• «Աստված դեռևս ողորմած է իմ հանդեպ».Պապի հարցազրույցը՝ Credere ամսագրին

    «Ես մի մեղավոր եմ, ում Տերը նայեց ողորմությամբ»:


    3 դեկտեմբերի, 2015թ.

     Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հարցազրույց է ունեցել իտալական «Credere» ամսագրի հետ և խոսել Ողորմության հոբելյանական տարվա մասին, որը կմեկնարկի Աստվածամոր Անարատ Հղության տոնին՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին (դեկտեմբերի 9-ին՝ Հայ Կաթողիկէ եկեղեցու օրացույցով):

     

    Քահանայապետը բացատրել է, որ ողորմության կամ գթասրտության թեման միշտ շեշտադրվել ու զարգացվել է Եկեղեցում՝ սկսած Պողոս 6-րդ Քահանայապետից: Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը հաստատեց Ողորմության տոնը և սրբադասեց Սրբուհի Ֆաուստինային: Այս միջոցով Աստված կամենում է մարդկությանը ցույց տալ իր Ողորմությունը: Ինքը՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակում է ավանդությունը: Աշխարհը կարիքն ունի ողորմության, սրտացավության, սիրելու կարողության:

     

    «Աշխարհը կարիքն ունի հայտնագործելու, որ Աստված Հայրն է, որ գոյություն ունի Ողորմություն, որ դաժանությունը ճանապարհ չէ, դատապարտությունը ճանապարհ չէ, որովհետև Եկեղեցին է, որ երբեմն ընկնում է կոշտ լինելու փորձության մեջ և շեշտում է միայն բարոյական կանոնները, շատ մարդիկ արհամարհվում են: Այստեղ մտածում եմ Եկեղեցու մասին՝ որպես ճակատամարտից հետո դաշտային հիվանդանոցի, այնքա՛ն շատ մարդիկ են վիրավորվում և սպանվում:  Վստահ եմ, որ հիմա ողորմության ժամանակն է, մենք բոլորս մեղավորներ ենք, կրում են ներքին բեռներ: Հիսուս ուզում է բացել դեպի իր սիրտը տանող ճանապարհը, որ Հայրն ուզում է մեզ ցույց տալ Իր Ողորմությունը և, ուստի, մեզ է ուղարկում իր Հոգին: Սա հաշտության տարի է: Մի կողմից տեսնում ենք զենքերի առևտուր, անմեղ մարդկանց սպանություն՝ ամենադաժան ձևերով, մարդկանց, երեխաների շահագործում: Մարդկության դեմ սրբապղծություն է կատարվում, որովհետև մարդը սուրբ է, նա կենդանի Աստծո պատկերն է:  Եվ Հայրն ասում է.«Կա՛նգ առ և եկ ինձ մոտ»:

     

    Ի՞նչ դեր ունի Աստծո ողորմությունը Ֆրանցիսկոս Պապի կյանքում.հարցրել է լրագրողը:

     

    «Ես մի մեղավոր եմ, վստահ եմ դրանում: Ես մի մեղավոր եմ, ում Տերը նայեց ողորմությամբ: Ես մի ներված մարդ եմ, ինչպես ասացի Բոլիվիայի դատապարտյալներին: Ես մինչ օրս սխալներ ու մեղքեր եմ գործում և խոստովանում եմ 15 կամ 20 օրը մեկ: Եվ խոստովանում եմ, որովհետև կարիքն ունեմ զգալու, որ Աստված դեռևս ողորմած է իմ հանդեպ»:

     

    Քահանայապետը խոստովանեց, որ այդ զգացումն ունեցել է առաջին անգամ 1953թ. սեպտեմբերի 21-ին, երբ, կարիք զգալով խոստովանելու, մտել է մի եկեղեցի ու խոստովանել մի անծանոթ քահանայի, որից հետո իր կյանքը փոխվել է.նա որոշել է քահանա դառնալ: Իսկ այդ խոստովանահայրը, ով սկսեց ուղղություն տալ և օգնել իրեն, տառապում էր արյան քաղցկեղով և մահացավ մեկ տարի անց: «Հուղարկավորությունից հետո ես լալիս էի դառնորեն, ամվողջովին հուսահատվել էի, վախենում էի, թե Աստված թողել է ինձ: Այդ պահին էր, որ ես զգացի Տիրոջ ողորմությունը».ասել է Քահանայապետը:

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց