• Ամենապատիվ Հոգևոր Տերը և Արհ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ներկա գտնվեցին Արևելյան քահանայապետական համալսարանի ուս.տարվա բացմանը

    Ռադիո Վատիկանի հաղորդմամբ,


    29 հոկտեմբերի, 2015թ.

     

    2015թ. հոկտեմբերի 26-ին, Հռոմի Սուրբ Մարիա Մաջորե տաճարում, Տանն Կիլիկիո Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը և Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ներկա գտնվեցին Արևելյան քահանայապետական համալսարանի ակադեմիական նոր տարվա բացման արարողությանը, որը նախագահում էր Վսեմ. Կարդինալ Լեոնարդո Սանդրին:  Արարողությանը ներկա էին Միջին Արևելքի Կաթողիկէ Եկեղեցիների պատրիարքները:

     

    Վսեմ. Կարդինալը հանդես է եկել զեկույցով, որտեղ ընդգծել է, որ Արևելյան քահանայապետական համալսարանը արևելքի կաթողիկէների հոգին է: Նա պատմական անդրադարձ է կատարել: Այսպես, համալսարանը հիմնվել է 1917թ.՝ Բենեդիկտոս 15-րդ Սրբազան Պապի կողմից, 1922թ. համալսարանը վստահվել է Հիսուսյան միաբանությանը: Համալսարանում մասնագիտանում են Արևելքի քրիստոնեական Եկեղեցիների, մշակույթի, լեզուների ուսումնասիրության մեջ:

     

    Կարդինալ Սանդրին շեշտել է հայրաբանության ուսումնասիրության խորացման կարևորությունը՝ մեշ ուշադրություն դարձնելով բյուզանդական, հայկական, ասորական, ղպտիական հայրաբանությանը, որոնք հիմքը դարձան Արևելյան աստվածաբանության:

     

    Արևելյան քահանայապետական համալսարանում ուսումնասիրվում է նաև հայերենը, որին, Կարդինալի խոսքերով, հատուկ նպաստ է բերել Վատիկանում ՀՀ դեսպանությունը:

     

    Կարդինալը Արևելքի Եկեղեցիների պետերին խնդրել է ուսանողներ ուղարկել համալսարանում սովորելու համար:

     

    Կարդինալն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ որպեսզի Միջին Արևելքում խաղաղություն հաստատվի: «Աշխատանքը, ուսումը և աղոթքը մեր ակադեմիական հաստատության մեջ թող լինի մեր օժանդակությունը խաղաղությանը վերահաստատմանը».ասել է Վսեմաշուք Կարդինալը:

     

    12184038_1086799367998333_4142961562965341253_o

Օրացույց

Օրացույց