• Երիտասարդական հերթական հանդիպումն՝ ի պատրաստություն ԵՀՕ Կրակով 2016-ին:

    Հոկտեմբերի 3-ի հանդիպումը երրորդն է՝ 2015թ. ընթացքում:


    5 հոկտեմբերի, 2015թ.

    2015թ. հոկտեմբերի 3-ին Աղաջանյան ճամբարում կազմակերպվեց երիտասարդական հերթական հանդիպումը՝ ի նախապատրաստություն 2016թ. հուլիսին Կրակովում տեղի ունենալիք Երիտասարդության համաշխարհային օրվա (ԵՀՕ):

     

    Այդ կարևոր եկեղեցական միջոցառմանը, ինչպես տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում, մասնակցելու են նաև հայ երիտասարդները: Մասնակիցների հստակ թիվն առայժմ հայտնի չէ, առայժմ նախապատրաստական հանդիպումներին մասնակցել է մոտ 60 երիտասարդ, ովքեր, կազմակերպիչների խնդրանքով, իրենց հետ պետք է բերեն նոր երիտասարդներ՝ իրենց ժողովրդապետների հավանությամբ և օրհնությամբ: Իսկ Կրակով կմեկնեն այն երիտասարդներն, ովքեր կունենան հստակ պատկերացում ԵՀՕ-ի բնույթի, իմաստի և սեփական առաքելության մասին: Կազմակերպիչներն ու ժողովրդապետերը հաշվի են առնում երիտասարդների բարեպաշտությունը, ջերմեռանդությունը, ակտիվությունը համայնքի հոգևոր և հասարակական կյանքում, նվիրումը Եկեղեցուն:

     

    Հոկտեմբերի 3-ի հանդիպմանը մասնակցում էին մոտ 30 երիտասարդներ՝ Շիրակի մարզի, Տաշիրի տարածաշրջանի, Ջավախքի կաթողիկէ համայնքներից: Առավոտյան երիտասարդների հետ զրուցեց Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը, ով մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրեց ԵՀՕ բնույթի և այնտեղ մեկնող յուրաքանչյուր երիտասարդի առաքելության վրա: Առաջնայինը հոգևոր պտուղներն են, որոնք պետք է ջանալ քաղել այդ գեղեցիկ ուխտագնացության օրերին, միասին աղոթելիս, միասին տարբեր հոգևոր թեմաների շուրջ խորհրդածելիս, Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման ժամանակ և Ճանապարհ Խաչի արարողությանը մասնակցելիս: Տ. Գրիգորը խնդրեց միշտ ի մտի ունենալ, որ կարևորը օտար երկրում գտնվելն ու լեհական մշակույթով զմայլվելը չէ, այլ, ինչպես Սբ. Պողոսն է ասում, «ներքին մարդու» զարգացման վրա կենտրոնանալը, հոգևոր շինության ի խնդիր օգուտ քաղելու մասին մտածելը:

     

     Ճաշից հետո երիտասարդները ծանոթացան Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղերձին՝ Երիտասարդության 31-րդ համաշխարհային օրվա առիթով, որը թարգմանել էին հայերեն և օրինակները բաժանել միմյանց: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում մի քանի կետերի շուրջ, որոնք շոշափվում են այդ հույժ կարևոր ուղերձում:

     

     ԵՀՕ 2016-ը նաև օգտակար շփումների և կապերի հնարավորություն է, ավանդապաշտ լեհ Կաթողիկէ Եկեղեցին և լեհական ջերմեռանդությունը, մանավանդ, շատ բաներով կարող է օրինակելի լինել հայ երիտասարդի համար, նույնպես ևս հայ երիտասարդը կարող է իր լավագույն հոգևոր ու մշակութային արժեքները ներկայացնել լեհ երիտասարդին: Այդ միջոցառումը, սակայն, համաշխարհային մակարդակով է, ուստի այնտեղ կլինեն երիտասարդներ տարբեր կաթողիկէ երկրներից՝ իրենց ուրույն մշակութային ու հոգևոր դիմագծերով:

     

    Դեռևս 2015թ. հունվարին Լեհաստանի Լոմժա քաղաքում տեղի ունեցավ նախապատրասկան ժողով, որին մասնակցեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: ԵՀՕ կազմակերպման լեհ պատասխանատուները վստահեցրել էին, որ Լեհաստանում կարող են ընդունել մինչև 700 հայ ուխտավոր:

     

    Նախապատրաստական հաջորդ հանդիպումը Աղաջանյան ճամբարում նախատեսվում է կազմակերպել 2015թ. հոկտեմբերի 10-11-ը:

     

    DSC06604 DSC06612DSC06624DSC06598

     

     

Օրացույց

Օրացույց