• Հարցազրույց՝ Վրաստանի Կարիտասի տնօրենի հետ.Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը 2016թ. կստանձնի նաև Վրաստանի Կարիտասի նախագահությունը

    «Երիտասարդներին հարկ է սովորեցնել Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետությունը»:


    3 դեկտեմբերի, 2015թ.

     Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը 2016թ. հունվարի 4-ից կստանձնի նաև Վրաստանի Կարիտասի ընդհանուր նախագահությունը, ի հավելումն Հայկական Կարիտասի նախագահության, երկու տարի ժամկետով, տարածաշրջանի մյուս կաթողիկէ եպիսկոպոսների հետ ռոտացիոն կառավարման վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: Վրաստանի Կարիտասի առաքելության տիրույթն ընդգրկում է հայ կաթողիկէների, լատին ծեսով վրացի կաթողիկէների և քաղդեական ծեսով քաղդեացի կաթողիկէների: Վրաստանի հարավային շրջանում Կարիտասի գործունեության հիմնական թիրախային խումբը հայերն են:

     

    Վրաստանում Կարիտասի առաքելության մասին զրուցեցինք Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ուիմ Փիլզի (Wim Piels) հետ, ով 2015թ. դեկտեմբերի 3-ին Երևանում հանդիպեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ: Փիլզը Նիդեռլանդներից է, նվիրյալ կաթողիկէ, աշխատել է տարբեր երկրներում գործող Կարիտասի հաստատություններում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում Կարիտասի ներկա և հետագա ծրագրերը: 2016թ. Վրաստանի Կարիտասը նախատեսում է Թբիլիսիում կազմակերպել մեկշաբաթյա դասընթաց՝ երիտասարդ նախաձեռնողների (animator) պատրաստության համար.

     

    «Հիմնական նպատակն է՝ ունենալ ավելի ակտիվ երիտասարդներ, ովքեր կներգրավվեն բարեգործության և սոցիալական արդարության համար պայքարում, պատրաստել նրանց՝ լինելու ավելի ակտիվ այս ոլորտներում՝ օգտագործելով իրենց ունեցած հնարավորությունները: Շատ համայնքներ սոցիալապես անապահով են: Հնարավոր չէ զարգացնել մարդկանց, նրանք պետք է իրենք զարգանան: Կարող ենք օգնել նրանց մտածել հետևյալի շուրջ.«Ո՞վ եմ ես: Ի՞նչ կարող եմ անել համայնքիս համար՝ որպես քրիստոնյա, որպես կաթողիկէ»».ասաց Ուիմ Փիլզը:

     

    Ինչպես նախատեսվում է, Քահանաները դասընթացներին մասնակցող երիտասարդ նախաձեռնողներին կծանոթացնեն Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետությանը, որը կօգնի նրանց իրենց մտահղացումները և հետագա գործունեությունը համայնքներում կառուցել՝ կյանքի կոչելով Եկեղեցու վարդապետությունը: Նախաձեռնողները բոլորը կլինեն կաթողիկէներ, բայց իրենց համայնքներում կաշխատեն տարբեր հարանվանությունների հարող երիտասարդների հետ: Ուիմ Փիլզը հատկապես կարևորում է երիտասարդների ծանոթությունը Կաթողիկէ Եկեղեցու վարդապետությանը:

     

    Վրաստանի Կարիտասի գործունեության հիմնական ուղղությունները նման են Հայկական Կարիտասի որդեգրած ուղղություններին և արտահայտում են Միջազգային Կարիտասի սկզբունքները՝ համաձայն Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության: Ըստ այդմ, իրականացվում են ծրագրեր՝ առողջապահական (տնային խնամք, վերականգնողական կենտրոններ, շարժական բուժսպասարկում), սոցիալական (անվճար ճաշարաններ, ապաստարաններ՝ աբօթևանների համար), երիտասարդական (երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ, աշխատանք՝ փողոցում հայտնված երեխաների հետ), համայնքային զարգացման ծրագրեր (խմելու ջրի, ոռոգման ջրի համակարգերի ապահովում, գյուղացիական տնտեսությունների աջակցություն), արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն և այլն:

Օրացույց

Օրացույց