«Մենք պետք է միանանք Ընդհանրական Եկեղեցու քայլքին՝ որպես մեկ մասը Եկեղեցու». Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան
12 հոկտեմբերի, 2015թ.
2015թ. հոկտեմբերի 10-11-ը Թորոսգյուղի մոտ գտնվող «Աղաջանյան» ճամբարում տեղի ունեցավ ԵՀՕ-2016-ի պատրաստության 4-րդ հանդիպումը: Մասնակիցների թիվն այս անգամ շատ ավելին էր՝ մոտ 100 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:
Ինչպես հանձնարարված էր նախորդ հանդիպման մասնակիցներին, յուրաքանչյուր երիտասարդ այս անգամ իր հետ բերել էր ևս մեկ-երկու հոգի՝ իր ժողովրդապետի գիտությամբ և օրհնությամբ: Երիտասարդները տարբեր մասնագիտություններ և զբաղվածություն ունեն, կան նաև արվեստի տաղանդներով օժտվածներ՝ երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ, ովքեր հանդիպման օրերին փորձեցին իրենց կարողություններով օգտակար լինել միասնական միջոցառման նախապատրաստությանը: Օրինակ, երիտասարդները հայերեն են թարգմանել ԵՀՕ 2016-ի պաշտոնական օրհներգը, որի հեղինակն է լեհ կոմպոզիտոր Jakub Blycharz-ը, և սովորում են երգել միասին, որպեսզի ԵՀՕ-ի օրերին կարողանան այլազգի տարեկիցներին ներկայացնել այն հայկական դիմագծով՝ որպես կաթողիկէ միասնականության մեկ մասը: Երիտասարդներից մեկը օրհներգի մեղեդին պատրաստելու է դաշնամուրային եղանակով, որպեսզի համայնքներում երիտասարդական հավաքներին կարողանան միշտ երգել այն և յուրացնել գալիք ամիսների ընթացքում: Օրհներգը կոչվում է «Երանի՛ ողորմածներին», ըստ ավետարանական երանիի բառերի:
Հանդիպման առաջին օրը երիտասարդներին իր հայրական այցելությամբ ուրախացրեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: Սրբազան Հայրը երիտասարդներին հրավիրեց խորհրդածելու սեփական համայնքային ինքնության մասին՝ փորձելով ավելի խորությամբ ըմբռնել այն և արտահայտել սեփական կյանքում՝ առաջին հերթին միասնականությամբ և միմյանց հանդեպ սիրո արտահայտություններով:
«Մենք պետք է միանանք Ընդհանրական Եկեղեցու քայլքին՝ որպես մեկ մասը Եկեղեցու: Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք ուժեղ հավատք, մշակույթ, միասնականություն, ինքնության գիտակցության: Դուք պետք է ինձ զորավիգ լինեք ձեր միասնականությամբ, միշտ պետք է հիշեք, որ մենք մի ժողովուրդ ենք, ով իր հավատքը իր արյունով է պահել,-ասաց Ռաֆայել Սրբազանը և շարունակեց խոսել հոգևոր կյանքի զարգացման կարևորության մասին:
–Պետք է իմանալ, թե ինչ է նշանակում Աստծո ներկայությունը մեր կյանքում: Այսօր չենք հասկանում: Երբ դժվարության մեջ ենք, երբ ոչ ոք նեցուկ չէ մեզ, բոլորը հալածում են մեզ, այն ժամանակ ենք փնտրում այն Անձը, Ով մեզ կմխիթրարի: Այսօր արժեքը չգիտենք Եկեղեցի գնալու, Աստծո, Սբ. Պատարագին ներկա գտնվելու, այս բոլորը պարապ բան է թվում: Բայց վաղը պետք է լացենք այն օրերի համար, երբ ոչինչ չենք արել: Հարկ է եկեղեցի մտնել՝ Աստծո հետ հանդիպման համար: Եթե այս կետը կարողանաք իրականացնել ձեր կյանքում, ամենամե՛ծ հաջողությունը կունենաք ձեր կյանքում: Երբ հոգևոր այս հարստությունը ունենաք, այն ժամանակ կարող եք ուրիշների հետ շատ ավելի բաց և համերաշխ լինել»:
Երիտասարդների հետ հոգևոր զրույցներ անցկացրեցին Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Գերպ. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը Սբ. Պատարագ մատուցեց երկու օրերին էլ:
Հ.Պետրոսը խոսեց ավետարանական 1-ին և 5-րդ երանիների մասին՝ «Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:3), «Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մտթ. 5:7), որը նաև ԵՀՕ 2016-ի բնաբանն է, օրհներգի հիմքը, կրկներգը: Վարդապետը խոսեց աստվածային ողորմության խորհրդի մասին, երիտասարդներին ներկայացվեց նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Misericordiae Vultus` Ողորմության դեմքը» կոնդակը՝ հրապարկված 2015թ. ապրիլի 11-ին՝ Ողորմության հոբելյանական տարի հռչակելու մասին: ԵՀՕ 2016-ը առանձնակի նշանակություն է ստանում այս հոբելյանական խորհրդի ֆոնին: Կազմակերպվեցին ակտիվ քննարկումներ կոնդակի տարբեր կետերի շուրջ:
Սրբազան Հայրը հայտարարեց, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ԵՀՕ-2016-ի մասնակիցների ընդհանուր թիվը կարող է լինել առավելագույնը 450 երիտասարդ: Այս պահի տվյալներով, Ռուսաստանից կմասնակցի 75 երիտասարդ, մյուսները կլինեն Հայաստանից և Վրաստանից:
Երկօրյա այս հանդիպումը գեղեցիկ առիթ եղավ նաև շփման, նոր ծանոթությունների, միմյանց ճանաչելու, միասին հոգևորի մասին խորհրդածելու, միասնական աղոթքի, հետաքրքիր ժամանցի համար: Զրույցները, խաղերը երկարեցին մինչև գրեթե լուսաբաց, տաք բուխարիի կողքին, ջերմ ու մտերիմ մթնոլորտում:
Նախապատրաստական հաջորդ հանդիպումները, հավանաբար, կլինեն գարնանը: