• «Միայնության դրաման և իսկական սերը».Պապի քարոզը՝ Եպիսկոպոսաց սինոդի բացման առիթով

    «Մենք պետք է սիրե՛նք մեր ժամանակը և սիրենք մեր ժամանակի մարդուն».Սբ. Հովհաննես Պողոս Բ:


    5 հոկտեմբերի, 2015թ.

    2015թ. հոկտեմբերի 4-ին Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Սրբազան Պապը մատուցեց Սբ. Պատարագ, որով հանդիսավորապես տեղի ունեցավ Եպիսկոպոսների 14-րդ հերթական սինոդի բացումը: Այս սինոդը, ինչպես գիտեք, քննարկելու է քրիստոնեական ընտանիքի ժամանակակից դրությունը և մարտահրավերները՝ «Ընտանիքի կոչումն ու առաքելությունը Եկեղեցում և ժամանակակից աշխարհում» բնաբանով: Սինոդի նիստերը կտևեն մինչև հոկտեմբերի 25-ը:

     

    Իր քարոզում Նորին Սրբությունը խոսեց երեք հիմնական կետերի շուրջ՝ միայնություն, սեր՝ տղամարդու և կնոջ միջև, ընտանիք:

     

    Միայնության դրաման մեր օրերում շատերի ճակատագիրն է՝ լքված ծերերի, այրիների, լքված կանանց կամ ամուսինների, գաղթականների, պատերազմների ու հալածաքնի զոհերի, սպառողական մշակույթի զոհ դարձած երիտասարդների: Մերօրյա գլոբալացող աշխարհում, որը լի է շքեղ առանձնատներով և երկնաքերներով, տներում և ընտանիքներում պակասում է ջերմությունը: զվարճանքի միջոցները բազմանում են, իսկ մարդկանց ներքին դատարկությունը խորանում է, շատ հաճույք կա, բայց՝ քիչ սեր, շատ ազատություններ, բայց՝ քիչ ազատություն: Միայնակ մարդկանց թիվն աճում է՝ եսասեր, բռնություն սիրող, հաճույքին ու փողին գերի մարդկանց թվին աճմանը զուգընթաց:

     

    Այդ միայնությունը նման է Ադամի միայնությանը՝ շատ հզոր, բայց և շատ խոցելի և միայնակ: Ընտանիքն այսպիսի միայնության օրինակ է.մարդիկ ավելի ու ավելի քիչ են լրջորեն մտածում իսկական սիրո հարաբերությունների մասին, որոնք տևական լինեն, հավատարիմ, գիտակից, պտղաբեր: Այսպիսի սերը համարում են անցյալի հնություն:

     

    Թվում է, թե ամենաառաջատար հասարակությունները նրանք են, որոնք ունեն ծնելիության ամենացածր մակարդակը, աբորտների, ապահարզանի, ինքնասպանության, սոցիալական ու բնապահպանական աղտոտվածության բարձրագույն տոկոսը:

     

    Աստված օգնական ստեղծեց Ադամի համար, որովհետև Աստված մարդուն չի ստեղծել՝ վշտի կամ միայնության համար, այլ տղամարդուն և կնոջը ստեղծեց երջանկության համար, որպեսզի միմյանց հետ կիսեն իրենց ճամփորդությունը, լրացնեն միմյանց, ապրեն սիրո հրաշալի փորձառությունը:

     

    Աստծո երազանքն այն է, որ տեսնի իր արարչագործության լրումը՝ տղամարդու և կնոջ սիրո մեջ: Հիսուս ուզում էր ամուսնության խորհուրդը վերադարձնել իր սկզբնական իմաստին, դրա համար էր հիշեցնում էր Ծննդոց գրքի խոսքերն առ այն, որ տղամարդը և կինը պետք է լինեն մեկ մարմին, և որ Աստծո միացրածը մարդն իրավունք չունի բաժանելու (Մրկ.,10:9): Սա ցույց է տալիս, որ ամուսնական կյանքի նպատակը միայն միասին ապրելը չէ, այլ՝ սիրելը միմյանց՝ կյանքի՛ համար: Սա՛ է ի սկզբանէ Աստծո հաստատած կարգը: Սա կոչ է անում հեռու մնալ անհատապաշտությունից, սահմանափակող ինքնակենտրոնացվածությունից և հասկանալ մարդկային սեռականության մասին Աստծո ծրագիրը:

     

    Միայն Հիուսի անշահախնդիր զատկական սիրո լույսի ներքո կարելի է հասկանալ ցկյանս ամուսնական սիրո անշահախնդրությունը:

     

    Աստծո համար ամուսնությունը ինչ-որ պատանեկան ուտոպիա չէ, այլ՝ մի երազ, առանց որի արարածները դատապարտված կլինեն միայնության: Այս ծրագիրը ընդունելուց վախենալը կաթվածահար է անում մարդկային սիրտը:

     

    Տարօրինակ կերպով այդ մարդիկ, ովքեր ծաղրում են Աստծո այդ ծրագիրը, շարունակում են հմայվել ճշմարիտ սիրով, կայուն, պտղաբեր սիրով, հավատարիմ սիրով: Տեսնում ենք մարդկանց, ովքեր վազում են անցողիկ սիրո և մարմնական հաճույքների հետևից՝ երազելով իսկական սեր և ամբողջական ինքնանվիրում:

     

    Այս բարդ սոցիալական իրականության մեջ, որտեղ հայտնվել է ընտանիքն այսօր, Եկեղեցին կոչված է կատարելու իր առաքելությունը՝ ճշմարտության մեջ, որը չի փոփոխվում ժողովրդականություն վայելող կարծիքներից, ճշմարտության, որը պաշտպանում է մարդ անհատին և մարդկությունը՝ ինքնակենտրոնացման փորձությունից և պտղաբեր սերը՝ անպտուղ եսասիրության վերածելուց:

     

    «Առանց ճշմարտության, սերը այլասերվում և դառնում է զգացմունքայնություն (sentimentality): Սերը դառնում է դատարկ պատյան, որը ենթական է լցվելու միջնորդավորված կերպով: Առանց ճշմարտության մշակույթի մեջ՝ դա սիրո համար մահացու վտանգ է» (Caritates in Veritate, Բենեդիկտոս 16-րդ):

     

    Եկեղեցին իր առաքելությունը կատարում է սիրով՝ չդատապարտելով ուրիշներին, այլ՝ հավատարիմ՝ իր բնույթին՝ որպես մայր, հոգ տանելով իր վիրավոր զույգերի մասին, լինելով «դաշտային հոսպիտալ»՝ բաց դռներով՝ բոլոր նրանց համար, ովքեր թակում են իր դռները և օգնության կարոտ են, միասին քայլելով բոլոր տառապյալների հետ և առաջնորդելով նրանց դեպի փրկության աղբյուրը:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Պապը հիշեցնում է Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի խոսքերը.

     

    «Սխալն ու չարիքը միշտ պետք է դատապարտվեն ու դիմագրավվեն, բայց ընկնող ու սխալվող մարդը միշտ պետք է հասկացված լինի և սիրված…Մենք պետք է սիրենք մեր ժամանակը և սիրենք մեր ժամանակի մարդուն» (30 դեկտեմբերի, 1978թ.):

     

    Եկեղեցին պետք է փնտրի ու գտնի նման մարդկանց, ընդունի ու ընկերակցի նրանց, որովհետև փակ դռներով Եկեղեցին ուրանում է իր իսկ առաքելությունը, և, կամուրջ լինելու փոխարեն, դառնում է արգելապատնեշ.

     

    «Որովհետև նա, ով սրբացնում է, և նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկից են, ահա՛, թե ինչու ամոթ չի համարում եղբայրներ անվանել նրանց» (Եբր., 2:11):

     

    Քահանայապետը խնդրեց Տիրոջ առաջնորդությունը և Աստվածածնի ու Սուրբ Հովսեփի բարեխոսությունը սինոդի այս օրերի ընթացքում:

     

    12076135_953302611375695_1043309517_oPA-24321727-800x500

     

    2015թ. հոկտեմբերի 4-ին Սբ. Պետրոսի տաճարում մատուցված Սբ. Պատարագի տեսաձայնագրությունը.

     

     

Օրացույց

Օրացույց