• Սբ. Պատարագ՝ Կարիտասի աշխատակիցների մասնակցությամբ.Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի քարոզը

    Արդյո՞ք հավատքով ենք մտնում եկեղեցի…


    1 փետրվարի, 2016թ.

    2016թ. փետրվարի 1-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ տաճարում մատուցված Սբ. Պատարագին ներկա էր նաև Հայկական Կարիտասի անձնակազմը:

     

    Սբ. Պատարագը մատուցեց Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, ով իր քարոզի սկզբում հիշեցնելով Պողոս առաքյալի արարքները դարձի գալուց առաջ, այսինքն՝ Սողոսի հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, հրավիրեց մտածել այն մասին, որ այսօր էլ մենք ենք հալածում Քրիստոսին՝ մեր անտարբերությամբ.

     

    DSC07361«Անտարբերություն, որը ցանկանում է սատանան: Ոմանց թվում է, թե իրենք չեն հալածում Քրիստոսին: Մինչդեռ այդ անտարբերությունը, չաղոթելն Աստծուն մեծ հալածանք է Քրիստոսի հանդեպ: Լսեցինք Ավետարանի հատվածըն առ այն, որ Քրիստոս իր աշակերտներին պատվիրում է սիրել միմյանց այնպես, ինչպես Ինքը սիրեց նրանց: Եթե այդ սերը չունենք միմյանց նկատմամբ, ուրեմն Տիրոջ նկատմամբ ևս չունենք սեր: Չկա սեր Տիրոջ նկատմամբ, որովհետև մենք գերադասում ենք մեր առօրյան անցկացնել՝ տրվելով հաճույքների, ինչ-որ ընկերակցության մեջ, ոչ թե՝ եկեղեցում, աղոթելով և ասելով Տիրոջը, որ Իր հետ ենք:

     

    Սիրել միմյանց բավական դժվար է: Երբ որ ասում ենք «սիրել միմյանց», նշանակում է ոչ թե միայն ընկերներին, բարեկամներին, այլ նաև՝ թշնամուն: Պետք է կարողանանք ներել և սիրել այն մարդկանց, ովքեր մեզ ցավ պատճառեցին, որովհետև նույն ձևով Քրիստոսին ևս ցավ պատճառեցինք, բայց Նա ներեց մեզ: Քրիստոս մատնվեց իր աշակերտներից մեկի կողմից, բայց մեզ համար թափեց իր Արյունը և, որպես մի Գառ, բարձրացվեց Գողգոթա, որպեսզի յուրաքանչյուրիս ձգի դեպի Իրեն:

     

    Արդյո՞ք մենք հավատում ենք: Արդյո՞ք հավատքով ենք մտնում եկեղեցի, թե՝ ստիպողաբար: Սիրո՞վ, թե ինչ-որ մեկի ցանկությամբ: Եթե ստիպողաբար է, եթե իսկապես չեք ուզում գալ և Աստծո առջև ձեր գլուխը խոնարհել և ասել.«Տե՛ր, սիրում եմ քեզ», ապա անիմաստ է ամեն երկուշաբթի օրվա այս հանդիպումները»:

     

    Հաճախ անձնավորում ենք մեր կյանքը: Բարդույթների մեջ ենք ընկնում: Բայց յուրաքանչյուրս անհատկանություն ենք, և ունենք Մեկը, որից պետք է երկնչենք և սիրենք Նրան: Այդ մեկը միայն Աստված է:

     

    DSC07359 Քրիստոս ասում է՝ եթե սիրեք միմյանց, իմ աշակերտները կլինեք: Քրիստոս ասաց, որ ամենամեծ պատվիրանը դա է, որ սիրենք միմյանց:

     

    Մանավանդ, դու՛ք, որպես Կարիտասի աշխատակիցներ, այդ սիրո կրողներն եք, ձեր ամենօրյա աշխատանքում հանդիպում եք այնպիսի մարդկանց, ովքեր նեղության ու կարիքի մեջ են, ունեն ցավ: Եթե դուք ձեր մեջ սեր չունենաք, եթե մոտենաք ձեր առաքելությանը որպես զուտ աշխատանքի, եթե դիմացինի մեջ Քրիստոսին չտեսնեք, ձեր աշխատանքը հաջողված չի լինի: Իսկ եթե մարդկանց մեջ տեսնեք Քրիստոսին, ձեր բոլոր առօրյա դժվարությունները ավելի հանդարտությամբ ու ողջամտությամբ կկարողանաք հաղթահարել…

     

    Հաջորդ երկուշաբթի օրվանից սկսվում է Մեծ Պահքը.սա առիթ է ապաշխարության, որ ձեր ժամանակն անցկացնեք Աստծո հետ՝ աղոթելով, զորացնելով ինքներդ ձեզ և որպեսզի մասնակիցը դառնաք հրաշափառ Հարության…

     

    Մի՛ ասեք, թե դեռ ժամանակ ունենք, կաղոթենք: Ամեն օր հսկե՛ցե՛ք ձեզ: Մաղթում եմ ձեզ հաջող աշխատանքային օրեր և, ամենակարևորը, հավատքի ամրացում, ծույլ չլինե՛ք, կիրակի Պատարագի չեք մասնակցում, առօրյա հոգսերով եք զբաղված և Աստծուն ժամանակ չեք տրամադրում: Բայց այդ հոգսերով կարելի է զբաղվել Պատարագից հետո»:

     

    DSC07370

Օրացույց

Օրացույց