Կաթողիկէ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև եղբայրական ջերմ հարաբերություններ են:
26 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթողիկէ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Վսեմաշուք Կարդինալ Սանդրին Հայաստան է ժամանել՝ նախագահելու Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը, ինչպես նաև՝ մասնակցելու Սբ. Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը:
Ողջունելով Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահին` Գարեգին Բ Կաթողիկոսը նշել է, որ վերջինիս այցը Էջմիածին վկայությունն է Հայ Առաքելական և Հռոմի Կաթողիկէ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Ֆրանցիկոս Սրբազան Պապի կողմից 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված Սբ. Պատարագի արարողությանը:
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ միջեկեղեցական գործակցության մեջ սերն ու զորակցության ոգին շարունակեն մշտապես ուղեկից լինել Քրիստոսի Եկեղեցուն: