Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները հայ կաթողիկէ աշխարհասփյուռ համայնքներում շարունակվում են:
11 նոյեմբերի, 2015թ.
2015թ. նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքի Մալթայի Ինքնիշխան մարտական ուխտի հոգածության ներքո գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սբ. Պատարագը մատուցվեց ձեռամբ՝ արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի և համապատարագությամբ՝ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի, ով ներկայացնում էր Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին, ինչպես նաև՝ Վարշավայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ներկա էին նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության մարշալեկ Գուստավ Մարեկ Բրժեժին, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Պիոտր Ժուխովսկին, Լեհաստանի սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, «Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի» նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ասպետներ, տեղական և մարզային իշխանությունների, Լեհաստանի Վարշավա, Էլբլոնգ, Լոդձ, Վորցլավ, Պոզնան և այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Սուրբ Պատարագի ընթացքում արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչը իր ծավալուն քարոզը նվիրեց Հայոց ցեղասպանությանը: Ապա, ներկաներին դիմեց Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և ասաց, որ Հայոց Ցեղասպանության զոհերի թափած արյունը հայ ժողովուրդը միշտ հիշում է և շարունակում է պահանջատեր լինել իր և իր զոհերի իրավունքներին՝ պահանջելով Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը՝ այսօրվա Թուրքիայի իշխանություններից, որոնք շարունակում են մերժել պատմական փաստը: Պահանջատիրության այդ գիտակցությունը այսօր սերմանում ենք նաև նոր սերնդի մեջ՝ մանուկ հասակից, ասաց Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը: Վարդապետը նաև պաշտոնապես ընթերցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի 2014թ. հուլիսի 13-ի որոշումը՝ Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Հ. Հենրի Բլաշչուկին (Henryk Piotr Blaszczyk) Հայ Կաթողիկէ Եկեղեցու ծայրագույն վարդապետի աստիճան շնորհելու մասին՝ ի գնահատումն Կլեբարկի հայ կաթողիկէ համայնքին նրա մատուցած հոգևոր ծառայության:
Արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով շնորհակալություն հայտնեց արարողության բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին իրենց աղոթքների և համամարդկային 100-ամյա ողբերգության հանդեպ իրենց հարգանքի և մարդկային վերաբերմունքի համար:
Սբ. Պատարագից հետո Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը Կլեբարկի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի առջև հոգեհանգստյան արարողություն կատարեցին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի համար:
Նույն օրը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը և հայկական մշակութային ժառանգության թեմայով գիտական քննարկում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը և Գերհ. Հ. Հենրի ծ. վրդ. Բլաշչուկը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Մալթայի ասպետների ասոցիացիան թողարկել է հատուկ նամականիշ և փոստային բացիկ, որոնք բաժանվել են արարողության մասնակիցներին: