• Հաշվետվություն՝ Երիտասարդության համաշխարհային օրվա (ԵՀՕ) նախապատրաստական աշխատանքների

    Սկսվում են 2016թ. նախապատրաստական հանդիպումները:


    15 հունվարի, 2016թ.

     2015թ. ընթացքում Հայաստանում կազմակերպվել է Երիտասարդության համաշխարհային օրվա (տեղի կունենա 2016թ. հուլիսի 25-31-ը, Կրակովում) պատրաստության 4 ընդհանուր հանդիպում, որին մասնակցել է ընդհանուր թվով մոտ 100 երիտասարդ՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքներից: Հանդիպումները տեղի են ունեցել Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում, մեկ կամ երկու օր տևողությամբ: Մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ պայմաններով և սննդով:

     

    Առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել 2015թ. փետրվարին և մայիսին: Մայիսի 1-ի հանդիպմանը ներկա գտնվեցին նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, իսկ ժողովրդապետներից՝ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Գերպ. Հ. Ներսես վրդ. Գալստյանը, Գերպ. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, Արժ. Տ. Անտոն քհն. Անտոնյանը: Ժողովի ընթացքում քննարկվեցին ուխտագնացության կազմակերպչական հարցերը:

     

    Դեռևս 2015թ. հունվարին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասյանը եւ երկու երիտասարդներ (Քրիստինե Մխիթարյան, Սիրանուշ Մինասյան) Լեհաստանում մասնակցեցին ԵՀՕ կազմակերպչական աշխատանքներին: Լեհ հոգեւոր պատասխանատուները եւ Պլոտսկի համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել՝ հյուրընկալելու մինչեւ 700 հայ երիտասարդ եւ խոստացել են կազմակերպել հանգանակություններ եւ բարեգործական վաճառքներ՝ հայ երիտասարդների Լեհաստանում մնալու ծախսերը լուծելու համար եւ հայ երիտասարդներին առաջարկել են նման ձեռնարկներ կազմակերպել նաեւ  Հայաստանում: Մայիսի 1-ի հանդիպման ժամանակ Սրբազան Հայրը խօսեց այդ մասին եւ առաջարկեց որոշակի ծրագրեր մտածել ու իրականացնել՝ ճանապարհածախսի խնդիրը լուծելու համար, որովհետեւ լուրջ միջոցներ են անհրաժեշտ՝ մեծ թվով երիտասարդներ Լեհաստան ուխտագնացութեան տանելու համար: Որպես օրինակ, առաջարկեց ձեռագործների կամ սեփական ձեռքով պատրաստված այլ իրերի վաճառք կազմակերպել:

     

    Սրբազանը խնդրեց երիտասարդներից իւրաքանչյուրին մյուս նախապատրաստական հանդիպումներին իրենց հետ բերել ևս 3-5 հոգի՝ աւելի մեծ թուով ԵՀՕ ուխտագնացութեան մեկնելու համար: Հանդիպման ընթացքում Սիրանուշ Մինասյանը և Քրիստինե Մխիթարյանը պատմեցին Պլոտսկի լեհ երիտասարդների հետ իրենց շփումների մասին, լեհերի նախապատրաստական աշխատանքների մասին, նաև պատրաստեցին հայ երիտասարդների հանդիպումների մասին պատմող մի կարճ տեսանկարահանում և ուղարկեցին լեհ ընկերներին:

     

    Հաջորդ ընդհանուր հանդիպումը կազմակերպվեց 2015թ. հոկտեմբերի 3-ին, որի ընթացքում Լևոն Գալստյանը երիտասարդները ծանոթացրեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղերձին՝ Երիտասարդության 31-րդ համաշխարհային օրվա առիթով: Ուղերձի հայերեն թարգմանության օրինակները բաժանվեցին երիտասարդներին: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում ուղերձի մի քանի կետերի շուրջ:

     

    Հոկտեմբերի 10-11-ի հանդիպմանը մասնակցեցին ամենաշատ թվով երիտասարդներ՝ 96: Հանդիպմանը դարձյալ ներկա գտնվեց Սրբազան Հայրը և երիտասարդներին հրավիրեց խորհրդածելու սեփական համայնքային ինքնության մասին՝ փորձելով ավելի խորությամբ ըմբռնել այն և արտահայտել սեփական կյանքում՝ առաջին հերթին միասնականությամբ: «Մենք պետք է միանանք Ընդհանրական Եկեղեցու քայլքին՝ որպես մեկ մասը Եկեղեցու: Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք ուժեղ հավատք, մշակույթ, միասնականություն, ինքնության գիտակցության: Դուք պետք է ինձ զորավիգ լինեք ձեր միասնականությամբ, միշտ պետք է հիշեք, որ մենք մի ժողովուրդ ենք, ով իր հավատքը իր արյունով է պահել».-ասաց Ռաֆայել Սրբազանը:

     

    Այս չորրորդ հանդիպման ըթնացքում երիտասարդների հետ հոգևոր կրթություն անցկացրեց Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը՝ հրավիրելով խորհրդածել ավետրանական երանիների շուրջ, ըստ ԵՀՕ պատրաստության 2015թ. ծրագրի: Գերպ. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը Սբ. Պատարագ մատուցեց: Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը խոսեց ԵՀՕ-ին մասնակցող երիտասարդի հոգևոր նկարագրի, սկզբունքների մասին, որոնց համաձայն իրականացվում է մասնակիցների ընտրությունը: Լևոն Գալստյանը  երիտասարդներին ներկայացրեց Սրբազան Քահանայապետի «Misericordiae Vultus` Ողորմության դեմքը» կոնդակի ամփոփ բովանդակությունը, որն ավարտվեց քննարկումներով: Երիտասարդները սովորեցին ԵՀՕ պաշտոնական օրհներգի հայերեն տարբերակը, որը դեռևս մշակման կարիք ունի: Ակտիվ խաղերի ու շփումների միջոցով տարբեր համայնքների երիտասարդներ ընկերացան միմյանց հետ՝ հիմք դնելով սերտ միասնականության:

     

    2015թ. հոկտեմբերի 12-ին առաջնորդարանում տեղի ունեցավ քահայական ժողով՝ ԵՀՕ-2016- կազմակերպչական հարցերը քննարկելու համար: Մասնակցեցին Հայաստանում և Վրաստանում ծառայող բոլոր հոգևորականները: Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, ԵՀՕ-2016-ի ուխտանգացության կազմակերպման նախագահ ընտրվեց Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, փոխնախագահ՝ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը: Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ժողովրդապետներին խնդրեց նախապատրաստական հանդիպումներ կազմակերպել առանձին համայնքներում: Ընդհանուր հանդիպումներ կազմակերպել ձմռան ամիսներին հնարավոր չէ տեխնիկական պատճառներով:

     

    2015թ. նոյեմբերի 1-ին և դեկտեմբերի 13-ին Արևիկում Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը կազմակերպեց 2 հանդիպում, որոնց մասնակցեց մոտ 40 երիտասարդ՝ Արևիկից, Ազատանից և Գյումրիից: Տեղական հանդիպումներ կազմակերպվել են նաև Լանջիկում և Ձիթհանքովում: Տեր Նարեկը խոսել է ԵՀՕ առաքելության և Եկեղեցու խորհուրդների մասին:

     

    2015թ. նոյեմբերի 22-ին Փանիկում տեղի երիտասարդության հանդիպում կազմակերպեց Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և երիտասարդներին ներկայացրեց Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ ԵՀՕ-2016-ի առիթով:

     

    2015թ. նոյեմբերի 25-29-ին Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը (Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի փոխարեն) և Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը մասնակցեցին Լեհաստանի Վադովիցե (Wadowice) քաղաքում տեղի ունեցած ԵՀՕ-2016-ի Բ միջազգային նախապատրաստական հանդիպմանը, որին մասնակցեց մոտ 300 ներկայացուցիչ՝ տարբեր երկրների կաթողիկէ համայնքներից:

     

    2016թ. հունվարի 14-ին Գյումրիում տեղի ունեցավ ԵՀՕ-2016-ի կազմակերպիչների կարճ խորհրդակցություն.որոշվեց 2016թ. առաջին նախապատրաստական ընդհանուր հանդիպումը կազմակերպել Մեծ Պահոց շրջանի առաջին օրերին, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարի ներքնահարկում՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ: Հանդիպման օրվա, ժամի և օրակարգի մասին կտեղեկացնենք մոտ օրերին:

     

    ԵՀՕ-2016-ի ուխտագնացությանը մասնակցող Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէների մեծ խումբը (macro group)  գրանցված է ԵՀՕ պաշտոնական կայքում (http://www.krakow2016.com/)` Սբ. Գրիգոր Նարեկացի անվամբ: Մասնակիցների ընդհանուր և մոտավոր թիվը 400 է:

     

    Կազմակերպչական աշխատանքների նախագահ՝ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան, փոխնախագահ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկ, հանրային կապերի պատասխանատու՝ Լևոն սրկ. Գալստյան, օգնականներ՝ Քրիստինե Մխիթարյան, Սիրանուշ Մինասյան:

     

    Խնդրում ենք բոլոր ժողովրդապետներին կազմակերպչական խմբին ներկայացնել իրենց համայնքների մասնակիցների թվերը՝ պաշտոնական կայքում փոքր խմբերի (micro group) գրանցման անհրաժեշտ փուլի համար:

     

    Էլեկտրոնային հասցե՝ [email protected][email protected]  

     

    ԵՀՕ-2016 Կազմակերպչական խմբի նախագահ՝

    Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան

     

     

    15 հունվարի, 2016թ., Գյումրի

     

     

     

     

Օրացույց

Օրացույց