• Հայոց բանակի տոնը՝ Սրբոց Նահատակաց կաթողիկէ եկեղեցում

    «Մեր հոգևոր պարտականությունն է՝ միանալ հայ զինվորին, միանանք աղոթքո՛վ»


    29 հունվարի, 2016թ.

     2016թ. հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի օրվա առիթով Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում, մատուցվեց Սբ. Պատարագ, որին հաջորդեց Հայ կաթողիկէ երիտասարդաց միության կազմակերպած տոնական միջոցառումը: Սբ. Պատարագին և միջոցառմանը մասնակցեցին Գյումրիի ժողովրդապետության և «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի  տղամարդիկ, երիտասարդաց միության անդամները:

    1915443_1005669002805722_7830155455652621428_n

    Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի խնդրանքով, Սբ. Պատարագը մատուցեց Փանիկի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը: Քարոզի ժամանակ Հայր Գառնիկն ասաց հետևյալը.

     

    DSC07317 «Այսօր այս Սուրբ և Անմահ Պատարագը մատուցում ենք հայ զինվորի և հայոց բանակի դիտավորությամբ: Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում տոնում ենք հայոց բանակի 24-րդ տարեդարձը: Մեր հոգևոր պարտականությունն է՝ միանալ հայ զինվորին, միանանք աղոթքո՛վ: Ինչպես որ մեր պատմության մեջ պաշտպանել ենք մեր երկիրը, ևս առավել այսօր պետք է թիկունք լինենք հայ զինվորին: Մեր աջակցությունը պետք է լինի աղոթքով:

     

    Աղոթքը հայ զինվորի ամենաուժեղ զենքն է: Մենք միասնաբար, միահոգի հավաքված ենք այսօր այստեղ՝ մեր աղոթքը բարձրացնելու հայ զինվորի և հայոց բանակի համար: Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին և հայոց բանակին, որ այսօր գոյատևում ենք, որ այսօր ապրում ենք խաղաղ երկրում: Այս խաղաղությունը մեծ շնորհք է, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև այն գիշերը, երբ Հիսուս ծնվեց, Նրա հետ ծնվեց նաև խաղաղությունը: Ուստի մենք խաղաղությունը ստանում ենք Աստծո օրհնությամբ և շնորհիվ մեր հայոց բանակի ու մեր հայ զինվորի:

     

    Սրտանց շնորհավորում ենք մեր հայ զինվորին և հայոց բանակին՝ մաղթելով, որ Աստված պահի, պաշտպանի և ուղղի միշտ դեպի հաղթանակներ, որ կարողանանք միշտ խաղաղ ապրել այս երկրում»:

     

    DSC07326 DSC07324

    Սբ. Պատարագից հետո եկեղեցու ներքնահարկում տեղի ունեցավ տոնական ընթրիք:

    Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվեց այդ միջոցառումը, ներկաներին շնորհավորելով հայոց բանակի օրվա առիթով, ասաց հետևյալը.

     

    «Մենք՝ հոգևորականներս, ևս զինվորներ ենք, բայց զինվորներն ենք Քրիստոսի՛: Մեր ծառայությունը մատուցում ենք ոչ թե սահմանին, այլ՝ Եկեղեցում: Սբ. Պատարագը, որ այսօր մատուցեցինք, մեր սահմանը պաշտպանող զինվորների համար էր: Մեր աղոթքների մեջ պետք է մշտապես հիշենք մեր զինվորներին, որպեսզի ողջ և առողջ վերադառնան իրենց հայրենի օջախները»:

     

    Տեր Գրիգորը խնդրեց, որ ներկաները ջանքեր գործադրեն, որ ժողովրդապետության մեջ է՛լ ավելի հաստատվի համերաշխությունն ու սերը: Երգչախմբի տղաներին հիշեցրեց աղոթական ոգով երգելու կարևորությունը. «Ձեր երգեցողությունը զուտ աշխատանք չէ, այլ՝ աղոթք առ Աստված: Հետևաբար, մասնակցելը Սբ. Պատարագին կարևորագույն առաքելություն է: Ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, լավ է և՛ գործել, և՛ աղոթել»:

     

    Ժողովրդապետը երիտասարդներին խնդրեց ավելի նվիրյալ աշխատանքով նախաձեռնել ծրագրեր՝ հետագա տոնական օրերին իրականացնելու համար: Հունվարի 31-ին Սրբոց Նահատակաց եկեղեցում կայանալիք բարեգործական համերգի հասույթը երիտասարդաց միության միջոցով բաժանվելու է անապահով ընտանիքների:

     

    Ընթրիքից հետո երիտասարդներն իրենց տոնական տրամադրությունն արտահայտեցին միասնական ժողովրդական պարերով:

     

    DSC07320DSC07329

Օրացույց

Օրացույց