• Քույր Աղվիթայի հոգեհանգստյան և թաղման արարողությունը

    «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ. 4:7):


    14 փետրվարի, 2016թ.

    2016թ.փետրվարի 13-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սուրբ Պատարագ մատուցվեց առաքինազարդ քույր  Աղվիթա Տեր-Ղուկասյանի  համար: Քույր Աղվիթա Տեր-Ղուկասյանը ի Տեր հանգչեց  փետրվարի 13-ին:

     

    Սուրբ  Պատարագը մատուցեց Գերպ. Հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանը, առընթերակայությամբ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի և Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի: Ներկա էին Անարատ Հղության Հայաստանում ապրող առաքինազարդ հայ քույրերը, Երևանում և Սպիտակում ծառայող Գթության քույրերը, Տիրամայր Հայաստանի կուսաստանի սաները ինչպես նաև քույր Աղվիթայի հարազատները, հավատացյալներ:

     

    Սուրբ Պատարագի քարոզի ընթացքում Հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանը  իր խոսքն ուղղելով հավատացյալներին՝ ասաց հետևյալը.DSC07517

     

    «Ես եմ կյանքը և Հարությունը. և ով որ ինձ հավատա արժանի պիտի լինի երկնքի արքայությանը»:  Գերապատիվ վարդապետներ, արժանապատիվ տեր հայրեր, առանքինազարդ քույրեր  և  շատ սիրելի հայ ժողովուրդ, այսօր այստեղ հավաքված ենք միասիրտ, միաշունչ մեր Սուրբ և Անմահ պատարագը  և ապա հոգեհանգստյան պաշտոնը  կատարելու մի դիտավորության` մեր շատ սիրելի քույր Աղվիթա Տեր-Ղուկասյանի  հոգու փրկության համար: Մարդը ինչքան, որ ապրի, ի վերջո իր մահկանացուն պիտի փակի մահով…

     

    Մեր շատ սիրելի Աղվիթա Տեր- Ղուկասյանը  իր ամբողջ կյանքը նվիրեց Աստծուն , իր ամբողջ կյանքը նվիրեց եկեղեցուն ծառայելուն և իր ամբողջ կյանքը նվիրեց հայ ազգի դաստիարակության համար: Այսօր կարող ենք ասել Պողոս Առաքյալի  այն խոսքերը  որտեղ ասում է .«Ո՛վ Տեր ես այժմ ընթացս  կատարեցի և ինձ կսպասե անթառամ պսակը»:

     

    DSC07531Քույր Աղվիթային մաղթում ենք բարի ճանապարհ: Մենք այսօր պիտի հանձնենք մարմինը մայր հողին, որտեղից որ  մենք բոլորս առնված ենք: Մարմինը կհնաձնենք մայր հողին, սակայն հոգին  կբարձրանա Աստծո մոտ: Սիրելի հավատացյալներ, մահը երջանկություն է, մահը ուրախություն է  մեզ համար, մահը դարձյալ երկրորդ վերածնունդ է : Այստեղ գտնվող յուրաքանրյուրի նպատակը մեկն է ՝ ժառանգել Երկնքի Արքայությունը: Մեր գերագույն նպատակն է՝ պատրաստվել Երկնքի Արքայությանը: Եվ վստահ ենք, որ մեր շատ սիրելի քույր Աղվիթան Աստծո աջ կողմը  նստած է  և վայելում է մեր Տիրոջ  փառքն  ու  պատիվը …

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի անունից  խորին և սրտագին  ցավակցություններ ենք հայտնում նախևառաջ Անարատ հղության միաբանության մեծավոր մորը, ինչպես նաև՝ այստեղ գտնվող բոլոր քույրերին՝ խնդրելով Աստծուց, որ քույր Աղվիթային արդարների հետ դասի»:

     

    Յավարտ Սբ. Պատարագի, ներկաներին իր սրտի ցավակցական խոսքն ուղղեց նաև Տիրամայր Հայաստանի կուսաստանի մեծավորուհի առաքինազարդ քույր Արուսյակ Սաճոնյանը.DSC07539

     

    «Մեր սիրելի քույր Աղվինթան իր ամբողջ կյանքի ընթացում ծառայեց Աստծուն՝ ազգին դաստիարակելով և առաջնորդելով երիտասարդ սերունդներ  իր Աստվածատուր մարզիչի տաղանդով: Որպես օրիորդ Աշխեն Տեր- Ղուկասյան, նա եղել է իմ մարզանքի դասատուն, որն իր հետաքրքիր դասերով  խորապես տպավորում էր մեզ բոլորիս: Որպես քույր Աղվիթա, նա եղել է Բեյրութի նշանավոր Հռիփսիմյանց բարձրագույն վարժարանի  բասկետբոլի մարզիչ: Բեյրութից մեծավորների հրամանով նա տեղափոխվեց Բոսթոն, որտեղ ևս բասկետբոլի խումբ կազմեց  և, ի զարմանս  բոլորի, 20 ամյա երիտասարդ աշակերտներ էր մարզում և մրցում նրանց հետ: Սակայն երկար տարիների աշխատանքը հյուծեցին ք. Աղվիթայի մարմինը, ուստի նրան ընտրություն տրվեց հանգստանալու Հռումում կամ Հայաստանում, հայրենասիրության ուժեղ կանչը նրան  բերեց հայրենիք՝ Տիրամայր Հայաստանի կենտրոն:

     

    Այն ութ ամիսների ընթացքում, երբ  Քույր  Աղվիթան մեզ հետ մնաց, նա դարձավ մեր կենտրոնի բոլոր երեխաների գուրգուրանքի  և  հոգածության առարկան: Ինքն էլ եղավ բոլորի ուրախության պատճառն ու հրճվանքը՝ մասնակցելով երեխաների երգ ու պարին:

    Ուզում եմ խորին ցավակցություններս հայտնել իր հարազատներին, որոնք եկել են հրաժեշտ տալու: Թող Քույր Աղվիթայի հոգին անշեջ մնա մեր բոլոր սրտերում»:

     

    Սբ. Պատարագից հետո կատարվեց թաղման կարգը: Առաքինազարդ քույր Աղվիթայի աճյունն ամփոփվեց Անարատ Հղության քույրերի գերեզմանոցում:

     

    Լիլիթ Մկրտչյան

    DSC07515 DSC07543 DSC07553 DSC07514

Օրացույց

Օրացույց