«Քու՛յր Արուսյակ, ինձ զարմացնում է, որ դուք հավատում եք այն ամենին, ինչ անում եք…»
14 նոյեմբերի, 2015թ.
2015թ. նոյեմբերի 13-ին Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» արհեստի դպրոցում տեղի ունեցավ Անարատ հղության հայ քույրերի միաբանության առաքինազարդ քույր Արուսյակ Սաճոնյանին՝ «Ֆրանսիայի ազգային վաստակների շքանշանով» պարգևատրման արարողությունը:
Շքանշանը առաքինազադ հայ մայրապետին նվիրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ի գնահատումն նրա մարդասիրական լայնածավալ և օգտակար գործունեության: Շքանշանը հանձնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Արարողությանը ներկա էին հայ կաթողիկէ հոգևորականներ (Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին ներկայացնում էր Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը), Անարարատ հղության միաբան քույրեր, Գթության միսիոներ առաքինազարդ քույրեր, Հիսուսի փոքրիկ քույրերի միաբանության առաքինազարդ քույր Նոյելը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Ֆրանսիայի դեսպանը շքանշանը հանձնելուց առաջ հանդես եկավ ելույթով, որտեղ ասաց հետևյալը.
«Քույր Արուսյակն ինձ համար երկու սկզբունք է մարմնավորում: Նախ՝ հավատն առ Աստված: Սա նվազագույնն է, որ պետք է ունենա միանձնուհին, բայց հավա՛տն է, որ ուժ ու եռանդ է տալիս ք. Արուսյակին և դարձնում նրան հիացմունքի արժանի: Երկրորդ սկզբունքը հավատն է առ մարդ արարածը, ինչի ապացույցն է այն ամենը, ինչ նա արել է Գյումրիում…մարդ արարածը նրա գործունեության կիզակետում է՝ երեխաներ, կարիքավորներ, ծերեր, երիտասարդների մասնագիտացում, որպեսզի իրենց տեղը կարողանան գտնել կյանքում: Քու՛յր Արուսյակ, ինձ զարմացնում է, որ դուք հավատում եք այն ամենին, ինչ անում եք…Մեկ այլ ուշագրավ բնավորության գիծ էլ ունեք՝ կոսմոպոլիտիզմը: Ունենալով լիբանանյան արմատներ՝ ձեր հայեցիությամբ, նաև ֆրանկոֆոն եք, եղել եք տարբեր երկրներում, նաև՝ Ֆրանսիայում: Ձեր կոսմոպոլիտզիմը ներդաշնակվում է ձեր մարդասիրության հետ: Այսօր մեծ հպարտությամբ Ձեզ պարգևատրում ենք ազգային վաստակների շքանշանով և ևս մեկ անգամ ձեզ եմ փոխանցում Ֆրանսիայի հանրապետության երախտիքը: Երախտագիտություն ենք հայտնում Ձեր դինամիզմի, Ձեր բարեգործության համար, որ ամեն օր սփռում եք Ձեր շուրջը»:
Դեսպանը ասաց «ևս մեկ անգամ»՝ շեշտելով, որ սա Ֆրանսիայի կողմից երկրորդ պարգևատրումն է առաքինազարդ քրոջը. ք. Արուսյակը պարգևատրվել է նաև Ֆրանսիայի «Պատվո լեգէոնի» շքանշանով:
Քույր Արուսյակը, շքանշանը դեսպանի ձեռքից ընդունելուց հետո, ասաց.
«Շքանշանի տվչությունը մի համեստ կրոնավորուհու՝ մեծ նշանակություն ունի.դա մեծությունն է Ֆրանսիայի, որն այսօր էլ տարբերվում է մյուս ազգերից իր մարդկային արժեքներով, որոնք պաշտպանում ու գործադրում է իր երկրում: Շնորհակալություն եմ հայտնում պրն. դեսպանին, որ գիտե գնահատել մեր գործունեությունը՝ կարիքավոր երեխաների համար և միջնորդել է Ֆրանսիայի կառավարության առջև, որ այս շքանշանն ինձ հանձնվի…
Ես միշտ հպարտ եմ, որ հայ եմ, բայց միշտ հետաքրքրվել եմ Ֆրանսիայով և ֆրանսերենով: Ֆրանսիան, որ այդքան սրբեր է տվել, միշտ մղում է ինձ, որ աշխատեմ ֆրասերենի զորացման համար:
Երախտագիտություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահին՝ այս շքանշանի համար, որն ընդունում եմ ոչ թե որպես քույր Արուսյակ, այլ՝ որպես անդամ կրոնական միաբանության, որը միշտ քաջալերել է իմ գործունեությունը, նաև ընդունում եմ երեխաների և մեր ամբողջ ժողովրդի անունից՝ հուսալով, որ մեր ապագան ավելի պայծառ է լինելու»:
Շքանշանի հանձնման արարողությունն ավարտվեց Տիրամայր Հայաստանի երգչախմբի համերգով և հյուրասիրությամբ: