• Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, Վսեմաշուք Կարդինալ Սանդրին, Պապական նվիրակ արքեպս. Սոլչինսկին Սբ. Էջմիածնում մասնակցել են էկումենիկ հանդիպման և աղոթքի

    Լուրն՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատվական համակարգի:


    27 սեպտեմբերի, 2015թ.

    2015թ. սեպտեմբերի 26-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Էկումենիկ հանդիպում, որին մասնակցում էին  Քրիստոնեական Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը Հայաստան է ժամանել՝ մասնալցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը, Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում պապական նվիրակ արքեպս. Մարեկ Սոլչինսկին:

     

    Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից էկումենիկ հանդիպմանը ներկա էին Հռոմի Կաթողիկէ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները:

     

    Հանդիպումն սկսվեց Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ի աղոթքով, ապա ներկաներին բարիգալստյան խոսք ասաց հանդիպման համակարգող, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի օրհնության կարևորությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական Եկեղեցիների կողմից հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությանը:

     

     

    Այնուհետև աշխարհի տարբեր կողմերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր հայրապետական ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը:

     

    «Սիրելի հոգևոր եղբայրներ ի Քրիստոս,
    Մեզ համար մեծ գոհունակություն է ողջունել Ձեզ ամենքիդ՝ Քույր Եկեղեցիների Հովվապետերիդ և ներկայացուցիչներիդ, մեր Եկեղեցու առաջնորդներիդ համայն հայության հոգևոր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրբալույս Մյուռոնի օրհնության համազգային մեծ տոնին Ձեր աղոթակցությունը զորակցությունն է մեր Սուրբ Եկեղեցուն և քրիստոսասեր մեր ժողովրդին, որ առ Բարձրյալն Աստված գոհաբանական իր աղոթքն է երկինք բարձրացնում սաղմոսերգուի խոսքերով. «Զի բարի կամ զի վայելուչ, զի բնակեն եղբարք ի միասին» (Սղմ. ՃԼԲ 1): Այս հոգեպարար առիթով ի Քրիստոս մեր եղբայրական ջերմ սերն ու բարեմաղթանքներն ենք հղում քրիստոնեական Եկեղեցիների մեծ ընտանիքի բոլոր Հովվապետերին` աղոթելով Քրիստոսի Սուրբ Եկեղեցու hավետ պայծառութեան համար:

     

     

    Սիրելիներ, Հայաստանյայց Սուրբ եկեղեցին, իբրև Քրիստոսի ընդհանրական ու խորհրդավոր մարմնի մի անդամ, վաղը ևս մեկ անգամ կատարելու է քրիստոնեական մեր հավատքի մեծագույն խորհուրդներից մեկը՝ օրհնելու է սրբալույս Մյուռոնը: Իբրև Հայաստանյայց Եկեղեցու միասնականության ու անբաժանելիության խորհրդանիշ` սրբալույս Մյուռոնն օրհնվելուց հետո տարածվելու է աշխարհի բոլոր կողմերում, ուր մասնավորապես Հայոց Ցեղասպանության հետևանքով տարագրության ճանապարհը բռնած մեր ժողովուրդը անդորր ափերի փնտրտուքով հանգրվան է գտել և հաճախ աղոթել ու իր հոգու սնունդը ստացել արդեն իր երկրորդ հայրենիքը դարձած երկրի քրիստոնյա իր եղբայրների ու քույրերի հետ` անսասան պահելով իր հավատքն ու իր քրիստոնեական ինքնությունը` իբրև Հայաստանյայց Եկեղեցու հավատարիմ զավակ: Հայոց Եկեղեցին այդ դառն ու դժնդակ տարիներին ապավինել է Քրիստոսի միասնական ու խորհրդական մարմնի անսպառ ուժին ու զորությանը:

     

    26-Ecumenical meeting 1

     

    Այս նվիրական օրերին էլ Մենք աղոթում ենք մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հետ, որպեսզի Սուրբ Հոգու շնորհներն անսպառաբար հեղվելով սրբալույս Մյուռոնի մեջ, զարդարեն ամենքիս քրիստոնեական հավատի ու առաքինությանց նվիրական շնորհներով: Աշխարհում մարդկային կյանքի, աստվածատուր պատվիրանների ու քրիստոնեական արժեքների պահպանման դժվարին ճանապարհին այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մի նոր Հոգեգալուստ, սրբազան առաքյալների օրինակով համախմբման մի նոր Վերնատուն: Մենք գոհունակություն և փառք ենք տալիս Աստծուն, որ ներկա դարաշրջանում քրիստոնյաները գիտակցում և խոր ըմբռնումով են ընկալում քրիստոնեական եղբայրության և փոխադարձ սիրո աստվածատուր պատվիրանը:

     

    Սրբալույս Մյուռոնի օրհնությունը ևս մի առիթ ու օրինակ է, որով թանձրացյալ կերպով արտահայտվում է Ձեր եղբայրական սերը հանդեպ հայ ժողովուրդն ու Հայ Եկեղեցին: Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությանց շարքի մեջ սրբալույս Մյուռոնի օրհնությունը կարևորագույն նշանակություն ունի. այն հիշեցնում է մեզ հոգևոր վերածնունդի անհրաժեշտության մասին: Վերածնունդ, որտեղ խառնվում և միավորվում են մեր հայրերից եկող սրբազան ավանդությունն ու նոր սերունդների քրիստոնեական հավատքի տեսլականը, Եկեղեցու պատմության փառավոր էջերն ու ապագայի քրիստոնեական առաքելության ճանապարհը` ի փառս Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:

     

    Հիրավի, չկա ավելի մեծ ու իրական, շոշափելի իրողություն, քան տարբեր եկեղեցական ավանդությանց կրողների միասնական աղոթքն ու համախմբումը Տիրոջ Սուրբ Սեղանի շուրջ: Մեր աղոթքն է առ Ամենաբարձրյալն Աստված, որ Տերը զորացնի Իր Սուրբ Եկեղեցին, պարգևի մեզ ճանաչելու սիրո և միության ճշմարիտ ոգին, ինչպես որ իր խաչելությունից առաջ Նա պատգամեց մեզ. «Որպէս սիրեաց զիս Հայր, և ես սիրեցի ձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ» (Հովհ. ԺԵ 10):

     

    Թող մեր Տիրոջ սերն ու շնորհը լինեն ամենքիս հետ, թող Սուրբ Հոգին Աստված Իր առատաբուխ շնորհներով օրհնի ամենքիս` կատարելու Նրա ամենասուրբ կամքը` ի փառս Սուրբ Երրորդության և ի շինություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու. ամեն», – ասաց Վեհափառ Հայրապետը:

     

    Հավարտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի, ողջույնի խոսքերով հանդես եկան Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց Հյուսիսային Սինայի եպիսկոպոս Նորին Սրբազնություն Կոզման, Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի անունից Կաթողիկէ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Ասորի Ուղղափառ եկեղեցուց Բեյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Կլեմես Դանիել Խուռին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի ներկայացուցիչ Տամբովի և Ռասկազովսկու միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Թեոդոսիոսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Տրանսիլվանիայի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Լավրենտիոս Ստրեզան, Հնդիկ Մալաբար Եկեղեցուց Մումբայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Գևարգհես Մար Կուրիլոսը, Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Ամենապատվություն Գրեգորիոս Գ Լահհամը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքի Նորին Ամենապատվություն Մորան Մոր Բեչարա Բուտրոս ալ Ռահի պաշտոնական ներկայացուցիչ Նորին Սրբազնություն Պաուլ արքեպիսկոպոս Սայան, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցուց Ֆինլանդիայի և Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատվելի Կարի Մակինենը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչ վերապատվելի Դանիել Բուդան:

     

    Էկումենիկ հանդիպումը եզրափակվեց Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի աղոթքով:

     

    26-Ecumenic service 3

    Նույն օրը երեկոյան, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ Էկումենիկ աղոթքի արարողություն, որին մասնակցում էին Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և կազմակերպությունների 39 հոգևոր պետեր ու ներկայացուցիչներ: Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը և Վսեմաշուք Կարդինալ Սանդրին այս աղոթքին ևս իրենց մասնակցությունը բերեցին:

     

    Նորին Սրբություն Գարեգին Բ-ը և Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ը «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո հոգևորականաց թափորով մուտք գործեցին Մայր Տաճար, որտեղ` Ավագ Ս. Խորանի առջև, Քրիստոսի Ս. Եկեղեցու պայծառության և անսասանության համար տեղի ունեցավ միասնական աղոթասացություն:

    26-Ecumenic service 1

     

    Մինչ Էկումենիկ աղոթքի սկիզբը, խոսք ասաց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից միջեկեղեցական հյուրերին ողջունելով համայն հայության հոգևոր կենտրոնում` Վիգեն Սրբազանն ի մասնավորի նշեց.

     

     

    «Մենք շրջապատված ենք մեծ թվով պատվարժան հոգևոր առաջնորդներով, ինչի արդյունքում մեզ միայնակ չենք զգում: Դուք այստեղ եք մեր ուրախ և տխուր օրերին: Ինչպես գիտեք, մենք հինգ ամիս առաջ ոգեկոչում էինք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայ ժողովրդի համար այդ տխուր օրերին դուք այստեղ` մեզ հետ էիք, կիսում էիք մեր ցավը, մեր տխրությունը, մեր պատմության և ժողովրդի դժվարին պահերը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ամենքիդ, որ վերստին եկել եք կիսելու մեր ուրախությունը և այս շատ կարևոր իրադարձության մասնակիցը դառնալու»:

     

    Տերունական աղոթքից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Կաթողիկոսի կողմից ընթերցվեց «Առ դրանն Սրբոյ Եկեղեցւոյ» աղոթքը: Ապա քարոզներ և աղոթքներ ասացին Հնդիկ Մալաբար Եկեղեցու ներկայացուցիչ Մումբայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Գևարգհես Մար Կուրիլոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ Կաթողիկէ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին:

     

    Հնդիկ Մալաբար Եկեղեցու ներկայացուցիչ Նորին Ամենապատվություն Միտրոպոլիտ Աբրահամ Մար Սերաֆիմի կողմից ընթերցվեց առաքելական թուղթը, որից հետո Ասորի Ուղղափառ եկեղեցու Բեյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Կլեմես Դանիել Խուռին ընթերցեց Մատթեոսի Ավետարանից  մի հատված:

     

    Աղոթքներ մատուցեցին նաև Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Ամենապատվություն Գրեգորիոս Գ Լահհամը, Ֆինլանդիայի և Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատվելի Կարի Մակինենը (Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցի) և Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ը:

     

    Էկումենիկ աղոթքի արարողությունն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ և «Պահպանիչ» աղոթքով:

Օրացույց

Օրացույց