«Ողորմութիւն եմ կամենում, ոչ թէ՝ զօհ» (Մտթ.9:13)
28 հունվարի, 2016թ.
1.Մարիամը պատկերն է ավետարանող Եկեղեցւոյ, որովհետև Մարիամը ընդունել է Ավետարանը
Ողորմության հոբելինական տարին ազդարարող կոնդակում ես խնդրեցի, «որ Պահքի շրջանը այս տարի ավելի ջերմեռանդորեն ապրվի՝ որպես մի ժամանակաշրջան՝ հատկապես գործադրելու Տիրոջ ողորմածությունը»…Աստծո ողորմության հռչակումն աշխարհին յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ընդունի անմիջականորեն…
Գաբրիել հրեշտակապետի ավետումից հետո Մարիամը իր «Մեծացուսցէ»-ում մարգարեանալով երգում է Աստծո ողորմության մասին, որ Աստված ընտրեց իրեն: Նազարեթի Կույսը՝ Հովսեփի նշանածը, այսպիսով դարձավ կատարյալ սրբապատկերը Եկեղեցու, որը ավետարանում է, որովհետև Մարիամն ինքը ընդունեց բարի լուրը՝ Սուրբ Հոգուց, Ով իր կուսական արգանդը բեղուն դարձրեց: Մարգարեական ավադության մեջ ողորմությունը, նույնիսկ բառի ստուգաբանությամբ, սերտորեն կապված է մայրական արգանդի և առատաձեռն, հավատարիմ և կարեկից բարության հետ, որը դրսևորվում է ամուսնության և ընտանեկան հարաբերությունների մեջ:
2.Աստծո ուխտը մարդկության հետ.ողորմության պատմություն
Աստվածային ողորմության խորհուրդը հայտնվել է Աստծո և Իսրայելի միջև ուխտի պատմության մեջ: Աստված Իրեն հայտնում է որպես գերհարուստ ողորմությամբ, միշտ պատրաստ՝ մեծ քնքշություն և սրտակցություն ցուցաբերելու Իր ժողովրդի հանդեպ, հատկապես, այն ողբերգական պահերին, երբ անհավատարմությունը քայքայում է ուխտի կապը…Ահա՛ սիրո ճշմարիտ մի պատմություն, որտեղ Աստծուն՝ որպես հայր և ամուսին, դավաճանել են, մինչդեռ Իսրայելը անհավատարիմ զավակն ու հարսն է: Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան շատ է Աստված կամենում Ինքն Իրեն կապել Իր ժողովրդի հետ:
Այս սիրո պատմության գագաթնակետը Աստվածորդու մարդեղությունն է: Քրիստոսի մեջ Հայրը շնորհում է իր անսահման ողորմությունը՝ Նրան դարձնելով «մարմնացյալ ողորմություն» (Misericordiae Vultus, 8): Որպես մարդ՝ Հիսուս Նազովրեցին Իսրայելի ճշմարիտ զավակ է, Նա մարմնավորում է այն կատարյալ հնազանդությունը, որը պահանջվում էր յուրաքանչյուր հրեայից հետևյալ պատվիրանով և որն այսօր էլ սիրտն է այն ուխտի, որը Տերը կնքել է Իսրայելի հետ.
«Լսի՛ր Իսրայել, Տերը՝ մեր Աստված, մեկ Տեր է, և դու պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» (Երկ.օր., Զ:4-5):
Որպես Աստծո Որդի, նա Փեսան է, Ով անում է ամեն բան՝ շահելու իր հարսի սերը, ում հետ կապված է անպայմանական սիրով և որը տեսանելի է դառնում հավիտենական հարսանեկան խնջույքի մեջ:
Սա է առաքելական քարոզության սիրտը, որտեղ աստվածային ողորմությունը կենտրոնական և հիմնարար տեղ ունի: Սա «Աստծո փրկարար սիրո գեղեցկությունն է, որը հատնի եղավ Հիսուս Քրիստոսի մեջ…», այս առաջին ազդարարումը, որը պետք է լսենք նորից և նորից՝ տարբեր եղանակներով: Ողորմությունը «մեղավորին հասնելու Տիրոջ միջոցն է՝ մեղավորին առաջարկելով մի նոր հնարավորություն՝ նայելու ինքն իրեն, դարձի գալու և հավատալու» (Miser. Vlt., 21)՝ այսպիսով վերականգնելով մեղավորի հարաբերությունները Տիրոջ հետ: Խաչյալ Հիսուսի մեջ Աստված ցույց է տալիս Իր փափագը՝ մերձ լինելու մեղավորներին, ինչքան էլ որ նրանք հեռացած լինեն Իրենից: Այսպիսով, Տերը հույս ունի փափկացնելու իր Հարսի կարծրացյալ սիրտը:
3.Ողորմության գործերը
Աստծո ողորմությունը վերափոխում է մարդկանց սրտերը.այն մարդուն ի զորու է դարձնում, հավատարիմ սիրո փորձառությամբ, դառնալ գթասիրտ: Միշտ նոր մի հրաշքով աստվածային ողորմությունը փայլում է մեր կյանքերում՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս՝ սիրելու մեր մերձավորներին և նվիրվել ողորմության հոգևոր և նյութական գործերին: Այս գործերը հիշեցնում են մեզ, որ հավատքը արտահայտվում է ամենօրյա կոնկրետ գործերում, որոնց նպատակը օգնելն է մեր մերձավորներին՝ կերակրելով, այցելելով, մխիթարելով և ուղղորդելով նրանց…Սա կլինի մի միջոց՝ վերարթնացնելու մեր խիղճը…և ավելի խորը ներթափանցելու Ավետարանի սիրտը, որտեղ աղքատները հատուկ ձևով զգում են Տիրոջ ողորմածությունը: Որովհետև աղքատների մեջ Քրիստոսի մարմինը դառնում է տեսանելի՝ խոշտանգվածների, բեկյալների, թերսնվածների, աքսորյալների մեջ…որոնց հանդեպ պետք է հոգ տանենք: Դա Աստծո Անմեղ Գառան չարչարանքների շարունակությունն է՝ ժամանակի մեջ, սիրո անկիզելի մորենին: Այս սիրո առջև մենք կարող ենք Մովսեսի նման հանել մեր կոշիկները, հատկապես, երբ աղքատները մեր եղբայրներն ու քույրերն են՝ ի Քրիստոս, ովքեր չարչարանքներ են կրում իրենց հավատքի համար:
…Աղքատները ներկայացնում են հնարավորություն՝ դարձի գալու առ Աստված, որը մեզ առաջարկում է Տերը, և որը հաճախ չենք տեսնում: Այդպիսի կուրությունը ուղեկցվում է հպատ մի ինքնախաբերությամբ, թե մենք ամենակարող ենք.սա չարագուշակ ձևով արտացոլում է սատանայական «դուք կլինեք աստվածների նման» (Ծննդ., 3:5) խոսքը, որը բոլոր մեղքերի արմատն է: Այդ ինքնախաբերությունը կարող է նաև քաղաքական ու սոցիալական ձևեր ընդունել, ինչպես անկհայտ դարձավ 20-րդ դարի ամբողջատիրական համակարգերում, իսկ մեր օրերում՝ տեխնոգիտության և մենիշխանության գաղափարախոսություններով, որոնք անիմաստ են համարում Աստծուն և մարդուն իջեցնում են շահագործման ենթակա հումքի մակարդակի…
Ուրեմն, այս Պահքի շրջանը բարենպաստ ժամանակ է՝ հաղթահարելու մեր խորթությունն Աստծուց, լսելու Տիրոջ Խոսքը և կատարելու ողորմության գործեր…
Չվատնենք Պահքի այս շրջանը ի զուր, որը դարձի գալու ժամանակ է: Հայցում եմ Կույս Մարիամի մայրական բարեխոսությունը, ով իր վրա զգալով Տիրոջ ողորմության մեծությունը, առաջինն էր, որ ի գիտություն ընդունեց իր խեղճությունը և ինքն իրեն անվանեց Տիրոջ խոնարհ ծառա (Ղկ.,Ա, 38):
Ֆրանցիսկոս Քահանայապետ
Վատիկան, 4 հոկտեմբերի, 2015թ.
Տոն Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու