• Ողորմության տարվա մեկնարկ և սարկավագական ձեռնադրություն՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց Տաճարում

    «Ամենքս միասին՝ որպես մեկ հոգևոր ընտանիք, պետք է կարողանանք վկայել Աստվածային գերագույն սիրո և ողորմության մասին».Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան


    11 դեկտեմբերի, 2015թ.

    2015թ. դեկտեմբերի 9-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին տոնեց Աստվածածնի Անարատ Հղության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սբ. Պատարագ: Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սբ. Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը՝ առընթերակայությամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի և Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի: Արարողությանը ներկա էին նաև Անարատ Հղության առաքինազարդ հայ քույրեր, Գթության առաքինազարդ քույրեր՝ Սպիտակի տնից, հավատացյալներ:

    DSC06919

     

    Անարատ հղության տոնին Կաթողիկէ Եկեղեցում մեկնարկեց Աստվածային Ողորմության հոբելյանական տարին՝ հռչակված Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի կոնդակով: Ողորմության տարվա բացումը, ինչպես շատ եկեղեցիներում, Գյումրիում ևս կատարվեց Ողորմության Սուրբ Դռան բացման արարողությամբ: Դռնբացէքի գեղեցիկ արարողակարգը կատարվեց Սբ. Պատարագից առաջ: Հոգևորականների, սպասավորների և երգչախմբի թափորը, շարականների հնչյունների ուղեկցությամբ, մոտեցավ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարի գլխավոր մուտքին: Սրբազան Հայրը ձեռաց խաչով երեք անգամ թակեց դուռը՝ ասելով հետևյալ գեղեցիկ աղոթքը.

     

    DSC06929

    «Բա՛ց մեզ Տէր, բա՛ց մեզ Տէր, Բա՛ց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ, բացէ՛ք ինձ զդրունս արդարութեան, զի մտից ընդ այն եւ խոստովան եղէց Տեառն»:

     

     

     

     

     

     

    DSC06930

    Դուռը բացելով՝ թափորը, հավատացյալների բազմության հետ միասին ներս մտավ Տաճար: Ատյանում Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանն ընթերցեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապի աղոթքը՝ Ողորմության տարվա համար, ապա սկսվեց Սուրբ Պատարագը: Որպես Աստվածային ողորմության մի գեղեցիկ արտահայտություն, յընթացս Սբ. Պատարագի, կատարվեց դպիր Լևոն Գալստյանի սարկավագական ձեռնադրությունը:

     

     

    12369490_1765878456976058_2069312383_o

    Ըստ կարգի, դպիրը ծնրադիր և ձեռնամած դիրքով հրաժարվեց սատանայից ու աշխարհական բարքերից՝ իր ուսերին զգալով քահանաների զորակցությունը՝ ձեռնադրությամբ: Ապա, Սրբազան Հոր ձեռնադրությամբ դպիրը ստացավ աստվածային շնորհ, որպեսզի ի զորու լինի քահանաների հետ միասին մասամբ տանել Տեր Հիսուս Քրիստոսի լուծը: Տիրոջ բեռը մասամբ կրելու խորհրդանշանն է ժապավենը, որը նորընծա սարկավագը ստացավ եպիսկոպոսից, ինչպես նաև իշխանություն՝ Սբ. Պատարագի ժամանակ Ավետարանն ընթերցելու, հավատացյալներին Սբ. Հաղորդություն բաշխելու և խնկարկելու:

     

    Իր քարոզի ժամանակ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը նախ շնորհավորեց նորընծա սարկավագին և մաղթեց՝ պատրաստվել քահանայական ձեռնադրության՝ ասելով հետևյալը.

     

    «…որովհետև լրիվ իմաստալից նշանակություն ունի այսօրվա ձեռնադրությունը՝ այն օրը, որ Ընդհանրական Եկեղեցին հաստատում է Աստվածային Ողորմության տարվա սկիզբը: Ողորմությունը գերագույն և գերազանց աստվածային սիրոյն նշանն է: Քրիստոս եղավ տեսանելի դեմքը անտեսանելի Հայր Աստծո: Աստված դեմք առավ և մեզ նման ապրեց այս աշխարհում՝ Իր գերագույն սերը, գուրգուրանքը փաստելով մարդկությանը, կերակրելով աղքատներին, հիվանդներին առողջություն տալով, գերիներին ազատելով և, նույնիսկ, մեռելներին հարություն տալով: Եվ այս բոլորը ցուցմունքն է՝ այն աստվածային ողորմության, որ Աստված ունի մարդկության հանդեպ»:

     

    DSC06963

    Սրբազան Հայրը դիմեց ծնողներին և հրավիրեց անդրադառնալու զավակների ապերախտության երևույթին՝ ի դեմս ծնողական մեծ սիրո և նվիրումի: Զավակի ապերախտությանը ծնողը կարող է պատասխանել անեծքներով: Բայց Աստծո և մարդու հարաբերության պարագային իրականությունը տարբեր է:

     

    «Ու՞ր է մեր պատասխանը, ինչո՞վ ենք պատասխանում Հայր Աստծուն, Սուրբ Երրորդությանը, որ այսքան բարիքներ արեց, անում է և դեռ պետք է անի:

    Որքան էլ մենք մեղանչենք, որքան էլ մենք ընկնենք, Աստված այնքա՛ն ավելի գթասիրտ ու ողորմած է, պատրաստ՝ մեզ հեռացնելու վտանգներից: Այսօրվա արարողության ժամանակ բացեցինք դուռը, մենք ամենքս դուրսն էինք: Դրսից ներս մտնելը ի՞նչ է նշանակում. Ա՛յն, որ մենք ճանաչում ենք, որ մեղքի մեջ էինք, և դա ընդունելով՝ անցնում ենք խավարից դեպի լույսը, դեպի խորանը, դեպի Քրիստոսը՝ Նրա միջոցով հաշտվելու Հայր Աստծո հետ: Եթե ընդունում ենք, ուրեմն զղջում ենք: Սա՛ է Տիրոջ նկատմամբ մեր սիրո արտահայտությունը:

     

    Ի՞նչ է խոստովանությունը: Պետք է կարողանանք արտահայտել մեր սերը, ասել՝ ես մեղանչեցի: Ներումը, որ քահանան տալիս է, դա արդեն աստվածային մի պարգև է, որով մենք ուղղակիորեն լույսի մեջ ենք մտնում, հավիտենական կյանքի լույսի մեջ ենք ապրում»:

    DSC06973

    Քարոզի վերջում իր խոսքը դարձյալ ուղղելով նորընծա սարկավագին՝ Սրբազան Հայրն ասաց.

     

    «Ողորմության տարվա այս առաջին օրը դու ստանում ես մի պարգև՝ ծառայելու համար Աստծո Սեղանին, սա աստվածային սիրո գերագույն արտահայտությունն է քո կյանքում, քո ընտանիքի կյանքում: Մաղթում եմ, որ նաև երկրորդ առիթին, որ Անարատ Հղության գեղեցիկ տոնն է,  Աստվածամայրը, Սբ. Երրորդությունը Ողորմության տարվա ընթացքում քեզ համար և մեզ բոլորիս համար դառնան  աղբյուր՝ ուրախության, մաքրության, շնորհքի, հարազատության և վկայության»:

     

    Յավարտ Սբ. Պատարագի, ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը.

     

    «Մեծ ուրախություն է մեզ համար, որ Անարատ Հղության տոնին և Ողորմության տարվա սկզբին այս սուրբ տաճարում տեղի ունեցավ այս ձեռնադրությունը: Նախևառաջ փա՛ռք, պատի՛վ, երկրպագությու՛ն և երախտագիտությու՛ն՝ Ամենակալին և Աստվածամորը, ապա շնորհակալություն հայտնենք Ձեզ՝ Արհիապատիվ Սրբազան Հայր, որ այսօր մեր Եկեղեցուն պարգևեցիք Սուրբ Սեղանի նոր սպասավոր՝ Լևոն սարկավագին: Շնորհավորանքներս նաև բարեշնորհ սարկավագին, իր ծնողներին, կնոջը, որ հոժարությամբ նվիրեցին իրենց զավակին և ամուսնուն՝ ի ծառայություն Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ»:

     

    DSC06979

    Ամենավերջում խոսք տրվեց նաև նորընծա սարկավագին, ով իր երախտագիտությունն հայտնեց Տիրոջը՝ աստվածային ողորմությանն արժանանալու համար, շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ իրեն սարկավագական ձեռնադրության ընդունելու համար, Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանին և Արժ. Տ. Գրիգոր ավ. Քհն. Մկրտչյանին՝ իրեն հոգևոր զարգացման ճանապարհին առաջնորդելու համար, ինչպես նաև՝ ծնողներին, կնոջը և արարողությանը ներկա հավատացյալներին:

     

     

    Լևոն սարկավագ Գալստյանի կենսագրականը

     

    Ծնվել է 1983թ. փետրվարի 21-ին, Գյումրիում:

     

    1989-1997թթ.սովորել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, 1997-99թթ.՝ Գյումրի «Ֆոտոն» վարժարանում: 1992-96թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան արվեստի դպրոցի նկարչության բաժինը:

     

    1999-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան (մագիստրական թեզ`«Վլադիմիր Սոլովյովի «համամիասնության» աստվածաբանությունը»):

     

    12348250_1765879593642611_2074730925_n

    2005-07թթ. ծառայել եմ ԼՂՀ Պաշտպանության բանակում:

     

    2007-2011թթ. աշխատել է Գյումրիի «Շանթ ՀՌԸ»-ում՝ որպես «Հորիզոն» լրատվական ծրագրի լրագրող:

     

    2011 -2014թթ. աշխատել է Ռադիո Մարիամ ռադիոյականում՝ որպես լրագրող:

     

    2014թ. մայիսից աշխատում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդարանում՝ որպես թեմական կայքի լրագրող: Միաժամանակ, Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, հոգևոր կրթություն և հոգևոր ծառայության պատրաստություն է սկսել՝ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի առաջնորդությամբ և խորհրդատվությամբ:

     

    Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու դուստր և մեկ տղա:

     

     

     

    12381049_1765879603642610_2126290512_o DSC06985

Օրացույց

Օրացույց