Նյութն՝ ըստ ՀՀ Մշակույթի նախարարության hayernaysor.am կայքի
9 դեկտեմբերի, 2015թ.
Դեկտեմբերի 5-ին Լեհաստանի Կրակով քաղաքում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել Կրակովի Հայ մշակութային ընկերության գործունեության 25-ամյակի և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհահայերի կազմակերպած առաջին հայկական համաժողովի 35-ամյակի հոբելյանների առթիվ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այդ օրը Կրակովի պետական ֆիլհարմոնիայի Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեցին Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու վարդապետ Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովի Հայ մշակութային ընկերության նախագահ Մաչեյ Յանիկը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Կրակովի Յագելոնյան համալսարանի մի շարք պրոֆեսորներ, Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց Կրակովի Հայ մշակութային ընկերության գործունեության 25 տարիների պատմությունը և դերը հայ համայնքի կազմակերպման կյանքում: Հանդիսավոր նիստում շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև դեսպան Էդգար Ղազարյանը: Իր ելույթում դեսպանը ընդգծեց Լեհաստանի հայ համայնքի առանձնահատուկ դերը հայկական Սփյուռքում՝ նկատի ունենալով դրա մի քանի հարյուր տարվա հարուստ պատմությունը: Դեսպանը գոհունակությամբ նշեց նաև, որ Հայ մշակութային ընկերությունը իր գործունեության 25 տարիների ընթացքում կարողացել է ամրապնդել և կազմակերպված բնույթ հաղորդել հայ համայնքին, ներկայացնել Լեհաստանի հայերի պատմությունը, իսկ մեր լեհ բարեկամներին` հայկական մշակույթն ու հայ ժողովրդի պատմությունը, իրականացնել հրատարակչական, կրթական, մշակութային բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Հայ մշակութային ընկերությանը, հատկապես 2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ բովանդակային, արժեքավոր և հիշարժան միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման համար:
Հանդիսավոր նիստից հետո ներկայացվեց գրական-գեղարվեստական ծրագիր, որի ընթացքում PERFORMER թատրոնի կողմից ներկայացվեցին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», ինչպես նաև Բոգդան Կասպարովիչի և Վարուժան Ոսկանյանի ստեղծագործությունների վրա հիմնված ներկայացումներ:
Նույն օրը միջոցառման մասնակիցներն այցելեցին Կրակովի միջազգային մշակութային կենտրոն, որտեղ 2015 թվականի նոյեմբերի 25-ից պաշտոնապես բացվել է «Լվովի հայկական տաճարը և դրա հեղինակները» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայկական մշակութային ժառանգության մասին պատմող նյութեր: