Հունիսին կատարվելիք հնարավոր այցը դեռևս քննարկվում է
19 մարտի, 2016թ.
2016թ. մարտի 18-ին Հռոմի Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի տնօրեն Հ. Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին հայտնել է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի հնարավոր այցը Հայաստան՝ 2016թ. հունիսի երկրորդ կեսին, դեռևս քննարկվում է: Վերջնական որոշում կկայացվի միայն այն բանից հետո, երբ Սրբազան Պապի այցը կազմակերպող խումբը ժամանի Հայաստան և ուսումնասիրի պայմանները: Այդ խումբը Հայաստանում կլինի, հավանաբար, մարտի վերջին:
Վերջին օրերին լրագրողները տեղեկություններ են տարածել, թե Սրբազան Պապի այցը Հայաստան սպասվում է հունիսի 22-26-ին: Հ. Լոմբարդին ասել է, որ չի կարելի նման տեղեկություններ տարածել, մինչև չլինի Սուրբ Աթոռի պաշտոնական հայտարարությունը:
Սրբազան Պապին Հայաստան այցելելու հրավերով դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սրբազան Պապը ընդունել է այդ հրավերը և խոստացել Հայաստան այցելել հատուկ կերպով և ոչ Վրաստանի և Ադրբեջանի հետ միաժամանակ, ինչպես տարածվել էր մամուլում:
Հիշեցնենք, որ վերջերս Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարին նվիրել էր խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարից, ի նշան Սուրբ Աթոռի հետ միության:
Հայ կաթողիկէ համայնքների համար Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան պատմական իրադարձություն է և ուրախության մեծ առիթ: Հայ կաթողիկէ երիտասարդները, մասնավորապես, մեծ խանդավառությամբ են սպասում և պատրաստվում, ծրագրում, թե ինչպես պետք է ներկայանան երիտասարդների սիրելի Սրբազան Պապին: Հիշեցնենք, որ շուրջ 250 հայ կաթողիկէ երիտասարդներ պատրաստվում են 2016թ. հուլիսին Լեհաստանի Կրակով քաղաքում մասնակցել «Երիտասարդության համաշխարհային օր» մեծամասշտաբ միջոցառմանը և աղոթել Սրբազան Քահանայապետի հետ միասին:
Հռոմի Սրբազան Քահանայապետը (Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը) Հայաստան առաջին անգամ այցելեց 2001թ.՝ Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կապակցությամբ: