• Հռոմի Լևոնյան վարժարանի տնօրենին շնորհվեց ծայրագույն վարդապետի աստիճան

    Հայտնում է Ռադիո Վատիկանը


    2 մարտի, 2016թ.

     2016թ. մարտի 1-ին Հռոմի Լևոնյան վարժարանի Սուրբ Նիկողայոս Թոլենթինացի եկեղեցում տեղի ունեցավ նույն վարժարանի տնօրեն Գերպ. Հ. Նարեկ վրդ. Նամոյանին ծայրագույն վարդապետի աստիճանի տվչության արարողությունը՝ նախագահությամբ Ամեն. Հոգևոր Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի և մասնակցությամբ Հայ Կաթողիկէ Եկեղեցու սինոդոսական հայրերի, այդ թվում և՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի: Սինոդոսական հայրերն այս օրերին Հռոմում հոգևոր կրթություն են անցկացնում:

    10314019_1023716811000941_1329113112382145132_n

     

    Ծայրագույն վարդապետի տվչության արարողությունը կատարվել է երեկոյան ժամերգության ավարտին: Գերհարգելի Հ. Նարեկ ծ.վ. Նամոյանին շնորհվել է նաև մատանի, որը ծայրագույն վարդապետական իշխանության նշան է: Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը ընթերցել է Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հայրապետական կոնդակը, որտեղ ասված է.

     

    «Ապաւինելով նախ Աստուծոյ շնորհքին եւ ապա վստահելով քու բարի կամքիդ ու առաքելական եռանդիդ, յոյսով ենք որ դուն պիտի համապատասխանես քու վրադ դրած մեր ակնկալութիւններուն եւ հանգամանօրէն ու արդիւնաւոր կերպով պիտի վարես քեզի վստահուած այս պաշտօնը… Ի նշան Մեր հայրական գնահատանքին ու վստահութեան, այս Հայրապետական Կոնդակով կը շնորհենք Ծայրագոյն Վարդապետի տիտղոս եւ միանգամայն իրաւունք` Լանջախաչ ու Վարդապետական Գաւազան կրելու”:

     

    Գերհ. Հ. Նարեկ ծ.վ. Նամոյանը իր հերթին ասել է. «Այսօր եւս խոնարհութեամբ կը տրամադրեմ իմ բոլոր մտային եւ հոգեկան կարողութիւններս, ի սպաս այս պաշտօնի ծառայութեան ի փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն հայ կաթողիկէ եկեղեցւոյ»: Ապա մեջբերել է Կարդինալ Աղաջանյանի խոսքերը. «Աշխատանքը ինծի, փառքը Աստուածոյ եւ պայծառութիւնը Հայ Եկեղեցւոյ»:

     

    12794501_1023716827667606_2524494910192592100_n Գերհ. Հ. Նարեկ ծ.վ. Նամոյանը Լևոնյան վարժարանի տնօրեն է նշանակվել 2015թ. հոկտեմբերի 29-ին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի որոշմամբ:

     

    Գերպ. Հ. Նարեկ վարդապետ Նամոյանը ծնվել է 1972թ. Սիրիայում, քահանա է ձեռնադրվել 1997թ., եղել է Սիրիայի Գամիշլի քաղաքի Սուրբ Հովսեփ եկեղեցու, ապա՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ:

     

     

     

     

Օրացույց

Օրացույց