«Սրբոց նահատակաց» եկեղեցու օծումը պատմական ամենակարևոր իրադարձություններից մեկն է Հայաստանի հայ կաթողիկէ համայնքի կյանքում:
22 սեպտեմբերի, 2015թ.
«Սրբոց նահատակաց» եկեղեցու շինարարական, ներքին հարդարման աշխատանքները գրեթե ավարտված են: Բարեկարգվել է նաև բակի հատվածը, եկեղեցու դիմացը մասամբ փակող հին շինությունը քանդվել է, բակը սալապատվել է, հետնամասում՝ պատի վրա, տեղադրվել է նաև հավատքի համար նահատակվածների հիշատակը հավերժացնող մի գեղեցիկ խաչքար, որի տակ՝ աղբյուր:
Սեպտեմբերի 21-ին, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ հայ կաթողիկէ հոգևորականների, օծվել են եկեղեցու 5 պղնձաձույլ զանգերը, որոնք պատրաստել է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը: Զանգերն արդեն տեղադրված են:
Նույն օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը քահանաների ժողով է գումարել Երևանում 2015թ. սեպտեմբերի 24-ին եկեղեցու օծման արարողակարգի կազմակերպման և թեմին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ եկեղեցու օծումը կատարվելու է ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի:
Օծման արարողությանը կմասնակցեն Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին, հայ կաթողիկէ եպիսկոպոսներ և վարդապետներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոսներ և միաբաններ, ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանը և նրա տիկինը, լատին ծեսի կաթողիկէ այլ բարձրաստիճան հոգևորականներ, Անարատ Հղության առաքինազարդ քույրեր, Սալեզյան միաբանության, Գթության միսիոներ առաքինազարդ քույրեր, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում օտար երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, հայ կաթողիկէ համայնքների ղեկավարներ՝ իրենց համայնականների հետ միասին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հասարակական, մշակութային գործիչներ: Մասնակիցների անունները առավել մանրամասն կներկայացնենք արարողությունից հետո:
Եկեղեցու բակում արարողության համար կտեղադրվեն մեծ էկրաններ, որպեսզի բակում գտնվող հավատացյալները կարողանան հետևել եկեղեցում տեղի ունեցող օծման արարողությանը: Հայ կաթողիկէ երիտասարդ կամավորականները ամբողջ ընթացքում կաշխատեն եկեղեցու տարածքում, հրավիրյալներին կուղեկցեն եկեղեցում և բակում յուրաքանչյուրի համար հատկացված տեղերը:
Գյումրիի քաղաքապետարանը ասֆալտապատել է Աթարբեկյան փողոցի հայ կաթողիկէ առաջնորդարանի հատվածը և Մայակովսկի փողոցի մի մասը:
Օծման կարգը կմեկնարկի ժամը 2015թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: Արարողությունից հետո հրավիրյալների մի խումբ՝ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի, ՀՀ նախագահի գլխավորությամբ, կմասնակցի Հայկական Կարիտասի Էմիլի Արեգակ կենտրոնի նորակառույց շենքի բացմանը և հյուրասիրությանը: