• Պետք է խոսել այսօրվա մարդուն հասկանալի լեզվով.ընտանիքի թեմայով սինոդի գործընթացները

    «Իրականում ճգնաժամը մեր՝ երբեմն, շատ նեղ ընկալումն է ամուսնության և ընտանեկան կյանքի վերաբերյալ».Բրիսբեյնի արքեպիսկոպոս Mark Coleridge:


    15 հոկտեմբերի, 2015թ.

     

    Հոկտեմբերի 14-ի մամլո ասուլիսի ժամանակ ընտանիքի թեմայով այս օրերի գումարված սինոդի աշխատանքների մասին զեկուցողները տեղեկացրել են, թե ինչ առաջարկներ են հնչել առանձին խմբերի կողմից, ովքեր ուսումնասիրում են սինոդի աշխատանքային փաստաթղթի կետերը:

     

    Սինոդականների մի խումբ գտնում է, որ ընտանիքներում պետք է ավելի շատ ընթերցվի Սուրբ Գիրքը՝ հասկանալու համար քրիստոնեական ընտանիքի առաքելությունն ու կոչումը Եկեղեցում, հարկ է նաև ընտանիքների համար մշակել աղոթքի և քրիստոնեական դասերի գրականություն և այլ նյութեր: Կան զեկուցումներ, ըստ որոնց, հարկ է ամուսնության անքակտելիության մասին խոսել ավելի դրական լեզվով, բացատրելով, որ դա բեռ չէ, այլ՝ հուսալի և ուրախ բան:

     

    Մի խումբ էլ անհրաժեշտություն է տեսնում, որ Եկեղեցին մշակի ամբողջական աստվածաբանություն՝ ընտանիքի մասին, քանի որ մինչ օրս մշակված ամբողջական աստվածաբանությունը վերաբերում է միայն Սբ. Պսակի խորհրդին:

     

    Քննարկում են նաև սինոդից հետո վարդապետական նոր փաստաթուղթ ստեղծելու հարցը.Սրբազան Պապն այս առումով իր դիրքորոշումը դեռ չի հայտնել:

     

    Կարդինալ Սալազարը ասել է, որ այս սինոդը հույժ կարևոր է Կաթողիկէ Եկեղեցու կյանքում, որովհետև, նրա խոսքերով, «մենք ջանում ենք լսել ընտանիքների ձայնը, հատկապես, կոտրված ընտանիքների»: Բոլոր սինոդականները ուզում են Եկեղեցուն և աշխարհին ցույց տալ ընտանիքի գեղեցկությունը:

     

    Հաճախակի քննարկվում է Աֆրիկայի կաթողիկէ համայնքներում ամուսնության ավանդական սովորությունների և Եկեղեցու վարդապետության անհամատեղելիության խնդիրը, մանավանդ՝ բազմամուսնության փաստը, ինչը պախարակելի չէ աֆրիկյան համայնքներում: Սինոդականները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է իրարից շատ տարբերվող մշակույթների համար ընդհանուր ընդունելի մոտեցում մշակել, խոսել ավելի դրական լեզվով, ոչ միշտ քննադատական ու մերժողական:

     

    20120629cnsbr11196

    Ավստրալիայից Բրիսբեյնի արքեպիսկոպոս Mark Coleridge-ը Ռադիո Վատիկանի հետ հարցազրույցի ընթացքում հոկտեմբերի 13-ին ասել է, թե սինոդում վտանգ կա՝ շատ իդեալականացված, կարծես, ռոմանտիկ, անմարմնավոր ձևով խոսելու ընտանիքի մասին, մի լեզվով, որը հեռու է իրականությունից: Եթե մենք ընտանիքը պատկերացնում են «ոսկեդարի» պատկերով՝ հայր, մայր, 3-4 զավակներով, դա չէ՛ այսօրվա մեր իրականությունը: Դա պարզապես նշանակում է, որ եպիսկոպոսները խոսում են իրար հետ մի լեզվով, որն անհասկանալի է այսօրվա մարդկանց:

     

    Հարկ է, որ կուսակրոն հոգևորականները վստահ լինեն, որ հասկանում են ընտանիքների իրական կյանքը, այլապես սինոդը հաջողություն չի ունենա: Եպիսկոպոսները պետք է լինեն ալեհավաքների նման՝ լսելով ընտանիքներին՝ իրենց բազմազանության մեջ, մտահոգվելով նրանց մասին:

     

    Ընտանիքի ճգնաժամի մասին խոսելու փոխարեն, ասել Coleridge-ը, հարկ է ընդունել, որ «իրականում ճգնաժամը մեր՝ երբեմն, շատ նեղ ընկալումն է ամուսնության և ընտանեկան կյանքի վերաբերյալ»: Նա վստահ է, որ հարկ է վերլուծություններ կատարել տեղական, թեմական մակարդակով և որոշումներ ընդունել ըստ այդմ: Այս սինոդն, ըստ նրա, պետք է հետևի Վատիկանի Բ ժողովի օրինակին և խոսի ժամանակի լեզվով:

     

    Coleridge-ի տեսակետներին կարող եք ծանոթանալ նաև National Catholic Reporter պարբերականի հրապարակման մեջ:

     

Օրացույց

Օրացույց