«Կանգուն պահենք մեր ազգային հերոսի հիշատակը»
16 նոյեմբերի, 2015թ.
2015թ. նոյեմբերի 16-ին Շիրակի մարզի Արևիկ համայնքը վերջին հրաժեշտը տվեց հայրենիքի պաշտպանության համար զոհված իր զավակին՝ 20-ամյա Վահե Վանոյանին: Վահեն հակառակորդի դիպուկահարի գնդակից սպանվեց 2015թ. նոյեմբերի 12-ին՝ ԼՂՀ հարավային զորամասերից մեկի հենակետում մարտական ծառայություն իրականացնելիս:
Վահե Վանոյանի թաղման արարողության տան կարգը կատարեց Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, իսկ եկեղեցու և գերեզմանի կարգը՝ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը (առաջնորդական փոխանորդ՝ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի), առընթերակայությամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Արժ. Նարեկ քհն. Թադևոսյանի: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի երեք հոգևորականներ, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորականներ, Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գյուղացիների հոծ բազմությունը՝ գրեթե ամբողջ գյուղը, մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իսկ նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, զոհված զինվորին վերջին հրաժեշտ տալու էին գնացել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակների բարձրաստիճան զինվորականներ, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:
Եկեղեցու կարգը կատարելուց հետո Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը, իր խոսքն ուղղելով զոհված երիտասարդի հարազատներին և ներկաներին, ասաց հետևյալը.
«Վահեն իր կյանքը նվիրեց, որպեսզի մենք ապագայում կարողանանք ավելի լավ ապրել մեր քրիստոնեական հողի վրա, զոհեց ինքն իրեն՝ համոզված, որ իր գործը շատ կարևոր է, որ մեր ազգը լինի միաձույլ և զորավոր և կարողանանք ապրել մեր հողի վրա: Մենք Տերունական աղոթքում աղոթում ենք և ասում՝ Տէր, փրկեա զմեզ ի չարէ…այդ չարը այն գնդակն է, որ խլեց մեր սիրելի որդու կյանքը: Աշխարհը չարի մեջ է, ասում է Քրիստոս, բայց չարը չպիտի գերազանցի, այլ՝ բարին: Եվ բարին Վահեն է, որ հակառակ չարի ներկայության, ինքը ուզեց ցույց տալ մեր հարևաններին, որ մենք հավատու՛մ ենք մարդու բարության, հավատու՛մ ենք հավիտենականության և մենք հավատու՛մ ենք Քրիստոսին: Նրա սերը Քրիստոսի հանդեպ պիտի ունենա իր արժանավոր հատուցումը: Սիրելինե՛ր, այսօր մենք պետք է հողին հանձնենք Վահեի մարմինը: Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք հավիտենականությանը, և Վահեն այսօր մտել է հավիտենականություն: Բոլորս, որ այսօր մեկ հոգի ենք, պետք է աղոթենք, որ Վահեի հանդեպ ողորմած լինի Տերը: Վահեն զոհվեց վասն հայրենեաց և կրոնից…
Սատանան գործադրում է ամեն նենգամտություն՝ մեր խաղաղությունը խլելու, մեր սիրելիներին, մեր հարազատներին խլելու համար: Բայց մենք չպետք է ընկրկենք, պետք է առա՛ջ գնանք: Վահեի հիշատակը պահելը դրա լավագույն միջոցն է: Աղոթե՛նք Վահեի հոգու համար: Բոլորս էլ կարոտ ենք մաքրագործման…Նա իր կյանքը զոհեց Քրիստոսի խաչի համար: Հավատում ենք, որ մարտիրոսները, ովքեր իրենց արյունը թափում են Քրիստոսի համար, անմիջապես տեսնում ենք Աստծուն և սուրբ են: Նրան, ով իր կյանքը զոհել է Քրիստոսի համար, վստահ եղե՛ք, որ Քրիստոս իր ձեռքերը բաց՝ արդեն ընդունել է:
Թող Սուրբ Հոգին բոլորիս քաջալերի, միայն Սուրբ Հոգին կարող է ներքուստ մեզ համոզել: Հակառակ դեպքում, ոչ իմ խոսքը, որ որևէ մեկ այլ անձի խոսք չի կարող մեզ համոզել, որ մենք ընդունենք այս եղելությունը: Կարող ենք ընդունել միայն, երբ Սուրբ Հոգին մեզ համոզի: Խնդրեցե՛ք Սուրբ Հոգուց, որ Ինքը ձեզ մխիթարի: Ցավակցություններս եմ հայտնում Վահեի հարազատներին: Հայ Կաթողիկէ Եկեղեցին այսօր սուգի մեջ է, մեր քահանայական դասը ձեզ հետ, ձեր կողքին պիտի լինի միշտ, որովհետև Վահեն նաև մեր զավակն է:
Բայց, ինչպես ասում է Պողոս առաքյալը, չողբա՛նք, չկոծենք, ինչպես հեթանոսները, որոնք հույս չունեն, բայց մենք հույս ունենք, ցավում ենք, որ Վահեին կորցրեցինք, բայց այս վաղաժամ մահը թող լինի մեզ համար խթան, որպեսզի մեր հավատքի մեջ ավելի զորանանք, որովհետև հավատքից բացի ուրիշ ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ քաջալերել և հույս ու արիություն տալ, որ շարունակենք մեր կյանքը: Թող Սուրբ Հոգին ողողի՛ ձեր իր մխիթարություններով»:
Երիտասարդի դին բազմամարդ թափորով, շարականների հնչյունների, զինվորական նվագախմբի դամբանական հնչյունների ուղեկցությամբ ծանրաքայլ շարժվեց դեպի գյուղական գերեզմանատուն: Թափորի առջևից քայլում էին զինվորականները՝ ձեռքերում պահած Վահեի լուսանկարը և անվան տառերն ամբողջացնող ծաղկեպսակներ: Նրանցից հետո քայլում էին հոգևորականները: Վահեի աճյունը, բարձր բռնած, դանդաղաքայլ տարվեց և դրվեց գերեզմանատան հանգստյան քարին, որի մոտ կանայք վերջին հրաժեշտը տվեցին իրենց սիրելի զավակին: ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորականներն ընթերցեցին Վահեի մահախոսականը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանը՝ Վահեին «Մարտական ծառայության շքանշանով» հետմահու պարգևատրելու մասին: Մի քանի օր առաջ Վահեն պարգևատրվել էր նաև «Քաջարի մարտիկ» շքանշանով և ստացել տասնօրյա արձակուրդի իրավունք, որից չէր ուզեցել օգտվել՝ մտածելով, որ մեկ ամսից արդեն տանը կլինի.զորացրվելու էր 2015թ. դեկտեմբերի 17-ին:
20 ամյա հերոսին հուղարկավորելուց հետո Հայր Մեսրոպն իր վերջին մխիթարական խոսքն ուղղեց գյուղացիներին.
«Քրիստոս ասաց՝ նա ով ինձ հավատում է, և ինձ հետ ապրում է, ինձ հետ հարություն պիտի առնի: Վահեն հարություն առել է, բայց մարմնով ևս հարություն պետք է առնի մեր հերոսը: Սրտանց հավատում եմ, որ Վահեն Քրիստոսի հետ հարություն առավ…Այս հավատքով ուզում եմ, որ մեր այս ազգային հերոսի հիշատակը կանգուն պահենք, որով կանգուն պիտի պահենք նաև մեր հավատքը: Հավատացե՛ք Քրիստոսին, և պիտի ունենաք հավիտենական կյանք»: