Սինոդը խորհրդարան չէ, այլ՝ մի վայր, ուր պետք է գործի Սուրբ Հոգին:
5 հոկտեմբերի, 2015թ.
2015թ. հոկտեմբերի 5-ին կայացավ Եպիսկոպոսների 14-րդ հերթական սինոդի առաջին նիստը: Սինոդը, հիշեցնենք, քննարկելու է քրիստոնեական ընտանիքի ժամանակակից դրությունը և մարտահրավերները՝ «Ընտանիքի կոչումն ու առաքելությունը Եկեղեցում և ժամանակակից աշխարհում» բնաբանով: Նիստերը կտևեն մինչև հոկտեմբերի 25-ը:
Նիստերին մասնակցում է 270 մասնակից՝ աշխարհի հինգ մայրցամաքներից՝ պատրիարքներ (6), կարդինալներ (74), եպիսկոպոսներ (174), վարդապետներ (2), վանականներ (13), ոլորտի աշխարհական մասնագետներ, ունկնդիրներ, քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ.նրանցից 54-ը՝ Աֆրիկայից են, 64-ը՝ Ամերիկայից, 36-ը՝ Ասիայից, 107-ը՝ Եվրոպայից, 9-ը՝ Օվկիանիայից:
Հայ Կաթողիկէ Եկեղեցին սինոդում ներկայացնում է անձամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը` ուղեկցությամբ Պոլսի կաթողիկէ հայոց առաջնորդ Արհ. Տ. Լևոն արքեպս. Զեքիյանի:
Սինոդական աշխատանքների համար հիմք է ծառայում դեռևս 2014թ. հոկտեմբերին Հռոմում գումարված Եպիսկոպոսների սինոդի 3-րդ արտահերթ գլխավոր վեհաժողովի ընթացքում ընդունված և հետագայում վերամշակված աշխատանքային փաստաթուղթը (Instrumentum laboris), որտեղ տեղ են գտել ընտանիքի մասին Եկեղեցու վարդապետությունը, դիտարկումներ ընտանիքի առջև ներկայում ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման մասին: Այս փաստաթուղթը հիմք է ծառայելու նոր որոշումների և նոր՝ ավելի հիմնավոր փաստաթղթի ընդունման համար, որը սակայն պարտադիր իրավական ուժ չի ունենա, մինչև Քահանայապետի կողմից պաշտոնապես չհռչակվի (ex cathedra):
Հոկտեմբերի 17-ին Պողոս 6-րդ սրահում տեղի է ունենալու Եպիսկոպոսաց սինոդի հաստատության 50-րդ տարեդարձի հանդիսությունը, իսկ հոկտեմբերի 18-ին Սուրբ Պետրոսի տաճարում նախատեսված է Լիզիոյի Սրբուհի Թերեզայի երանելի ծնողների սրբադասումը: Սրբուհի Թերեզայի և նրա ծնողների մասունքները տեղադրված են այն սրահում, որտեղ տեղի են ունենում սինոդական նիստերը: Ամեն օր, ժամը 17-ին սինոդական հայրերը Սանթա Մարիա Մաջջորէ տաճարում աղոթելու են Սբ. Վարդարան, ապա՝ մասնակցելու Սբ. Պատարագի՝ սինոդի դիտավորության համար:
Առաջին նիստի ընթացքում Սրբազան Պապը շեշտել է, որ այս սինոդը խորհրդարան չէ, ոչ էլ՝ սենատ, այլ՝ եկեղեցական միասնության արտահայտություն.Եկեղեցի, որը ճամփորդում է միասին՝ կարդալու իրականությունը հավատքի աչքերով և Աստծո սրտով, դա այն Եկեղեցին է, որ ինքն իրեն հարցադրումներ է անում՝ հավատքի գրավականի հանդեպ իր հավատարմության մասին…Սինոդը կենդանի մի աղբբյուր է, որտեղից Եկեղեցին պիտի խմի՝ հագեցնելու ծարավը և լուսավորելու…
Սինոդը մի վայր է, որտեղ գործում է Սուրբ Հոգին.նա խոսում է յուրաքանչյուրի լեզվով, ով իքնն իրեն դնում է Սուրբ Հոգու առաջնորդության ներքո: Սինոդի միակ աշխատանքային մեթոդը՝ բացվելն է Սուրբ Հոգու առջև առաքելական քաջությամբ, ավետարանական խոնարհությամբ և վստահությամբ, աղոթքով: