Քրիստոսի Մարմինն ու Արյունն առաջին անգամ ընդունելը կյանքի մեծագույն տոներից է:
20 փետրվարի, 2016թ.
Փանիկի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը երեխաների հաջորդ խումբն է պատրաստում՝ ընդունելու առաջին Սբ. Հաղորդությունը: Վարդապետը այցելել է Փանիկի միջնակարգ դպրոց, հանդիպել տնօրեն Հովհաննես Կարապետյանի հետ և քննարկել աշակերտների հետ հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու վարդապետի հոգևոր ձեռնարկներին՝ ի նպաստ երեխաների հոգևոր աճման ու եկեղեցական կյանքում ակտիվ ներգրավման:
Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը շրջել է հիմնականում 8-12 տարեկան աշակերտների դասարաններում, զրուցել նրանց հետ, հրավիրել եկեղեցի՝ կանոնավոր մասնակցելու պաշտամունքային արարողություններին, չմկրտվածներին խնդրել ծնողների հետ գալ եկեղեցի՝ Մկրտության պատրաստվելու, իսկ մկրտվածներին խնդրել է գալ պատրաստվելու առաջին Սբ. Հաղորդությանը, որը պետք է լինի երիտասարդ տարիների մեծագույն տոներից մեկը: Առաջին Սբ. Հաղորդության օրը կլինի, հավանաբար, մայիսին՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հանդիսապետությամբ:
Վարդապետը ծրագրում է պարբերաբար այցելել դպրոց և տարբեր հոգևոր թեմաների շուրջ հանդիպումներ է ունենալու աշակերտների հետ: