Սերտ համագործակցություն կա Հայ Կաթողիկէ Եկեղեցու նվիրապետության և ՀՀ Սփյուռքի նախարարության միջև
18 փետրվարի, 2016թ.
Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը, 2016թ փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության Սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Հայ կաթողիկե Պատրիարքարան և հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի հետ:
Տիկին Հակոբյանին ուղեկցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և հյուպատոս Աշոտ Վարդանյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Լիբանանի հայ կաթողիկէ թեմի օգնական եպիսկոպոս Արհ. Տ. Գէորգ Ասատուրյանը, Զմմառու Վանքի մեծավոր և միաբանության պատրիարքական փոխանորդ Գերհ. Հ. Գաբրիել թ.ծ.վ Մուրադյանը և հայ կաթողիկէ այլ հոգևոր հայրեր:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում ՀՀ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել այն աշխատանքները, որոնք իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կազմակերպված միջոցառումների շարքում Սփյուռքի նախարարը հատկապես առանձնացրել է Լիբանանի կենտրոնական հանձնախմբի և համայնքային կառույցների կողմից կատարված աշխատանքները և շեշտել այն ավելի մեծ ու կազմակերպված ներուժով շարունակելու անհրաժեշտությունը:
Կարևոր խնդիրներից մեկը նախարարը համարել է համահայկական հարցերի շուրջ խորհրդակցություն կատարելը՝ շեշտադրելով հատկապես հայկական պետությունը հզորացնելու և Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության զարգացման համար ներդրումներ կատարելու, ինպես նաև արտագաղթը կանխելու ու հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների լուծման մասին:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան հնարավոր այցի մասին:
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայ համայնքին, հատկապես, հայ կաթողիկէ համայնքին՝ իր հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և հիշեցրել, որ ինքը շուտով հրաժեշտ է տալու Լիբանանին ՝ ավարտելով իր պաշտոնի շրջանը:
Ամենապատիվ Հոգևոր Տերը գնահատանքով է արտահայտվել Լիբանանում դեսպանի վեցամյա ծառայության մասին և հաջողություն մաղթել նրան՝ հետագա աշխատանքում:
Լիլիթ Մկրտչյան