Լեհաստանի Կլեբարկ քաղաքում տեղի կունենա հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության արարողություն:
6 նոյեմբերի, 2015թ.
2015թ. նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքում նախատեսված է կազմակերպել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Միջոցառմանը կնախորդի Սբ. Պատարագը, որը կմատուցվի ձեռամբ արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի: Ապա նախատեսված է անցկացնել գիտաժողով՝ նվիրված հայկական մշակույթին՝ դասախոսությամբ Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Henryk Piotr Blaszczyk-ի: Միջոցառումը կազմակերպելու են Կլեբարկի հայ համայնքը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ: Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին Կլեբարկի միջոցառումների ընթացքում կներկայացնի Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը:
Նույն օրը Լեհաստանի բոլոր կաթողիկէ եկեղեցիներում կընթերցվի Լեհաստանի եպիսկոպոսների խորհրդաժողովի հրապարկած նամակը՝ արդի աշխարհում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների մասին: Այդ նամակում, որտեղ լեհ եպիսկոպոսները իրենց համերաշխությունն ու միասնությունն արտահայտել վասն հաւատոյ զոհված բոլոր քրիստոնյաների հետ, անդրադարձ կա նաև Հայոց Ցեղասպանությանը:
Այսպես, նամակում գրված է, որ այս տարի հիշատակվում են Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունները, և փաստվում, որ զոհերի ամենամեծ խումբը բաժին ընկավ հայ ժողովրդին՝ 1,5 մլն սպանված, որին հաջորդում են սիրիացիները՝ մոտ 300.000, հույները՝ մոտ 200.000: Զանգվածային ջարդերի պատճառը քրիստոնեության հանդեպ ատելությունն էր, գրում են լեհ եպիսկոպոսները: Հազարավոր քրիստոնյաներ հարկադրված էին ընտրություն կատարել իսլամի և Քրիստոսի միջև և հերոսաբար ընտրում էին Քրիստոսի Խաչը: Նամակում կա նաև վիճակագրություն.ըստ Aid to the Church in Need կազմակերպության տվյալներով, 2014թ. ընթացքում քրիստոնյաները հալածվել են 116 երկրներում, ամենատարբեր ձևերով՝ ծաղր, արհամարհանք, տեղահանություն, բռնաբարություն, դաժան սպանություն և այլն: Ամեն տարի մոտ 100.000 քրիստոնյա սպանվում է հավատքի պատճառով:
Եպիսկոպոսները գրում են, որ, որպես քրիստոնյաներ, չենք կարող անտարբեր մնալ այս ողբերգությունների հանդեպ: Հարկ է պատասխան տալ հասարակության մեջ արմատացած մեղքին ու չարիքին: Մենք պետք է որդեգրենք ավետարանական կեցվածք: Հալածված և սպանված քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի Զոհի մեկ մասն են, որը Նա արեց աշխարհի փրկության համար: Մենք պետք է պատրաստ լինենք տառապելու՝ պաշտպանելով մեր հավատքը: Աղոթենք, որ Քրիստոս օգնի մեզ մեռնելու Իր հետ միասին ամեն օր, գրում են լեհ եպիսկոպոսները:
Այս նամակում Հայոց Ցեղասպանության հիշատակության համար կարևոր դեր են խաղացել Լեհաստանի հայկական համայնքի պաշտոնական ներկայացուցիչ Mr. Edward Mier-Jędrzejowicz-ը և «Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի» նախագահ Jan Abgarowicz-ի ջանքերը: