Պապական նվիրակը իր ուրախությունն է հայտնում, որ հայ երիտասարդների նման մեծ խումբ մեկնելու է՝ ԵՀՕ-2016-ին մասնակցելու:
19 փետրվարի, 2016թ.
2016թ.փետրվարի 18-ին, Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, Երիտասարդության համաշխարհային օրվա հայ երիտասարդների մասնակցության կազմակերպչական խմբի ղեկավարները՝ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը Թբիլիսիում հանդիպել են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պապական նվիրակ Արհ. Մարեկ արքեպս. Սոլչինսկիի և Վրաստանում Լեհաստանի հյուպատոս Պյոտր Ապոստոլիդիսի հետ: Նրանց է միացել նաև Թբիլիսիի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, ով օգնել է կազմակերպել հանդիպումը:
Հանդիպման նպատակը ԵՀՕ-2016-ին հայկական խմբի մասնակցության կազմակերպչական հարցերի քննարկումն էր: Պապական նվիրակը մանրամասնորեն հարցրել է ԵՀՕ-2016-ի ուխտագնացության նախապատրաստական աշխատանքների ընթացքի, մասնակիցների թվի, պատրաստվածության մասին և խոստացել անել ամեն հնարավորը՝ հայկական խմբին օգնելու համար: Վրաստանում Լեհաստանի հյուպատոս Պյոտր Ապոստոլիդիսը իր հերթին ասել է, որ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը կհեշտացնի վիզայի համար հարկավոր թղթաբանական և այլ գործողությունները: Պարզաբանվել են նաև այլ հարցեր՝ կապված հայկական խմբի՝ Լեհաստանում կեցության օրերի հետ:
Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը պապական նվիրակին հրավիրել է ներկա գտնվելու ԵՀՕ-2016-ի նախապատրաստական հաջորդ հանդիպմանը: Սրբազան Հայրը սիրով համաձայնել է ներկա լինել և խոսել այդ կարևոր համաշխարհային միջոցառման մասին, որը տեղի է ունենալու 2016թ. հուլիսի 26-31-ը՝ Կրակովում:
Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում Գերպ. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանին՝ այդ կարևոր հանդիպումը կազմակերպելու համար: