ. Հ. Ներսես վրդ. Գալստյանը, Հոգշ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, Հոգշ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը: Արարողություններին ներկա էին ձեռնադրյալների հարազատները, Անարատ Հղության միաբանության հայ քույրերը, Գթության քույրերը՝ Սպիտակի տան երեխաների հետ, Գյումրիի հավատացյալները:
Սբ. Պատարագից առաջ տեղի ունեցավ Կարեն Աղեկյանի սարկավագական ձեռնադրությունը: Կարենը եպիսկոպոսից ձեռնադրությամբ ստացավ Սբ. Հոգու շնորհը՝ ծառայելու Եկեղեցում և օգնելու եպիսկոպոսին և քահանաներին: Նոր ձեռնադրյալ սարկավագը եպիսկոպոսից ստացավ ուսուրարը, որը նշանն է Քրիստոսի լուծը մասամբ կրելու, ապա՝ բուրվառը՝ խնկարկելու իշխանությամբ և Սբ. Պատարագի ժամանակ Ավետարան կարդալու իրավունքը, և Տիրոջ Մարմինն ու Արյունը ժողովրդին բաշխելու իրավունքը:
Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցավ Տ. Լևոն սարկավագ Գալստյանի քահանայական ձեռնադրությունը: Ինչպես սարկավագի ձեռնադրության ժամանակ, այս անգամ ևս կատարվեց աշխարհից հրաժարման կարգը.ձեռնադրյալը ծնկաչոք, դեմքով դեպի արևմուտք՝ դեպի ժողովուրդը և ձեռքերը դեպի վեր բարձրացրած դիրքով աղոթում էր, քահանաները ձեռքները դրել էին նրա ուսերին՝ ի նշան եղբայրական զորակցության, և երգում էին մի գեղեցիկ շարական.
«Աստուածային և երկնավոր շնորհք, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ, կոչէ զՏէր Լեւոն ի սարկաւագութենէ ի քահանյութիւն…»:
Ապա նույնը աղոթեց և եպիսկոպոսը՝ վերջում ասելով.
«Ես դնեմ զձեռս ի վերայ եւ դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան քահանայութեան անարատ պահել առաջի սեղանոյ Տեառն Աստուծոյ զամենայն աւուրս կենաց իւրոյ…»:
Նոր ձեռնադրյալ քահանան կոչվեց Տեր Հովսեփ՝ որպես հովանավոր սուրբ ունենալով Սբ. Հովսեփին՝ Սուրբ Կույս Մարիամի պահապանին:
Գեղեցիկ արարողության ընթացքում Տեր Հովսեփին հագցրեցին քահանայական հանդերձանք՝ սպիտակ շապիկ, բազպանները, ուրարը, գոտին, վակասը և շուրջառը, թագը և խաչը, ապա հանձնվեց սկիհն ու մաղզման՝ ի նշան պատարագելու իշխանության, որը քահանայի ամենաառաջնային պարտականությունն է՝ մատուցել միակ ճշմարիտ Զոհը: Սրբազան Հայրը սրբալույս մյուռոնով օծեց Տեր Հովսեփի ձեռքերը և ճակատը: Ապա նորօծ քահանան տվեց իր առաջին օրհնությունն ու «Խաղաղութիւն ամենեցունը»:
Սբ. Պատարագի բուն մասը Սրբազան Հայրը մատուցեց նորօծ քահանայի հետ միասին:
Սբ. Պատարագից հետո հոգևորականները և ներկա ժողովուրդը ջերմորեն շնորհավորեցին նորօծ քահանային ու նոր ձեռնադրյալ սարկավագին: Հայ Կաթողիկէ եկեղեցին համալրվեց Քրիստոսի նոր զինվորներով: