Ինչպես տեղեկացնում է Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատվական համակարգը,
29 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 28-ին Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների և Մյուռոնօրհնեքի սրբազան արարողության առիթով Հայաստան ժամանած այլ քրիստոնեական Եկեղեցիների պետերի ու ներկայացուցիչների հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մեծ Եղեռնի հուշարձանի առջև Մյուռոնօրհնության մասնակիցների անունից ծաղկեպսակ է զետեղվել, ապա, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի, կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Արարողության սկզբում աղոթք է կատարել Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին` Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և համայն աշխարհում խաղաղության համար հայցելով հայոց նահատակների բարեխոսությունը:
«Դուք սրբերդ, նահատակներդ Հայոց Ցեղասպանության, այս առավոտ ցանկանում եմ խոսել ձեզ հետ, ցանկանում եմ ասել, որ դուք Աստծու բարեկամներն եք, դուք հավիտենական կյանքում եք, ձեր արյունը ձեր կյանքի Սուրբ Մյուռոնն էր: Եվ այժմ ցանկանում եմ խոսել ձեզ հետ` բարեխոսեցե՛ք մեզ համար, աղոթեցե՛ք Աստծուն Հայաստանի, Հայոց Եկեղեցու, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եպիսկոպոսների և Հայաստանի բոլոր հավատացյալների, բոլոր քրիստոնյաների համար…: Աղոթեցե՛ք այս երկրի համար: Բարեխոսեցե՛ք մեզ համար: Մենք աղոթում ենք նաև բոլորի, բայց հատկապես մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր այժմ տառապում են պատերազմից, բռնությունից, ահաբեկչություններից: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք, որ Աստծու ձեռքերում եք, բարեխոսեցե՛ք մեզ համար, խաղաղության շնորհի և Միջին Արևելքում` հատկապես Սիրիայում խաղաղության վերահաստատման համար…: Մենք վստահություն ունենք ձեր նկատմամբ…», – իր սրտաբուխ աղոթքում ասել է Կարդինալ Սանդրին:
Բարեխոսական աղոթքի ավարտին աղոթք է ասել նաև Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոդորոս Բ-ը:
Արարողությունից հետո, ուղեկցությամբ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, հյուրերը շրջել են թանգարան-ինստիտուտում: