Հաղորդում է Ռադիո Վատիկանը:
23 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 22-ին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց նորընտիր Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը այցելել է ՀՀ սփյուռքի նախարարութիւն:
Նախարար Հրանուշ Յակոբեանը շնորհաւորել է Հոգևոր Տիրոջը՝ Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարք ընտրուելու առթիվ և ուրախութիւն հայտնել, որ նա նոր կարգավիճակով այցելել է ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութիւն:
Նախարարը նորընտիր Կաթողիկոսին տեղեկացրել է, որ Սփիւռքի նախարարութիւնը սերտօրէն համագործակցում է Հայաստանի Հայ կաթողիկէ եկեղեցու հետ և դրուատանքով է խօսել Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանի նուիրեալ աշխատանքի մասին: Նա, մասնաւորապէս, առանձնացրել է սիրիահայութեանն աջակցելու համատեղ նախաձեռնութիւնները, ինչպէս նաև Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թուայնացման աշխատանքները, ինչի շնորհիւ մշակութային այդ թանկարժէք նմուշները փրկուեցին ոչնչացումից և հասանելի դարձան ապագայ սերունդներին: Նախարարը յոյս է յայտնել, որ թուայնացուած ձեռագրերի կրկնօրինակները երբևէ տեղ կգտնեն նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանում՝ այդ կերպ ևս հասու դառնալով ուսումնասիրողներին և այցելուներին:
Նախարարը երախտագիտութեամբ է խօսել նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդների ունեցած անգնահատելի դերի մասին՝ Հռոմի պապ Ֆրանչիսկոսի՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման առթիւ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում արտասանած ճառի մասին, որը շրջադարձային կարող է լինել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի համար:
Կաթողիկոս-Պատրիարքը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար և ասել, որ մեծապէս գնահատում է հայապահպանութեանն ի նպաստ իրականացուող Սփիւռքի նախարարութեան գործունութիւնը և պատրաստ է շարունակել գործակցութիւնը՝ անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար:
Զրոյցի աւարտին նախարար Հրանուշ Յակոբեանը Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքին նուիրել է հայ մանրանկարչութեան կրկնօրինակ՝ ի յիշատակ Սփիւռքի նախարարութիւն կատարած նրա այցելութեան:
Նոյն օրը Հոգևոր Տէրը հանդիպել է նաեւ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ:
Նախարարը շնորհավորել է Պատրիարքին՝ ընտրութեան կապակցութեամբ և ասել է.
«Ֆրանսիայում ՀՀ դեսպան եղածս ժամանակ Փարիզում երկար տարիներ Ձեզ հետ սերտօրէն գործակցելու բարեբախտութիւնն ունենալով՝ անձամբ ականատես եմ եղել ձեր արգասաբեր գործունեութեանն՝ իբրեւ Ֆրանսիայի հայ կաթողիկէների առաջնորդ»:
Մտերմիկ զրոյցի ընթացքում նրանք եւս խօսել են 2015թ. ապրիլի 12-ի Հռոմի մեջ մատուցուած Սբ. Պատարագի մասին՝ շեշտելով դրա կարեւորութիւնը՝ որպես հայ ժողովրդի հետ համերաշխութեան և զօրակցութեան դրսեւորում և աջակցութիւն՝ մարդկութեան դէմ նոր հանցագործութիւնների, ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ միջազգային հանրութեան ջանքերին:
Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը օրերս մասնակցելու է նաև հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի նիստին: