2015թ. հոկտեմբերի 21-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը այցելեց Արևիկ համայնք և ներկա գտնվեց գյուղի վերանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:
26 հոկտեմբերի, 2015թ.
Արևիկի մանկապարտեզը տնակներում գործում է 1991թ. ի վեր, երբ հին շենքը երկրաշարժի պատճառով վթարային դարձավ: Երկու տասնամյակից ավելի մանկապարտեզին ծառայած տնակները ևս նորոգման կարիք ունեին:
2015թ. mանկապարտեզը վերանորոգվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո գործող «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հովանավորությամբ և Արևիկի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ (Հայկական Կարիտասը տրամադրել է մոտ 20.000 եվրո և կազմակերպել է վերանորոգման աշխատանքները, իսկ գյուղապետարանը հատկացրել է 760.000 դրամ): Ամբողջովին նորոգվել են մանկապարտեզի հատակը, սանհանգույցը, փոխվել են պատուհանները, դռները: Իսկ համագյուղացիների աջակցությամբ մանկապարտեզը համալրվել է նոր կահույքով: Հայ Կաթողիկէ Եկեղեցին 2014թ. մանկապարտեզին նվիրել էր նաև մեկ սառնարան և մեկ գազօջախ:
Բացման արարողության ժամանակ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին աղուհացով դիմավորեցին մանկապարտեզի սաները և աշխատակիցները: Ներկա էին Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը, մանկապարտեզի տնօրեն Գարունիկ Միքայելյանը, համագյուղացիները: Բացման ժապավենը երեխաների օգնությամբ կտրեց Սրբազան Հայրը: Իր խոսքում նա ասաց, որ միշտ պարտական է գալիք սերունդներին, որոնք մեզ հետագայում մխիթարելու են իրենց գեղեցիկ ապագայով, որակյալ կրթությամբ, որոնց հասնելու համար երեխաներին բոլորը պետք է նեցուկ կանգնեն:
Մանկապարտեզի նախկին շենքը մոտ ապագայում պետությունը խոստացել է հիմնովին նորոգել: Կազմվել է շինարարական աշխատանքների ծրագիր՝ մոտ 170մլն. դրամ արժողությամբ, որը կիրականացվի Գյուղական համայնքների տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով և Արևիկի գյուղապետարանի 7% համաֆինանսավորմամբ: Աշխատանքների մեկնարկի ժամկետը դեռևս անհայտ է:
Նույն օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն այցելեց նաև Արևիկի միջնակարգ դպրոց և ծանոթացավ Հայկական Կարիտասի հովանավորությամբ կատարված նորոգման աշխատանքներին: 2015թ. Հայկական Կարիտասի տրամադրած մոտ 16.000 եվրո գումարով փոխվել են դպրոցի պատուհանները (55 պատուհան, պատուհանագոգ) և դռները (4 դուռ): Կարիտասը նաև դպրոցին նվիրել է նաև 2 համակարգիչ, 1 տպիչ և 1 պրոյեկտոր:
Իսկ Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդների հիմնումը` գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում Արևիկի դպրոցում գործող ձյուդոյի խմբակի համար գնվել են նոր տատամիներ (Կարիտասի ներդրումը՝ 450.000 դրամ, գյուղապետարանի ներդրումը՝ 70.000 դրամ):
Պետք է ասել, որ Արևիկում Հայկական Կարիտասի 2015թ. ծրագրերի իրականացումը տեղի է ունեցել Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ և Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի խնդրանքով ու միջնորդությամբ: