Սուրբ Աթոռն ավելի արդյունավետ է դարձնում աշխարհականների հետ եկեղեցականների աշխատանքը, ավելի մեծ ուշադրություն է դարձնում ընտանիքի ժամանակակից խնդիրներին:
17 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 16-ին Վատիկանում ավարտվեց 9 Կարդինալների խորհրդի 11-րդ նիստը: Հիշեցնեմ, որ այս մարմինը ձևավորվել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի նախաձեռնությամբ՝ բարեփոխումների ծրագրեր մշակելու և խորհրդատվությամբ Քահանայապետին օգնելու նպատակով: Սրբազան Պապի սկսած բարեփոխումները հիմնականում առնչվում են Եկեղեցու վարչական կառավարման համակարգին, կարդինալների ծերակույտի աշխատանքին, Եկեղեցու ֆինանսատնտեսական գործունեությանը, ընտանիքի ներկայիս հիմնախնդիրներին և այլն:
Սուրբ Աթոռի մամլո քարտուղար Հ. Ֆեդերիկո Լամբերտին լրագրողներին հայտնել է, որ այս նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է Սուրբ Աթոռում երկու նոր մշտական հանձնախմբերի (congregatio) ստեղծման հնարավորությունը, որոնցից մեկը կարող է կոչվել «Աշխարհականներ, ընտանիք և կյանք», իսկ մյուսը՝ «Սեր, արդարություն և խաղաղություն»:
Քննարկվել է 2015թ. հունիսին ստեղծված Հաղորդակցության քարտուղարության կանոնները և գործունեության ծրագիրը: Այս քարտուղարության ստեղծման նպատակը Սուրբ Աթոռի լրատվամիջոցների աշխատանքի բարեփոխումն է, եկեղեցական անցուդարձը մարդկանց համար ավելիր հասանելի դարձնելը:
Խորհորդը քննարկել է նաև 2014թ. մարտի 22-ին ստեղծված «Անչափահասների պաշտպանության պապական հանձնաժողովի» աշխատանքին վերաբերող առաջարկներ, որոնք վերաբերում են քննվող գործերին լուծում տալու գործընթացի արագացմանը:
Կարդինալների խորհրդի հաջորդ նիստը կգումարվի 2015թ. դեկտեմբերի 10-12-ը: