«Փնտրել ոչ թե «ես»-ը, այլ՝ Խաչը»:
23 նոյեմբերի, 2015թ.
2015թ. նոյեմբերի 21-ին՝ Աստվածածնի Ընծայման տոնին Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Սբ. Եղիա Աթոռանիստ եկեղեցում տեղի ունեցավ Արհ. Տ. Սարգիս եպս. Դավիթյանի և Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդի, ներկայությամբ հայ կաթողիկէ կղերի, քույր եկեղեցիների ներկայացուցիչների և հավատացյալների բազմության:
Յընթացս ձեռնադրության, Ամենապատիվ Հոգևոր Տերն իր հայրական խոսքն է ուղղել ներկաներին և ասել, թե հոգևոր ծառայության կոչումը մի շնորհք է, որը տալիս է Աստված: Տերն է, որ ընտրում է իր աշակերտներին՝ ծառայելու մարդկանց և նրանց վկայելու Հարուցյալ Քրիստոսին: Հոգևոր Տերը խոսել է նորօծ եպիկոպոսների ծառայության դժվարին պայմանների մասին և պատվիրել է միացած լինել Քրիստոսին՝ չփնտրելով «ես»-ը, այլ՝ Խաչը: Հոգևոր Տերն իր խոսքը եզրափակել է՝ ասելով, որ Ցեղասպանությունից 100 տարի անց մենք գոյություն ունենք՝ շնորհիվ մեր նահատակների:
Արհ. Տ. Սարգիս եպս. Դավիթյանը անվանված է Պարսկաստանի կաթողիկէ հայոց առաջնորդ, իսկ Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը՝ Բեյրութի պատրիարքական թեմի առաջնորդ:
Ձեռնադրության հաջորդ օրը նորօծ եպիսկոպոսները մատուցեցին իրենց անդրանիկ Սբ. Պատարագները. Արհ. Տ. Սարգիս եպս. Դավիթյանը՝ Պուրճ Համուտի Սբ. Փրկիչ եկեղեցում, իսկ Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը՝ Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Սբ. Եղիա եկեղեցում:
Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը Սբ. Պատարագի քարոզի ժամանակ ասել է հետևյալը.
«Ըստ բառարանի բացատրության, հունարեն episkopos բառը նշանակում է այն անձը, ով ուշադիր է ուրիշի հանդեպ, հոգատար է ուրիշի հանդեպ: Նա ոչինչ է՝ առանց ուրիշների, քանի որ եկել է՝ ուշադիր լինելու ուրիշներին: Հետևաբար, ձեզնո՛վ է, որ եպիսկոպոս պետք է լինեմ, ձեզ հետ է, որ պիտի հսկեմ հավատքին և հաղորդությանը մեր Եկեղեցում՝ հավատարմությամբ առաքելական ավանդությանը, որոնց հաջորդներից եմ այսուհետև:
Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ հաստատելու համար Հայ Կաթողիկէ Սինոդոսի հայրերի կողմից ընտրությունս՝ իբրև օգնական եպիսկոպոս Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի: Շնորհակալ եմ նաև մեր սինոդոսական հայրերին իրենց վստահության և առաքելության համար, որ ինձ վստահեցին ի սպաս Աստծո ժողովրդին և նրա հովիվներին ու սարկավագներին…
Այսօր միասին ներկայացնում ենք Աստծո կենդանի Եկեղեցին, որ ներկա է այստեղ: Եկեղեցին իր միությամբ, կաթողիկէությամբ, սրբությամբ և առաքելականությամբ, հարուստ իր այլազանությամբ և փառավորյալ իր Տիրոջ ցնծությամբ: Սրտանց հորդորում եմ ձեզ, որ հավատարիմ մնաք ձեր հանձնառության և Եկեղեցու փառավորմանը, որպեսզի Եկեղեցին անընդմեջ և աշխարհի առջև ցոլացնի իր Տիրոջ պատկերը…
Եպիսկոպոսի ու մշտարթուն հսկողի նոր պաշտոնս դնում եմ Սուրբ Հոգու ձեռքերում և խոստանում եմ բոլոր ջանքերս և ամբողջ ուժերս ներդնել ի սպաս Աստծո և Նրա ժողովրդի: Ջանալու եմ սիրտս, թևերս և դուռս բաց պահել միշտ բոլորի առջև՝ քահանա, սարկավագ և հավատացյալ եղբայրներիս առջև: Թող Սուրբ Հոգին առաջնորդի քայլերս, որպեսզի Սուրբ Պողոսի նման մի օր կարողանամ հայտարարել.«Ապրում եմ, բայց ես չեմ այլևս, այլ Քրիստոսն ապրում իմ մեջ»»: