2016թ. հունվարի 12-ին Անիի տարածաշրջանի Ձիթհանքով գյուղում օրհնվել է նորակառույց մի մատուռ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Ձիթհանքովի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի, գյուղի կաթողիկէ հավատացյալների ներկայությամբ:
13 հունվարի, 2016թ.
Մատուռը կառուցվել է Ռուսաստանում բնակվող ծնունդով նույն գյուղից Արագած Պապոյանի ֆինանսական միջոցներով և նախաձեռնությամբ: Մատուռն անվանել են Կարմիր Ավետարան, որը հնում գյուղում պահված մի հին ավետարանի անունով է: Այդ Կարմիր Ավետարանը գյուղ են բերել դեռևս առաջին ներգաղթյալ հայ կաթողիկէները՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից, 1830-ականներին: Հետագայում Կարմիր Ավետարանը նվիրել են Էջմիածնի թանգարանին, որտեղ էլ այն հիմա պահվում է: Մատուռը ժամանակի ընթացքում կիսավեր է դարձել, տեղում կառուցել են նորը, որը և օրհնվեց Սրբազան Հոր ձեռամբ:
Մատռան օրհնությունից հետո Սրբազան Հայրն ասաց.
«Ուրախ եմ, որ օրհնեցինք այս մատուռը, որ դառնա ձեզ համար ապաստարան՝ դժվարության մեջ և հոգևոր կյանքի աղբյուր: Երբեմն գործի մեջ պետք է հիշենք Աստծուն նվիրված այն տները, ուր կարողանանք մեր սրտի սփոփանքը ստանալ: Շնորհավորում եմ ձեզ»:
Գյուղի ժողովրդապետը շնորհակալություն հայտնեց Սրբազանին.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այդքան բազմազբաղ լինելով հանդերձ կարողացաք ժամանակ գտնել և օրհնել այս մատուռը: Աղոթենք, որպեսզի Աստված ուղղորդի մեր եկեղեցին դեպի պայծառություն և մենք էլ կարողանանք իրականացնել մեր առաքելությունը մեր համայնքներում»:
Ձիթհանքովում կա երկու գործող եկեղեցի՝ կաթողիկէ և առաքելական: Կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1901թ.: Գյուղն ունի մոտ 1400 բնակիչ, որոնց մոտ 30 տոկոսը կաթողիկէ են: