• «Եկեղեցին կարիք չունի կեղտոտ փողերի».Սրբազան Պապի հրապարակային ունկնդրությունը

    «Աստված մեր ալ կարմիր մեղքերը կդարձնի սպիտակ, ինչպես ձյունը»:


    6 մարտի, 2016թ.

     

     

    «Մեր մեղքերը, եթե  նույնիսկ նրանք ալ կարմիր են, կլինեն սպիտակ, ինչպես ձյունը».այս խոսքերը Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ասել է  2016թ. մարտի 2-ի իր հրապարակային ունկնդրության ժամանակ՝ շարունակելով խոսել Աստվածային ողորմության մասին:

     

    Քահանայապետը հիշեցրել է, որ մարգարեները Աստծո հայրական և ներողամիտ սերը ներկայացնում էին՝ ներառելով ուղղելու անհրաժեշտությունը, դարձի գալը հորդորները և Ուխտի նորացումը՝ որպես դրա անհրաժեշտ տարրեր:

     

    Յուրաքանչյուր ծնող գիտի, թե որքան դժվար  է օգնելը իր զավակներին՝  մեծանալ  ազատության մեջ և պատասխանատվության զգացումով:

     

    «Բայց մեղքի հետևանքով ազատությունը վերածվում է ինքնավար ապրելու հավակնության, իսկ հպարտությունը հանգեցնում է հակառակության ու ինքնաբավության պատրանքի»:

     

    Սուրբ Գրքում տեսնում ենք, թե ինչպես է Աստված ողբում, երբ  Իր զավակներն անհնազանդ են  ու մեղանչել  են:

     

    Պապը նշել է, որ եթե Աստված պատժում է, ապա  նպատակն այն է, որ մեղսագործ մարդիկ զղջան և դարձի գան:

     

    «Չնայած վիրավորանքին,  Աստված թույլ է տալիս, որ սե՛րը իր խոսքն ասի.  Նա դիմում է անում իր այլասերված զավակների խղճին, որպեսզի նրանք ապաշխարեն  և իրենք իրենց թույլ տան կրկին սիրված լինել Տիրոջ կողմից:  Ահա սա է անում Աստված: Նա գալիս է մեզ մոտ, որպեսզի մենք թույլ տանք ինքներս մեզ՝ լինելու սիրված Իր կողմից՝ մեր Աստծո կողմից»:

     

    Իր ողորմությամբ, Նա խնդրում է, որպեսզի նրանք ետ վերադառնան Իր մոտ՝  ամբողջ սրտով  և ընդունեն  արդարությունը, որն ինքնին Տիրոջ նվերն է:

     

    «Աստված երբեք չի հրաժարվում մեզնից, մենք Նրա  ժողովուրդն ենք.ամենաչար մարդիկ ու կանայք ևս Նրա զավակներն են: Աստված երբեք ու երբեք չի հրաժարվում մեզնից: Նա միշտ ասում է  «Որդիս, ե՛կ»:

    «Եվ սա է մեր Հոր սերը: Սա է Աստծո ողորմությունը»:

     

    Եվ սա է ճանապարհը աստվածային ողորմության: Աստված մեզ չի դատում ըստ մեր սխալների:

     

    «Երբ ինչ-որ մեկը հիվանդ է, գնում է բժշկի, իսկ երբ ինչ-որ մեկը զգում է իրեն մեղավոր գնում է  Տիրոջ մոտ: Սակայն, եթե մեկը բժշկի փոխարեն գնա կախարդի մոտ, ապա չի բուժվի»:

     

    Այսպես, ավելացնում է Պապը.«Որքա՛ն հաճախ մենք չենք գնում Տիրոջ մոտ և, դրա փոխարեն, նախընտրում ենք գնալ սխալ ուղիներով,  արդարացում ու խաղաղություն ենք փնտրում Տիրոջից դուրս»:

     

    Սրբազան Պապը անդրադարձել է նաև կոռումպացված  բարեգործներին, ովքեր գալիս են Եկեղեցի նվիրատվություններ կատարելու դրամական վճարագրերով, որոնք ձեռք են բերել շահագործելով իրենց աշխատողներին:

     

    «Այդպիսիներին ես կասեի. «Խնդրում եմ, ետ վերցրե՛ք ձեր վճարագրերը, այրե՛ք դրանք: Աստծո ժողովուրդը՝ Եկեղեցին,  կարիք չունի կեղտոտ փողերի, այլ կարիք ունի Աստծո ողորմության առջև բաց սրտերի: Անհրաժեշտ է Աստծուն մոտենալ մաքրած ձեռքերով՝ խուսափելով չարից և գործելով բարին ու արդարությունը»:

     

    Ֆրանչիսկոս պապը վերջում աղոթել է, որ այս ողորմության հոբելինական տարում բոլոր մարդիկ բաց լինեն Աստծո ողորմած հրավերի առջև՝ դառնալու դեպ Իրեն և զգալու Իր սերը և ներումը:

     

    Լիլիթ Մկրտչյան

     

Օրացույց

Օրացույց