«Նրանք ծառայեցին իրենց եղբայրներին ու քույրերին մեծ խոնարհությամբ և սիրով՝ նմանվելով իրենց աստվածային Վարդապետին».Ֆրանցիսկոս Սրբազան Պապ, 18 հոկտեմբերի, 2015թ.
19 հոկտեմբերի, 2015թ.
2015թ. հոկտեմբերի 18-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը սրբերի շարքը դասեց Լիզիոյի սրբուհի Թերեզայի ծնողներին՝ Լուիս Մարթինին և Մարի-Ազելի Գուերինին, ինչպես նաև վարդապետ Հայր Վինչենսո Գրոսսիին և Անարատ Հղության քույր Մարիային:
Աստվածային նախախնամությամբ, Սրբուհի Թերեզայի սրբադասումից 90 տարի հետո սրբադասվեցին նրա ծնողները՝ որպես քրիստոնեական սրբակյաց ամուսնական զույգի և ընտանիքի կատարյալ օրինակ, ինչը շատ տեղին և խոսուն է մանավանդ այս օրերին ընթացող ընտանիքի թեմայով եպիսկոպոսական սինոդի ֆոնին: Եկեղեցին ձգտում է այսօր մարդկանց տալ սրբակեաց ընտանիքների օրինակներ՝ ընտանիքի մասին վարդապետությունը անխախտ պահելու և դեպի քրիստոնեական սրբակեցություն առաջնորդելու համար:
Սրբուհի Թերեզայի ծնողները եղան առաջին ամուսնական զույգը, որոնք սրբադասվեցին միաժամանակ: Նրանց սրբադասման մասին որոշումը Սրբազան Պապը հրապարակեց 2015թ. հունիսի 27-ին, իսկ ավելի վաղ՝ 2015թ. մարտին, հաստատել էր այդ սրբակյաց զույգի բարեխոսությանը վերագրվող հրաշքը:
Լուիս Մարթինը և Մարի Զելին ամուսնացել են 1858թ., ունեցել են 9 զավակ, որոնցից 4-ը մահացել են մանուկ հասակում, իսկ 5-ը նվիրվել են վանական կյանքին, ինչը արտասովոր երևույթ է: Նրանցից ամենակրտսերը՝ Թերեզան, դարձավ Եկեղեցու ամենասիրված սրբուհիներից մեկը և մեկը Եկեղեցու 36 վարդապետներից (Doctor Ecclessiae):
Սբ. Լուիս Մարթինը (Louis Martin )՝ Թերեզայի հայրը, ծնվել է 1823թ. օգոստոսի 22-ին, Ֆրանսիայում, զինովորականի ընտանիքում, ստացել զինվորական կրթություն: Լուիս Մարթինի փափագը՝ նվիրվելու վանական կյանքին, չիրականացավ, որովհետև լատիներենի իմացությունը շատ թույլ էր: Ստիպված եղավ հմտանալու ժամագործության մեջ և այդպես էր ապրուստ վաստակում: Իր ամբողջ կյանքն ապրել է խոր հավատքով, ամեն օր կատարել է Սբ. Հաղորդության երկրպագություն, երկար ժամեր շարունակ ընթերցել է Սուրբ Գիրքը, մշտապես օգնել է աղքատներին: Խոր հավատքը օգնեց նրան դիմանալ 4 զավակների, ապա նաև՝ կնոջ մահվանը: Լուիս Մարտինը առանձնակի սիրում էր Սրբուհի Թերեզային, ում վանք մտնելուց 6 տարի հետո՝ 1894թ. հուլիսի 29-ին, մահացավ՝ 71 տարեկանում:
Սբ. Մարի Զելին (Azélie-Marie Guérin)՝ Սբ.Թերեզայի մայրը, ծնվել է 1831թ. դեկտեմբերի 23-ին, Ֆրանսիայում: Զելին ևս վաղ տարիքից ուզում էր նվիրվել վանական կյանքին, բայց թույլ առողջությունը արգելք եղավ նրան՝ իրականացնելու իր երազանքը: Զելիի փափագը իրականացրեցին նրա 5 դուստրերը, ինչպես և ինքը երազում էր: Զելին ստիպված եղավ մեծ գնով ծնել ու խնամել 9 զավակներին, տեսնել նրանցից 4-ի մահը վաղ հասակում, հիվանդությունների պատճառով, երեխաների խնամքին զուգահեռ զբաղվել թելագործությամբ: Չիրականացավ միայն քահանայության համար տղա զավակ մեծացնելու Զելիի երազանքը.երկու տղա զավակներն էլ մահացան մանկահասակ: Իսկ Զելին երկրային կյանքին հրաժեշտ տվեց 46 տարեկանում, հիվանդության պատճառով:
«Լուիս Մարտինը և Մարի Զելին իրենց ընտանիքում քրիստոնեական ծառայությամբ ամեն օր ստեղծում էին հավատքի և սիոր մթնոլորտ, որը սնեց նրանց դուստրերի կոչումները, որոնցից մեկն էր Սբ. Հիսուս Մանկան Թերեզան».ասաց Սրբազան Ֆրանցիսկոս Պապը սրբադասման արարողության ժամանակ:
Նույն օրը սրբադասված մյուս սրբերը՝ իտալացի վարդապետ Հայր Վինչենսո Գրոսսին հիմնել է Օրատորիայի դուստրերի հաստատությունը, իսկ իսպանացի միանձնուհի Անարատ Հղության Մարիան եղել է Խաչի ընկերության քույրերի մեծավորուհին: