• 20 տարվա սիրո ճանապարհ.Հայկական Կարիտասի հանդիպումը՝ միջազգային և տեղական գործընկերների հետ

    «Ամենամեծ բանը, որ Կարիտաս Կաթողիկէ կազմակերպությունը տալիս է, սե՛րն է»:


    14 հոկտեմբերի, 2015թ.

    2015թ. հոկտեմբերի 14-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո գործող Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը Գյումրիում հանդիպում կազմակերպեց գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանք նախ միասնաբար մասնակցեցին Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի ձեռամբ մատուցված Սբ. Պատարագին, ապա շարունակեցին իրենց հանդիպումը նորակառույց Էմիլի Արեգակ կենտրոնում:

     

    DSC06671 DSC06675

     

    Հանդիպմանը ներկա էր Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Հայկական Կարիտասի խորհրդի անդամներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնի, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, տասներեք երկրներում գործող Կարիտասների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, ում հետ Հայկական Կարիտասը ակտիվ համագործակցել է անցած 20 տարիներին՝ իր ծրագրերի իրականացման ընթացքում և ֆինանսական, խորհրդատվական և այլ տեսակի աջակցություն ստացել:

     

    Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայկական Կարիտասի կայացման պատմությունը, առաքելությունը, իրականացված ծրագրերի բնույթը: Միջազգային գործընկերները ներկայացրել են Հայաստանում Հայկական Կարիտասի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, ապա կազմվել են աշխատանքային խմբեր՝ քննարկելու համար ռազմավարական առանձին ուղղությունները, ծրագրերի իրականացման դժվարությունները, նոր առաջարկներ:

     

    DSC06691

    Հանդիպումը բացվեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի ողջույնի խոսքով: Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցող կազմակերպություններին՝ Հայկական Կարիտասի կողքին լինելու համար և ասաց.

     

    «Ամենամեծ բանը, որ Կարիտաս Կաթողիկէ կազմակերպությունը տալիս է, սե՛րն է: Սերը սեփական անձը զոհաբերելն է՝ տալով այն ամենն, ինչի կարիքն ունեն մեր եղբայրները…Մտածե՛ք այն մասին, թե ինչպես կարող եք տալ՝ առանց հիշեցնելու, թե դուք ով եք, տվեցե՛ք սիրով, և արդյունքը շատ ավելին կլինի, անհամրելի կլինի: Ես մինչ օրս չգիտեմ, թե որտեղ են ֆինանսական հաշիվներիս թղթերը, բայց ես երբեք չեմ մոռանում սիրո կարևորության մասին: Ձեր վստահությունը մի՛ դրեք ձեր ունեցածի վրա, այլ վստահ եղե՛ք այն բանում, թե ինչ եք ուզում այս պահին»:

     

    DSC06710

    Ապա ներկաներին ողջունեց լիբանանահայ ազնվափայլ Տկն. Զվարթ Նաջարյանը, ով հիմնել է Հայկական Կարիտասը և մինչ օրս օգնում է կազմակերպությանն՝ իր խորհրդատվական աշխատանքով: Նա պատմեց Հայկական Կարիտասի կայացման ուշագրավ պատմությունը:

     

    Տկն. Զվարթը երկար տարիներ աշխատելով Լիբանանի Կարիտասում, 1988թ. երկրաշարժից հետո որոշեց իր ուժերը նվիրել Հայաստանում Կարիտաս հիմնելու մտահղացմանը, ինչը կարողացավ իրագործել Գյումրիում, 1995թ.՝ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի օրհնությամբ և «Կաթողիկէ օգնության ծառայություններ» (Catholic Relief Services) ամերիկյան կազմակերպության աջակցությամբ: Կարիտասի բարեսիրական գործունեությունը սկսելու համար Հայ Կաթողիկէ առաջնորդարանում հատկացվեց մի փոքր սենյակ: «Կաթողիկէ օգնության ծառայություններ» կազմակերպության խնդրանքով տկն. Զվարթը Բեյրութում կազմակերպեց պատրաստության դասընթաց, որին Հայաստանից մասնակցեցին երկու կամավորներ (Գագիկ Տարասյան, Սամվել Գևորգյան), ովքեր, վերադառնալով Հայաստան, սկսեցին աշխատել Կարիտասի ծրագրերի իրականացման համար:

     

    1995թ. դեկտեմբերին իրականցվեց Հայկական Կարիտասի առաջին ծրագիրը՝ «Սուրբ Ծնունդը».հարյուրավոր անապահով երեխաներ այս ծրագրով նյութական աջակցություն ստացան: Այդ ծրագրի իրականացումը տկն. Զվարթը հրաշք է համարում, որովհետև այդ օրերին Կարիտասը չուներ տեխնիկական տարրական պայմաններ: 1990-ականների Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում նորածիլ Հայկական Կարիտասը մարդկանց բերում էր հույս և վստահություն առ այն, որ իրենք մոռացված չեն:

     

    Աստիճանաբար կազմակերպվեց Հայկական Կարիտասի առանձին գրասենյակը, վարձվեցին աշխատակիցներ, սկսեցին մշակվել ծրագրեր, կազմակերպությունը սկսեց կայացման դժվարին, բայց պտղաբեր ճանապարհը: Առաջին տնօրենը եղավ Հ. Միքայել վրդ. Մուրադյանը, ձևավորվեց կազմակերպության կառավարման խորհուրդը: 1997թ. ՀՀ Արդարադատության նախարարությունը գրանցեց Հայկական Կարիտասը՝ որպես հասարակական կազմակերպություն, իսկ 1999թ. Հայկական Կարիտասը դարձավ միջազգային Կարիտասի լիարժեք անդամ:

     

    Տկն. Զվարթը Հայկական Կարիտասի կայացման համար հատուկ շնորհակալություն հայտնեց հատկապես ամերիկյան «Կաթողիկէ օգնության ծառայություններ» կազմակերպությանը, Հայ Կաթողիկէ Եկեղեցուն,  Հայկական Կարիտասի նախկին և ներկայիս աշխատակիցներին, ովքեր իրենց լավագույնն են անում Կարիտասի համար՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օգնությամբ:

     

    «Ես հպարտ եմ և ուրախ, որ Հայկական Կարիտասը արդարացրել է իր ստանձնած պատասխանատվությունը անցյալ 20 տարիներին».ասաց Տկն. Նաջարյանը:

     

    Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը պատմեց, որ 1995թ., երբ կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը հայ կաթողիկէ առաջնորդարանի սենյակում, ունեին միայն մեկ սեղան և մի քանի աթոռ, որոնք մինչ օրս պահվում են Կարիտասի գրասենյակում՝ որպես հիշատակ պատմական մեկնարկի:

     

    DSC06705DSC06698

    Այսօր Հայկական Կարիտասը համայնքային զարգացման, առողջապահական, սոցիալական խնամքի, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերի ցերեկային խնամքի և այլ ծրագրեր է իրականացնում է Շիրակի, Լոռու, Արարատի մարզերում և Երևանում: Այս պահին ընթացող ծրագրերի թիվը 45-ն է, նախատեսվում է հետագայում ընդլայնել թե ծրագրերի բնույթը և թե իրականացման աշխարհագրությունը:

Օրացույց

Օրացույց