Հարկ է ԵՀՕ-2016-ին ներկայանալ հավուր պատշաճի:
13 հոկտեմբերի, 2015թ.
2015թ. հոկտեմբերի 12-ին Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում տեղի ունեցավ քահանայական ժողով՝ գլխավորությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և մասնակցությամբ Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների:
Ժողովի ընթացքում Ռաֆայել Սրբազանը նախ շնորհակալություն է հայտնել հոգևորականներին սեպտեմբերի 24-ին «Սրբոց Նահատակաց» Մայր Տաճարի օծման արարողությանը իրենց համայնականների հետ միասին մասնակցություն բերելու համար, ապա խոսել է առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, մասնավորապես, 2016թ. հուլիսին Կրակովում տեղի ունենալիք ԵՀՕ հանդիպմանը հավուր պատշաճի նախապատրաստվելու մասին.հոգևոր զրույցների, երիտասարդական հավաքների կազմակերպում, ակտիվ մասնակցություն ընդհանուր հանդիպումներին, որոնք կազմակերպվում են «Աղաջանյան» ճամբարում, բարեպաշտ և գիտակից երիտասարդների հավաքագրում համայնքներում: Նախատեսվում է, որ ԵՀՕ-2016-ին Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից կմասնակցի մոտ 450 երիտասարդ:
Սրբազան Հայրը խոսել է նաև Ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման և 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների մասին, որոնք արդեն իրականացվել են, կամ պետք է իրականացվեն, նաև՝ 2016թ. ընթացքում:
Անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի վրա, որոնք հրատապ լուծում են պահանջում: